Գործարկվել է «Ֆինանսական ֆուտբոլ» խաղի հայկական տարբերակը
«Վիզա» միջազգային կազմակերպությունը Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ այսօր գործարկեց «Ֆինանսական ֆուտբոլ» խաղի հայկական տարբերակը: «Ֆինանսական ֆուտբոլ» խաղը ինտերակտիվ առցանց խաղ է, որը կօգնի աշակերտներին, ուսանողներին և ավելի բարձր տարիքի անձանց զարգացնել իրենց ֆինանսական գիտելիքները և ձեռք բերել նոր հմտություններ՝ վայելելով խաղը և պատասխանելով ֆինանսական ոլորտին վերաբերող հետաքրքրաշարժ հարցերին:
FIFA World Cup ™ -ը բրենդավորված տեսախաղ է: «Ֆինանսական ֆուտբոլը» Վիզա միջազգային կազմակերպության գլոբալ նախաձեռնության մի մասն է, որի նպատակն է տալ հիմնարար գիտելիքներ բյուջեի կառավարման վերաբերյալ: Խաղը ունի երկու տարբերակ` անհատական խաղացողի և երկկողմանի օնլայն խաղի համար: Ֆինանսական ֆուտբոլ խաղն ունի բարդության երեք մակարդակ 11-14, 15- 18, 18-ից բարձր տարիքային խմբերի համար:
«Ֆինանսական ֆուտբոլ» խաղի յուրաքանչյուր հաջորդ քայլի համար մասնակիցները պետք է ճիշտ պատասխանեն անձնական ֆինանսներին վերաբերող բազմակի ընտրությունների հնարավորությամբ հարցերին: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանը մեծացնում է գոլ խփելու նրանց հնարավորությունը: Սկավառակում ներառված են նաև բացատրական նյութեր՝ խաղը դպրոցում ուսուցիչների կողմից անցկացնելու համար: Խաղի յուրաքանչյուր մոդուլ պարունակում է թեստեր և վարժություններ, որոնք ստուգում են խաղացողների գիտելիքները:
«Կենտրոնական բանկը ընդգծում է ֆինանսական կրթման կարևորությունը: Մեզ համար կարևոր է նաև գտնել նորարարական, ստեղծագործ, գրավիչ ուղիներ և գործիքներ՝ ֆինանսական կրթման մակարդակը հատկապես երիտասարդների շրջանակում բարձրացնելու համար: «Ֆինանսական ֆուտբոլը» ֆինանսական կրթման արդյունավետ գործիք է, քանի որ այն միավորում է կրթությունը և հաճելի ժամանցը՝ դարձնելով սովորելու գործընթացն ավելի գրավիչ և արդյունավետ: ՀՀ ԿԲ-ն, համագործակցելով բոլոր շահառուների հետ, իրականացնում է բազմազան արդյունավետ ծրագրեր՝ տարբեր թիրախային խմբերի համար: Այդ նպատակով ՀՀ ԿԲ նախաձեռնությամբ ստեղծվել է Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման՝ ավելի քան 20 պետական և ոչ պետական կառույցներից բաղկացած հանձնաժողովը: Կենտրոնական բանկի և ՀՀ Կառավարության կողմից հաստատված Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունն այս առումով մեր հիմնական ուղեցույցն է: Եվ մենք շատ ուրախ ենք համագործակցել Վիզա միջազգային կազմակերպության հետ և լինել նրանց գործընկերն այս ծրագրի շրջանակներում»,- ասաց Արմենուհի Մկրտչյանը՝ Սպառողների Շահերի Պաշտպանության և Ֆինանսական Կրթման Կենտրոնի ղեկավարը:
«Ժամանակակից աշխարհն առաջարկում է ֆինանսական բազմաթիվ ծառայություններ և ապրանքներ, և մեզ համար կարևոր է մարդկանց տալ համապատասխան գիտելիք և հմտություն՝ բյուջեյի կառավարման, խնայողությունների և ներդրումների վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու համար: Ֆինանսական կրթման ծրագրերը կօգնեն հասարակությանը կատարել տեղեկացված որոշումներ: Մենք ուրախ ենք աջակցել Կենտրոնական բանկի կողմից իրականացվող ֆինանսական կրթմանն ուղղված ծրագրերին և հուսով ենք, որ «Ֆինանսական ֆուտբոլը» կլինի արժեքավոր գործիք՝ պետական և ոչ պետական դպրոցների և կազմակերպությունների հետ ֆինանսական գրագիրտության ոլորտում երիտասարդների հետ աշխատելու համար»,- ասաց Դմիտրո Կրեպակը,՝Վիզայի ներկայացուցիչը Հայաստանում, Վրատանում և Ուկրաինայում:
Արդեն ավելի քան 41 երկրներ (ներառյալ՝ Ուկրաինան և Բելառուսը, ԱՊՀ և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանը), համագործակցելով Վիզա միջազգային կազմակերպության հետ, թարգմանել և ադապտացրել են խաղը՝ ֆինանսական գիտելիքները և հմտությունները զարգացնելու նպատակով: Ֆինանսական ֆուտբոլի հայկական տարբերակը կարող եք գտնել www.abcfinance.am կամ http://www.financialfootball.am կայքերում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել