Ապրիլից առողջապահության պետական պատվերն ամբողջությամբ կիրականացվի էլեկտրոնային համակարգի միջոցով
էլեկտրոնային առողջապահության համակարգում ներկայումս ընդգրկված են 480-ից ավելի բժշկական բոլոր այն հաստատությունները, որոնք պետական պատվերով բժշկական օգնություն և սպասարկում են իրականացնում։ Դրանք հանրապետության ընդհանուր բուժհաստատությունների 95%-ից ավելին են։
Ինչպես տեղեկացնում է նախարարությունը, համակարգում ընդգրկված բուժհաստատությունների մի զգալի մասն արդեն իսկ կանոնավոր կերպով առցանց համակարգ է ներմուծում պետական պատվերի շրջանակում բուժվող հիվանդների անցած բոլոր հետազոտությունները, իրականացված միջամտությունները, ախտորոշումները։
Յուրաքանչյուր քաղաքացի այսօր մուտք գործելով էլեկտրոնային առողջապահության համակարգ (www.armed.am)`ինտերակտիվ քարտեզի միջոցով կարող է տեսնել համակարգում ընդգրկված բուժհաստատությունները, դրանց տեղակայումը, իրականացվող ծառայությունները, բժշկական անձնակազմը։
Հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ընթացիկ տարվա ապրիլից պետական պատվերն ամբողջությամբ կիրականացվի էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով, ինչը մի քանի անգամ կբարձրացնի վերահսկելիությունը և թափանցիկությունը։
Ըստ ժամանակացույցի` տարվա երկրորդ կեսին էլեկտոնային առողջապահության համակարգում կընդգրկվեն հանրապետության մյուս բոլոր բժշկական հաստատությունները։ Արդյունքում` երկրի առողջապահական բոլոր կազմակերպությունները, այդ թվում` դեղատները կընդգրկվեն միասնական այս համակարգում։
Առաջին եռամսյակում նախատեսվում է ավարտել կցագրումների գործընթացը` համակարգում ապահովելով տեղեկատվություն քաղաքացիներին սպասարկող պոլիկլինիկաների վերաբերյալ։
Միաժամանակ, անկախ վճարման տեսակից` պետության կողմից փոխհատուցվող, քաղաքացու կամ ապահովագրական կազմակերպության կողմից վճարվող բոլոր ծառայությունները պետք է մուտքագրվեն համակարգ։ Սա հնարավորություն կտա, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր բժշկական ամբողջական պատմությունը` երբ և որ բժշկական հաստատություն է դիմել, ինչ հետազոտություն է անցել և ինչ բուժում ստացել` դրանց արդյունքներով։ Էլեկտրոնային բժշկական պատմագիրը յուրաքանչյուր քաղաքացու համար հասանելի կլինի ցանկացած պահի և ցանկացած վայրում` նույնականացման քարտի միջոցով մուտք գործելով www.armed.am կայք։ Նախարարությունը նշում է, որ այդ տվյալների պաշտպանվածությունն ու գաղտնիությունը լիովին ապահովվում է:
Էլեկտրոնային առողջապահության համակարգն առցանց ինտեգրվել է ոստիկանության բնակչության ռեգիստրին, ինչը կբացառի նույն անձի կրկնությունները, հետևաբար` կրկնակի ֆինանսավորման հնարավոր դեպքերը:
Նախարարությունը վստահ է, որ էլեկտրոնային առողջապահության համակարգը զգալիորեն կմեծացնի պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև հիվանդանոցներին տրամադրված ֆինանսական միջոցների ծախսման թափանցիկությունը` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել