HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական բյուջեի պակասուրդը 2016-ին 190 մլրդի փոխարեն կազմել է 272 մլրդ դրամ

Վիլեն Խաչատրյան 

Հայաստանի պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը, պակասուրդի ավելացումը, ինչպես նաև եկամուտների նվազման հիմնահարցերը շատ մեծ կարևորություն ունեն: Դրանց վերաբերյալ մեր կանխատեսումները ցույց են տալիս, որ պետական բյուջեի պակասուրդի ավելացման միտումները շարունակվելու են:

ՀՀ պետական բյուջեի ցուցանիշներ (մլն դրամ, ընթացիկ գներով)
Create bar charts

Եվ ինչպես տեղեկանում ենք 2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսների փաստացի վիճակագրական տվյալներից, ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 154 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրիլիոն 427 մլրդ, որի արդյունքում պակասուրդը հասել է 272 մլրդ դրամի: Այս ցուցանիշը գրեթե 82 մլրդ դրամով ավելի է, քան պլանավորվել էր 2016թ. «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով, ըստ որի՝ պակասուրդը պետք է կազմեր մոտ 190 մլրդ դրամ: Դա կարելի է բնորոշել որպես «բյուջետային ճգնաժամ», քանի որ պակասուրդի նման աննախադեպ՝ 43%-ից ավելի աճը փաստում է հարկային եկամուտների հավաքագրման դժվարությունների, ինչպես նաև սեկվեստորի չգնալու մասին: Իհարկե, շատ դեպքերում տնտեսավարողներն ինչ-ինչ պատճառներով իրենց դժվարությունների մասին հրապարակային չեն խոսում, սակայն միայն բյուջեի այս ցուցանիշները դիտարկելով՝ վստահաբար կարելի է ասել, թե ինչ գնով են կատարվել պետական բյուջեի եկամուտների հավաքագրումները:

Համեմատության համար նշենք, որ նման աննախադեպ աճը նաև դժվարություններ է ստեղծելու 2017-ի համար, որի ականատեսն ենք լինում: Սակայն հարցն այն է, որ նման քաղաքականությունն ամենածանրն է նստում հասարակ տնտեսավարողի կամ հարկատուի վրա, ով ստիպված է իր բարեկեցության հաշվին բյուջեի կատարմանը նպաստել, մի բյուջե, որտեղ ծախսերն աճում են ավելի արագ, քան եկամուտները: Չնայած, անցյալից դասեր քաղելով, 2017թ. պետական բյուջեի հիմքում դրվել է 150 մլրդ դրամանոց պակասուրդի ցուցանիշ:

Հետաքրքիր է նաև այն, 2016թ. ավելացել են հիմնականում ներքին ֆինանսավորման աղբյուրները, որը փաստում է, հատկապես, բանկային համակարգի կողմից բյուջեի ֆինանսավորման մեջ հսկայական մասնակցության մասին: Այսպես` բանկային հատվածը պակասուրդի ֆինանսավորման համար հատկացրել է մոտ 121 մլրդ դրամ, ոչ բանկային հատվածը՝ մոտ 31 մլրդ դրամ, իր գումարները ետ է վերցրել բյուջեից, այսինքն` կարելի է ենթադրել, որ անհատները, տարբեր իրավաբանական անձինք ստիպված վաճառել են իրենց պարտատոմսերը գումար ունենալու համար, և եթե 2015թ. մոտ 16 մլրդ դրամ բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը մասնակցել էին, ապա 2016 թվականը վերջիններիս համար եղել է մինուս նշանով: Արդյունքում` ներքին աղբյուրներից բյուջեի ֆինանսավորումը կազմել է 89 մլրդ դրամ: Մյուս կողմից՝ 2016թ. 183 մլրդ դրամ են կազմել բյուջեի արտաքին ֆինանսավորման աղբյուրները, այսինքն` կրկին կանգնած ենք այն «կոտրած տաշտակի» առաջ, որի անունն է` արտաքին պարտքի ավելացում:

Սա ստիպել է, որ ՀՀ արտաքին պետական պարտքը 2016թ. վերջին հասնի 5 մլրդ 935 մլն ԱՄՆ դոլարի` նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով մոտ 860 մլն ԱՄՆ դոլարով, իսկ այս պարագայում մենք դեռևս խոսում ենք 2016թ. ընթացքում 100.5% տնտեսական աճ կամ տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենալու մասին, այնինչ Հայաստանը տնտեսական աճի 14-ապատիկի չափով իր պարտքերն ավելացրել է: Այս պարագայում մնում է միայն փաստել, որ երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթում գրված ցուցանիշների առումով 2016թ. գրանցվել են լուրջ թերացումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter