
«Ինձ համար զզվելի մթնոլորտ էր ստեղծվել». Աղասյանը հեռանում է մեծ սպորտից
Հայկական ծանրամարտում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել: Երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող Աղասի Աղասյանը Հայաստանի առաջնության ժամանակ, այսօր, իր վերջին մոտեցումից հետո հանել է մարզակոշիկներն ու թողել հարթակին:
Մարզիկներն այսպես են վարվում, երբ որոշում են ավարտել կարիերան:
«Ես հեռանում եմ սպորտից ճակատս բարձր: Եվ թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ կոշիկներից էժան են»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզիկը:
Մինչեւ վերջերս Աղասին կարիերան ավարտելու մասին չէր մտածում: Ինչպես ինքը մարզիկը «Հետք»-ի հետ զրույցում նշել էր նախորդ տարվա ամռանը, նա պատրաստվում էր 2017թ. մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Հատկապես, որ 85 կգ քաշային կարգում Աղասյանը Հայաստանի ուժեղագույն ծանրորդն է եւ անարդարացիորեն զրկվել էր Ռիոյում կայացած օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից:
Աղասին Հայաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 94 կգ քաշայինների պայքարին: Կշռման ժամանակ պարզվել է, որ նրա անձնական քաշը 85 կիլոգրամ 400 գրամ է, ինչը հնարավորություն չի տալիս հանդես գալ 85-ների պայքարին:
Կշռումից հետո, սակայն, երբ Աղասին ցանկություն է հայտնել գցել ավելորդ քաշն ու հանդես գալ իր համար սովորական 85 կգ քաշային կարգում, ֆեդերացիայի պատասխանատուները նրան մերժել են:
94 կիլոգրամայինների պայքարում Աղասի Աղասյանը զբաղեցրել է 2-րդ տեղը եւ հրաժարվել արծաթե մեդալից: Առաջին հորիզոնականը գրավել է գյումրեցի Կարուշ Ղուկասյանը, ով իր անձնական քաշով Աղասուն գերազանցում է մոտ 9 կիլոգրամով: Աղասյանը երկամարտում գրանցել է 344 կիլոգրամ արդյունք, Ղուկասյանը՝ 350:
Աղասին «Հետք»-ին տված հարցազրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց տեղի ունեցածից:
- Աղասի, դու այս առաջնությանը հաղթանակի էիր տրամադրվել: Ի՞նչ տեղի ունեցավ: Ու՞մ էր ուղղված քո բողոքը:
- 400 գրամի պատճառով չթույլատրեցին 85 կգ քաշային կարգայինների պայքարին մասնակցել, այդ պատճառով մասնակցեցի 94 կգ քաշային կարգում: Ինձ պարտավոր էին հնարավորություն տալ հանդես գալու իմ քաշային կարգում:
85 կգ քաշային կարգում ես հենց առաջին մոտեցումներով էլ կհաղթեի մրցակիցներիս, այդ պատճառով հրաժարվեցի ավելի ծանր քաշայինների փոխչեմպիոնի մեդալից եւ հարթակ չբարձրացա:
- Ի՞նչ կարգով պետք է թույլատրվեր, որպեսզի 85 կգ քաշային կարգում հանդես գայիր:
- Միջազգային ընթացակարգով՝ քաշս նվազեցնելու ժամանակը սպառվել էր, բայց Հայաստանի առաջնություններում միշտ էլ մարզիկներին հնարավորություն են տալիս նվազեցնել այն: Ինձ այդ հնարավորությունը չտվեցին:
- Այսինքն միտումնավո՞ր արգելեցին:
- Իհարկե: Մարզիկին հնարավորություն են տալիս քաշ գցել: Ես այդ 400 գրամը կարող էի իջեցնել շոգեբաղնիքի օգնությամբ: Չտվեցին նման հնարավորություն: Էլի եմ ասում, 85 կգ քաշայինում ես բացահայտ հաղթող եմ:
- Ի՞նչ պլաններ ունեիր ընթացիկ տարվա համար, եւ ինչպե՞ս են փոխվել դրանք:
- Պատրաստվում էի մասնակցել Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, բայց, բնականաբար, չեմ մասնակցի: Կանցնեմ մարզչական աշխատանքի:
Ես այլեւս իմաստ չեմ գտնում ծանրամարտը շարունակելու, որովհետեւ մարզիկների նկատմամբ սխալ վերաբերմունք է դրսեւորվում: Մարզիչներին հետաքրքրում են մեդալ բերող մարզիկները, իսկ մյուսներին ուժեղանալու հնարավորություն չեն տալիս: Ֆինանսական որեւէ օգնություն չկա, մարդկային վերաբերմունք՝ նույնպես: Ինձ համար զզվելի մթնոլորտ էր ստեղծվել, այդ պատճառով որոշեցի վերջ տամ այս ամեն ինչին:
Այսօր, երբ Աղասի Աղասյանը չի մասնակցել մրցանակաբաշխության արարողությանը, ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը զայրացել է, եւ նրանց միջեւ, ըստ ականատեսների, վիճաբանություն է տեղի ունեցել:
Աղասյանը հրաժարվեց պատմել, թե ինչ են զրուցել Փաշիկ Ալավերդյանի հետ:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին ծանրամարտի ազգային հավաքականում, 84 կիլոգրամ քաշային կարգի մասին է խոսքը, ընդգրկվել էր Օգսեն Միրզոյանի որդին՝ Առաքել Միրզոյանը, որը Բրազիլիայում անփառունակ ելույթ ունեցավ:
Աղասի Աղասյանը այդ օրերին «Հետք»-ին տված հարցազրույցում սկանդալային մանրամասներ էր պատմել այն մասին, թե ինչու է Առաքելը մեկնել Բրազիլիա, եւ ընդհանրապես ինչ է տեղի ունենում ծանրամարտի Հայաստանի հավաքականում:
Հարցազրույցի օրը պատասխանելով իմ հարցին, թե արդյո՞ք մտավախություն չունի, որ այդ ամենի հրապարակելուց հետո իր առջեւ կփակվեն հավաքականի դռները, Աղասին ասաց, որ այլեւս կորցնելու ոչինչ չունի:
Այդ օրը նա ցանկանում էր պաշտպանել նաեւ իր ծանրորդ ընկերների՝ հավաքականի ճամբարում արդարացիորեն չընդգրկվելու իրավունքները:
Կպաշտպանի՞ Աղասի Աղասյանին որեւէ ծանրորդ, ցույց կտա ժամանակը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել