HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրողը պահանջում է «ԱրմենՏել»-ի անվտանգության նախկին տնօրենեին դատապարտել 5 տարվա ազատազրկման

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի անվտանգության նախկին տնօրեն Աշոտ Պողոսյանն այսօր դատարանում իր վերջին խոսքն ասաց. դատարանից խնդրեց դատավճիռ կայացնելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ իր խնամակալության տակ են տարեց ծնողները և մանկահասակ երեխաները: Մեղադրողը դատարանից պահանջել է 5 տարվա ազատազրկման դատապարտել Աշոտ Պողոսյանին և զրկել երկու տարի ղեկավար-կարգադրիչ պաշտոն զբաղեցնելուց: 

Հիշեցնենք՝ Աշոտ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով, այն է՝ ապօրինի ձեռնարկատիրությունը, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը և համակարգչային սաբոտաժը: 

Այլ կերպ ասած՝ Աշոտ Պողոսյանին մեղադրում են այն բանի համար, որ վերջինս հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների նպատակով կապուղիների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների համար տարածք է տրամադրել և այն հսկողության տակ պահել՝ օգտագործելով կարգադրիչ լիազորությունները: Ըստ մեղադրանքի՝ «Արմենտել» ՓԲԸ-ի շահերին հակառակ ստեղծվել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «Արմենտել» ՓԲԸ բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ, ՀՀ տարածքում օգտագործելով նաև «Արմենտել»-ի ենթակաոուցվածքը, սակայն շրջանցել է դրա հաշվարկային համակարգը։ Դրանով իսկ վնաս է հասցվել թե ընկերությանը, թե պետությանը:

Գործի քննության ընթացքում երկու հոդվածներով վաղեմության ժամկետներն անցան, և Աշոտ Պողոսյանի փաստաբան Մանվել Գրիգորյանը միջնորդեց այդ հոդվածներով քրեական գործի վարույթը կաճել: 

Փաստաբանն իր վերջնական ճառում միջնորդեց անմեղ ճանաչել Աշոտ Պողոսյանին ապօրինի ձեռնարկատիրության համար առաջադրված մեղադրանքում՝ կատարած արարքում հանցակազմ չլինելու հիմքով: Իսկ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու մեղադրանքում մեղավոր ճանաչելու և դատապարտելու դեպքում պատիժը նշանակել նվազագույն պատժաչափով՝ պատժի սկիզբ հաշվելով 2014թ. հունվարի 23-ից և նրան ազատ արձակել դատարանի դահլիճում: 

Պաշտպան Մանվել Գրիգորյանը պնդում է, որ ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքն այս գործով չի հիմնավորվել: Քրեական գործով չի մատնանշվել որևէ փաստական հանգամանք, որը հիմնավորեր իր պաշտպանյալի դիտավորությունը՝ ուղղված շահույթ ստանալուն: Փաստաբանը մեջբերեց Աշոտ Պողոսյանի ցուցմունքից հատված, որտեղ քննիչի հարցին, թե ինչն է եղել շարժառիթը և ինչ մասնաբաժին է հատկացվել շահույթից, Աշոտ Պողոսյանը պատասխանել է. «Միակ շարժառիթը եղել է այն, որ չզրկվեմ աշխատանքից, իսկ գործից ինձ որևէ մասնաբաժին չի հատկացվել և դրա մասին խոսք չի եղել»: 

Փաստաբանի պնդմամբ, քրեական գործով որևէ տվյալ ձեռք չի բերվել, թե այդ կապուղու ստեղծմամբ շահույթ է ստացվել, իսկ այս դեպքում ապօրինի ձեռնարկատիրության փաստն ապացուցված չէ: «Ապօրինի տերմինացիայի ստեղծումը շահույթ ստանալու նպատակով հիմնավորված չէ: Նրանց արարքում ապօրինի ձեռնարկատիրությունը բացակայում է, իսկ պատճառված վնասի առումով նախաքննական մարմինը փորձել է կոնկրետ չափը որոշել, այդպես էլ չի կարողացել, և միակ հիմքը եղել է կազմակերպության կողմից տրամադրված նախնական հաշվարկները, որոնք որևէ բանով չեն հիմնավորվում:  Պատճառված նյութական վնասը ևս առարկայական չէ: Եվ քրեական գործով որևէ փաստական հիմնավորում չկա»,- դատարանում նշեց Մանվել Գրիգորյանը: 

Աշոտ Պողոսյանի գործով այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Հայկ Հակոբյանը պատասխանում էր պաշտպանի ճառին:   

Ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ դատախազը մեջբերեց օրենքով սահմանված դրույթները, դրա լիցենզավորված գործունեություն ծավալելու սահմանումները և նշեց, որ լիցենզիայից դուրս գործունեությունը ապօրինի է, քանզի հեռահաղորդակցության տրաֆիկը վճարովի է: Միջազգային զանգի տերմինացիա իրականացնելու իրավունք ունեն հանրային էլեկտրոնային հաղորդակցական ցանցերի սեփականատերերը, իսկ լիցենզիա չունեցողների մատուցված ծառայությունները դադարեցվում են: Իսկ այս խմբի գործողությունների արդյունքում ծառայություն է մատուցել առանց լիցենզիայի՝ վնաս պատճառելով օրինական, լիցենզավորված ծառայություն մատուցողին:

Հայկ Հակոբյանը նշեց, որ Մոսկվայում Ալ.Զուբովի հետ կայացած հանդիպմանը Աշոտ Պողոսյանը համաձայնել է նրա առաջարկության` ստեղծել այդ կապուղին, որը շրջանցել է ընկերության հաշվարկային համակարգը՝ վնաս պատճառելով «ԱրմենՏել»-ին: 

Իսկ փաստաբան Գրիգորյանը միջնորդել է Աշոտ Պողոսյանից «ԱրմենՏել» ՓԲԸ-ի օգտին 1,8 մլրդ դրամի չափով գումար բռնագանձելու վերաբերյալ «ԱրմենՏել»-ի քաղաքացիական հայցը թողնել առանց քննության: Սակայն «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչ Հակոբ Գրիգորյանը նշեց, որ իրենց հայցն առանց քննության թողնելու հիմքեր չկան, քանզի ընկերությունը մեղադրանքի ծավալից բացի այլ պահանջ չի ներկայացվել: 

Նշենք, որ այս գործով քաղաքացիական հայց «ԱրմենՏել» ՓԲԸ-ն ներկայացրել է միայն Աշոտ Պողոսյանի դեմ, իսկ Վլադիմիր Սաչկովի գործով դեռևս գումարի վերաբերյալ քաղհայց չի ներկայացվել: 

Փետրվարի 6-ին դատավոր Գագիկ Պողոսյանը կհրապարակի դատավճիռը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter