HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պետական մարմինների համար տարածքներ են վարձակալվում դարձյալ Արամ Հարությունյանին պատկանող ընկերությունից

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը պետական մարմինների կարիքների համար տարածքներ է վարձակալել գյուղատնտեսության նախկին նախարար, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Արամ Հարությունյանի ընկերությունից՝ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից:

Երևան քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին պատկանող շենքում 1750 քառակուսի մետր մակերեսով գրասենյակային տարածք վարձակալելու համար հունվարի 27-ին պետական գույքի կառավարման վարչության և  ԲԲԸ-ի միջև կնքվել է պայմանագիր, որի գինը կազմել է 103 միլիոն 614 հազար դրամ:

2017թ. համար «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից տարածքներ է վարձակալվել նաև պետական այլ մարմինների համար:

Մասնավորապես՝ նույն հասցեում գտնվող շենքում 350 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածք է վարձակալվել նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի գործակալության համար: Դարձյալ հունվարի 27-ին պայմանագիր է կնքվել նույն կողմերի միջև: Պայմանագրի գինը կազմել է 20 միլիոն 722 հազար 800 դրամ:

Իսկ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության համար նույն հասցեում վարձակալած 400 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածքի  համար պայմանագրով սահմանվել է 23 միլիոն 683 հազար դրամ վարձավճար:

Նշենք, որ նախորդ տարիներին ևս նմանատիպ պայմանագրեր է կնքվել Արամ Հարությունյանին պատկանող ընկերության հետ: Օրինակ՝ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից վարձակալած տարածքի համար 2014թ. վճարվել է 16 միլիոն 667 հազար դրամ, իսկ 2015թ.-ին՝ 123 միլիոն 840 հազար դրամ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի կողմից ղեկավարվող պետական գույքի կառավարման վարչությունը 2015թ. հունվարի 30-ին մեկ տարվա պայմանագիր էր կնքել ընկերության հետ: Իսկ ֆինանսների նախարարության համար վարձակալված ընդհանուր տարածքը այդ տարի կազմել էր 2015 քմ, որի ամսական վարձավճարը կազմել է 10 միլիոն 320 հազար դրամ:

Կառավարության որոշմամբ՝ 2014թ. նույն ԲԲԸ-ից տարածք էր վարձակալվել արդեն լուծարված կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի համար՝ 16 միլիոն 667 հազար դրամ արժեքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter