HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գաղտնի դատավարություն թեյնիկի, շաքարամանի եւ կաթնամանի համար

Երեւանի բնակիչ Ա. Պետրոսյանը 1849թ.-ի արտադրության իրենց հնաոճ սպասքը 2000թ.-ի հունիսին հանձնել է Ս. Գալոյանին՝ վերաարծաթապատման եւ ոսկեջրման համար: Սակայն Ս. Գալոյանը ոչ միայն չի կատարել նշված աշխատանքները, այլեւ փչացրել է սպասքը, որն այդ վիճակում անգամ մեծ դժվարությամբ են կարողացել ետ ստանալ նրանից: Վիճաբանելուց հետո կողմերը պարտավորագիր են ստորագրել, ըստ որի Ս. Գալոյանը պետք է փոխհատուցեր վնասը՝ սպասքը վերականգնելու համար իրենց վճարելով 350 ԱՄՆ դոլար: Պարտավորագրի բովանդակությունը դատական երեք ատյաններում վիճարկելուց հետո Ս. Գալոյանը կատարել է պարտավորությունը՝ Ա. Պետրոսյանին վճարել է 350 ԱՄՆ դոլար: Սակայն, մեկ տարի հետո դիմել է դատարան՝ պարտավորագրի երկրորդ մասը կատարելու պահանջով, ըստ որի Ա. Պետրոսյանը նրան պետք է վերադարձներ փչացրած սպասքը՝ թեյնիկը, շաքարամանն ու կաթնամանը: 

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանը 2003թ.-ի ապրիլի 16-ին քննել է Ս. Գալոյանի հայցապահանջը եւ վճռել Ա. Պետրոսյանին պարտավորեցնել հայցվորին վերադարձնել թեյնիկը, շաքարամանն ու կաթնամանը կամ վճարել 395 ԱՄՆ դոլար: Այն դեպքում, երբ հայցվորն իր հայցապահանջով դատարանին խնդրել է վերադարձնել կամ սպասքը, կամ ապրանքագիտական փորձաքննությամբ սահմանված երեք անուն սպասքի արժեքը՝ 90 հազար դրամ: Չկարողանալով մեկնաբանել հայցվորին լավություն անելու դատավոր Է. Ավետիսյանի մեծ ցանկությունը, ըստ որի պահանջված 90 հազար դրամի փոխարեն վճռել է Ս. Գալոյանին վերադարձնել 395 ԱՄՆ դոլար եւ այն էլ պատասխանողներին դատաքննությանը մասնակից չդարձնելով, Ա. Պետրոսյանը որոշել է բողոքարկել դատարանի վճիռը: 

Ա. Պետրոսյանը հայտնեց, որ հայցը դատարան էր ներկայացվել վճիռը կայացնելուց ավելի քան մեկ տարի առաջ, դատական առաջին նիստին ինքն ու կինը ներկայացել են եւ նիստը հետաձգելու մասին միջնորդություն են ներկայացրել դատարանին՝ խնդրելով փաստաբան ընտրելու հնարավորություն ընձեռել իրենց: Դատավորը բավարարել է միջնորդությունը եւ հայտնել, որ դատական նիստի օրվա ու ժամի մասին կտեղեկացնեն: «Անցել է ավելի քան մեկ տարի, սակայն ծանուցագիր չենք ստացել: Վճռի մասին տեղեկացանք միայն այն ժամանակ, երբ ԴԱՀԿ-ից ներկայացան գումարը բռնագանձելու համար»,- պատմեց Ա. Պետրոսյանը: Մինչդեռ, դատավորը վճռում ամրագրել է, որ «պատշաճ ձեւով տեղեկացվել էին դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին: Ա. Պետրոսյանը հայտնեց, որ գործին կցված են տարբեր օրերի վերաբերյալ մի շարք ծանուցագրեր, որոնցից ոչ մեկը ստորագրված չէ իրենց կողմից: Որ դատարանը նրանց չի ծանուցել դատական նիստի մասին՝ հիմնավորվում է նաեւ «Հայփոստ» ՓԲԸ-ի տեղեկանքով. «01.01.03թ.-ից մինչեւ 08.09.03թ.-ը Ա. Պետրոսյանը պատվիրված նամակ չի ունեցել, բացի Բեյրութից»: 

 Ա. Պետրոսյանը փորձել է վճիռը բողոքարկել քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան, գտնելով, որ դատարանը զրկել է իրեն իր իրավունքները դատարանում պաշտպանելու հնարավորությունից եւ արդյունքում կայացրել է ապօրինի վճիռ: «Համապատասխան փաստաթղթերով հիմնավորելով, որ մենք պատշաճ ծանուցված չենք եղել դատական նիստի օրվա ու ժամի մասին, որի հետեւանքով բաց ենք թողել բողոքարկման սահմանված ժամկետը, խնդրել ենք հարգելի համարել այն եւ քննության առնել մեր վերաքննիչ բողոքը, սակայն դատարանը մերժեց վերականգնել բաց թողնված ժամկետը եւ չընդունեց մեր բողոքը»,-հայտնեց նա: Ա. Պետրոսյանը բողոքարկման համար բաց թողնված ժամկետը վերականգնելու խնդրանքով դիմել է նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, որին ի պատասխան Վճռաբեկ դատարանի գրասենյակի պետ Շ. Մանուկյանը պատասխանել է. «Օրինական ուժի մեջ մտած վճռի դեմ կարող է բերվել վճռաբեկ բողոք հատուկ արտոնագիր ունեցող եւ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանների միջոցով, եթե գործը վերանայելու համար առկա են նոր երեւան եկած հանգամանքներ»: 

 Գրասենյակի պետի պատասխանը կտրուկ հակասում է Դատարանների նախագահների խորհրդի 2000թ. դեկտեմբերի 22-ի թիվ 36 որոշմանը, որի 2-րդ կետը սահմանում է. «Դատարաններին պարզաբանել, որ բողոքարկման բաց թողած ժամկետների վերականգնման վերաբերյալ դիմումները քննության առնելիս պետք է մանրամասն հետազոտվեն ժամկետների բաց թողնման պատճառները: Եվ բոլոր այն դեպքերում, երբ ժամկետը բաց է թողնվել բողոք բերողի կամքից անկախ պատճառներով (հիվանդություն, անհաղթահարելի ուժ, դատական ակտերի կայացման մասին անտեղյակ լինելը ոչ իր մեղքով եւ այլն), ժամկետի բացթողումը պետք է ճանաչել հարգելի»: 

 Նույն որոշման 3-րդ կետում ասվում է. «Որպես կանոն, բողոքարկման բաց թողնված ժամկետը պետք է դիտվի հարգելի եւ վերականգնվի նաեւ այն դեպքում, երբ ժամկետը բաց է թողնվել դատարանի կողմից դատական ակտի պատճենը օրենքով նախատեսված ժամկետից ավելի ուշ հանձնելու պատճառով»: 

 Ա. Պետրոսյանի ներկայացրած փաստարկները լիովին բավարար էին նրա բողոքն ընդունելու ու քննելու համար: Բացի այդ, նա միջնորդությունն ուղղել է Վճռաբեկ դատարանին եւ գրասենյակի պետի պարտականությունը չէր դատարանին ուղղված միջնորդությանը գրությամբ պատասխանելը, որի տրամաբանությունից ելնելով, եթե չկան նոր երեւան եկած հանգամանքներ, կնշանակի ձեր դատական պաշտպանությունը պետք է սահմանափակվի դատական մեկ ատյանով: «Ինչո՞ւ պետք է ես մեծ գումարներ վճարեմ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանին` դատավորի մի ապօրինի վճիռը շտկելու համար, երբ կարող էի դատաքննության ժամանակ պաշտպանել իմ իրավունքը»,-դատարանի գրությանն ի պատասխան հայտնեց Ա. Պետրոսյանը: