Հինգերորդ դարի կրակարանի հայտնաբերումն ապացուցեց, որ պարսիկներն, իրոք, մեզ ստիպեցին ինչ-որ ժամանակ նորից վերադառնալ կրակի պաշտամունքին
Արթուր Հովհաննիսյան
Օրերս «Հետքը» անդրադարձել է Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի շրջանակում դեռ 2010 թվականից իրագործվող հնագիտական բաղադրիչի հետ կապված աշխատանքներին: Մեր զրուցակիցը՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի հնագիտական բաղադրիչը ստեղծող մասնագետ Բորիս Գասպարյանը, հայտնել էր, որ Աշտարակ- Թալին հատվածում հնագիտական ծրագրի հիմնական՝ պեղման աշխատանքները, արդեն կարելի է ավարտված համարել, և հիմա ուղղակի ծրագծային փոփոխություններ և այլ աշխատանքներ կատարելու խնդիր կա:
Իսկ որոշակի ի՞նչ է արվել Աշտարակ- Թալին հատվածի հնագիտական ծրագրի շրջանակում: Հնագետի տեղեկացմամբ, պեղվել է ավելի քան 20 հուշարձան:
«Այդ աշխատանքները կատարվել են և՛ մեր ինստիտուտի, և՛ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից,- ասաց Բորիս Գասպարյանը:- 20-21 հուշարձան փրկվել են ճանապարհաշինական ազդեցությունից, որոշ հուշարձանների դեպքում կատարվել է անգամ ծրագծային փոփոխություն՝ կառուցվելիք ճանապարհը շրջանցել է հուշարձանները, որպեսզի դրանք փրկենք: Հուշարձաններից մեկը պեղելիս, դրա տակ հայտնաբերվեց նոր և գիտական կարևոր նշանակություն ունեցող հուշարձան: Հաշվի առենելով այդ հնագիտական հուշարձանի բացառիկ նշանակությունը, այն պեղվեց հավելյալ, մեր աշխատանքային պլանից դուրս: Երկարեցին պեղման աշխատանքները, այդ հուշարձանը նույնպես պեղվեց, փրկվեց կորստից և կարևոր գիտական տեղեկատվություն տվեց մեզ»:
Բորիս Գասպարյանը պատմեց, որ այդ հուշարձանը հայտնաբերել են Սասնաշեն գյուղի վարչական տարածքում: Խոսքը պղնձի և քարի դարի, նեոլիթյան հուշարձանի մասին է, որը գտնվում էր մոտ 1,5 մետր խորության վրա:
Մեր հնագույն նախնիներն ապրել են նաև բարձրում
«Հուշարձանի բացառիկությունը ծովի մակերևույթից մոտ 1700 մետր բարձրության վրա գտնվելն էր, Հայաստանի Հանրապետությունում մինչ այդ նման բարձրության վրա այդ մշակույթի որևէ դրսևորում չէինք հայտնաբերել,- ասաց Բորիս Գասպարյանը:- Մեր ունեցած տվյալներով, մենք այստեղ այդ ժամանակաշրջանի մարդկանց համարում էինք երկրագործներ, որոնք ապրում էին ավելի շատ Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, զբաղվում հացազգիների և այլնի մշակությամբ, սակայն մոտ 1700 մետր բարձրությունն այսօրվա պայմաններում խստաշունչ ձմեռ ունի: Այդ տարածքը նրանց հավանաբար գրավել է անասնապահական նպատակներով, իսկ բնակատեղին ունեցել է ժամանակավոր, սեզոնային բնույթ: Հայտնաբերվել են հիմնականում խեցանոթների բեկորներ, որոնք ցույց են տալիս, թե մարդն այն ժամանակ ինչպես է պատրաստել խեցեղեն: Հայտնաբերվել են նաև վանակաթից պատրաստված մանգաղների ներդիրներ, դանակներ, զանազան քերիչներ, քերթիչներ, որոնք նրանց տնտեսավարման, տնտեսության անքակտելի մասն են կազմել և օգտագործվել ամենօրյա կենցաղն ապահովելու համար»:
Հազարավոր իրեր են հայտնաբերվել՝ անտիկ շրջանի արծաթե դրամներ, ժայռափոր գինու հնձաններ
Մեզ, անշուշտ, հետաքրքրեց, թե Աշտարակ-Թալին հատվածում էլ ի՞նչ արժեքավոր բացահայտումներ են կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի հնագիտական բաղադրիչի շրջանակում: Հայտնի է, որ «Ագարակ» պատմամշակութային արգելոցում նախկինում երկար տարիներ պեղումներ են կատարվել:
«Ծրագրի հնագիտական բաղադրիչի շրջանակում պեղեցինք արդեն «Ագարակ» պատմամշակութային արգելոցի հյուսիսային հատվածը,- ասաց հնագետը:- Այստեղ երկու շատ կարևոր բացահայտում կատարվեց: Դրանցից մեկն առնվազն 2-րդ հազարամյակի կեսերին պատկանող, 8-9 մետր լայնության, հիմնականում տուֆե, նաև բազալտե պարսպապատի հայտնաբերումն էր: Այդ ժամանակաշրջանի համար նշածս հաստության պարիսպները մեր տարածաշրջանում մատերի վրա կարելի է հաշվել: Պարսպի ամբողջ երկարությունը դեռ հայտնի չէ, ինչ-որ մի հատվածում պարիսպն ուղղակի ավերված է խորհրդային տարիներին ճանապարհի կառուցման հետևանքով, ճանապարհի մյուս կողմում պարիսպը շարունակվում է, այն դեռ սոսկ մասամբ է պեղված: Այդ պարիսպը կառուցվել է, կարծում եմ, կամ պաշտպանական նպատակով, կամ ինչ-որ մի կարևոր տարածք կամ կարևոր նշանակություն ունեցող շինություն, օրինակ, տաճար առանձնացնելու համար»:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ, պարսպից բացի, հայտնաբերվել են նաև նյութական մշակույթի այլ դրսևորումներ: Հուշարձանը բազմաշերտ է, այնտեղ հայտնաբերվել են մշակութային մնացորդներ՝ սկսած Քրիստոսից առաջ 29-27-րդ դարերից, Կուր-արաքսյան վաղ բրոնզե դարի շրջանից, մինչև պարսկական շրջանի, խանական շրջանի գտածոները: 2014-2015 թվականներին հազարավոր իրեր են հայտնաբերվել՝ անտիկ շրջանի արծաթե դրամներ, ժայռափոր գինու հնձաններ և այլն: Նյութերը նախապատրաստվում են միջազգային գիտական ամսագրում հրատարակելու համար:
«Մյուս կարևոր բացահայտումը, որ կատարվեց «Ագարակում», վաղ միջնադարյան, հավանաբար 5-րդ դարի կառույցի՝ կրակարանի մնացորդներն էին,- պատմեց Բորիս Գասպարյանը:- Նախ, Հայաստանում լավ պահպանված և պեղված այդպիսի շինություններ չկան, և երկրորդ՝ այս բացահայտումն ապացուցեց մեր պատմիչի այն հաղորդման ճշտությունը, որ պարսիկները ստիպեցին ինչ-որ ժամանակ նորից վերադառնալ կրակի պաշտամունքին, մազդեզաց կրոնին: Հայտնաբերված կրակարանի մնացորդները կարծես թե այդ հաղորդման հնագիտական վկայությունը լինեն»:
«Ագարակում» մեծ գործ կա կատարելու, բայց արդեն ճանապարհաշինական ծրագրից դուրս: Բավական է ասել, որ հնագիտական հուշարձանը մոտ 4 քառակուսի կիլոմետր տարածք է զբաղեցնում: «Ագարակը» Հայաստանի լավագույն հնագիտական հուշարձաններից մեկն է, այստեղ բացահայտելու դեռ շատ բան կա, բայց դա տասնյակ սերունդների գործ է, քանի որ, ինչպես հիշյալ ինստիտուտի գիտաշխատողն ասաց, հիմա համապատասխան ֆինանսական միջոցներ ու մարդկային ռեսուրսներ չունեն:
Գործ ունենք հին ճանապարհի հետ, որը ծառայել է անտիկ շրջանի առևտրին
Իսկ ի՞նչ հուշարձաններ կան Թալին-Գյումրի հատվածում, որոնք նախապես արդեն հայտնի են հնագետներին: Ըստ մեր զրուցակցի, տվյալ հատվածը նույնպես հնագիտական տեսանկյունից շատ կարևոր է:
«Այստեղ բացահայտված երկու ամենաարժեքավոր հնագիտական հուշարձանները «Մաստարան» և «Բենիամինն» են,- ի պատասխան մեր հարցի, ասաց Բորիս Գասպարյանը:- «Մաստարան» մեծ հուշարձան է, երևում է քաղաքատիպ մի անտիկ բնակավայր: «Բենիամինը» նախկինում էլ հայտնի էր, անտիկ քաղաքատեղին երկար տարիներ պեղվել և արժևորվել է մեր կոլեգաների կողմից: Այս տարի, բնականաբար, պեղման աշխատանքները կշարունակվեն ճանապարհաշինական ծրագրի շրջանակում: Խոսքս վերաբերում է հնավայրի այն հատվածներին, որոնք ճանապարհաշինությունից կկրեն անմիջական ազդեցություն:
Ընդհանրապես, Աշտարակ-Գյումրի հատվածում ծրագծի երկայնքով հուշարձաններն այսքան շատ են, քանի որ դրանք հատկապես Արշակունիների շրջանում հայոց պետականության սիրտը հանդիսացող արքունապատկան հողերում են: Այդ հուշարձանները Դվին-Անի հին ճանապարհի համատեքստում են, Աշտարակ-Գյումրի ճանապարհն իր հիմնական մասով Դվին-Անի ճանապարհի ճյուղերից մեկն է (խորհրդային շրջանում ծրագիծը մի քիչ փոխել են, նոր ճանապարհ են կառուցել), որը կազմել է Մետաքսի ճանապարհի մի մասը: Դրանով է բացատրվում միայն Աշտարակ-Գյումրի հատվածում 4-5 անտիկ քաղաքատիպ մեծ բնակավայրերի առկայությունն այդ ճանապարհի վրա: Դրանք են Ագարակը, Շամիրամի հատվածը, Մաստարան, Բենիամինը… Ճանապարհի երկայնքով այս հնավայրերի առկայությունն արդեն հուշում է, որ գործ ունենք հին ճանապարհի հետ, որը ծառայել է անտիկ շրջանի առևտրին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել