HY RU EN

Գրիշա Բալասանյան

ՀԱԿ-ը ստորագրահավաք է սկսում. վիճարկելու են ընտրությունների օր նշանակելու նախագահի հրամանագիրը

ՀԱԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Լևոն Զուրաբյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները չէին կարող նշանակվել այդքան շուտ: Ըստ պատգամավորի՝ նախագահի հրամանագիրը, որով ընտրությունների օր է նշանակվել ապրիլի 2-ը, հակասում է Սահմանադրությանը:

Լևոն Զուրաբյանն ասաց, որ իշխանությունը, ի դեմս կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, ներկայացրել է իր հակադարձ փաստարկները, սակայն կարծում են, որ առկա հիմքերը լրիվ բավարար են, որ դիմեն Սահմանադրական դատարան:

«Թող Սահմանադրական դատարանը որոշի, թե ով է այս հարցում ճիշտ»,-հավելեց Լևոն Զուրաբյանը:

Պատգամավորն ասաց, որ իրենց խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի կողմից կազմվել է մի դիմում, որը նախատեսված է Սահմանադրական դատարանում նախագահ Սերժ Սարգսյանի նշված հրամանագիրը վիճարկելու համար:

Լևոն Զուրաբյանն ասաց, որ ինքն ու Արամ Մանուկյանը խորհրդարանից կվերցնեն ձևաթուղթ, որպեսզի պատգամավորների անհրաժեշտ 27 ստորագրությունների հավաքը սկսեն:

«Խնդրում ենք բոլոր քաղաքական ուժերին, բոլոր պատգամավորներին, ովքեր ցանկանում են, որ Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունների հենց սկզբից օրինականությունը կասկածի տակ չլինի, միանալ այս հայտին, դիմումին»,-ավելեցրեց պատգամավորը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պարզաբանեց, որ իսկապես եղել են իրավաբանների, մասնագետների բացատրություններ տվյալ որոշման մասին: Բացի այդ, հնչել է հանրապետության նախագահի կարծիքը, որ սկզբունքային չէ հարցը, և քաղաքական ուժերի համաձայնության դեպքում պատրաստակամ են վերանայել ընտրությունների օրը: