HY RU EN

«ԱրմենՏել»-ի անվտանգության նախկին տնօրենը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. պետք է հատուցի ընկերությանն ու պետությանը պատճառված վնասները

Կենտրոն և Նորք-Մարաշ համայքնների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, այսօր 4 տարվա ազատազրկման դատապարտեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի անվտանգության նախկին տնօրեն Աշոտ Պողոսյանին և զրկեց նրան հանրային ծառայության ոլորտում և կազմակերպություններում կարգադրիչ լիազորություններ իրականացնելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով:

Աշոտ Պողոսյանը մեղավոր ճանաչվեց երկու հոդվածներով՝ ՔՕ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Ապօրինի ձեռնարկատիրություն) և 214-րդ հոդվածի 2-րդ մասով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):

Դատարանը վճռեց Աշոտ Պողոսյանից հօգուտ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բռնագանձել շուրջ 1, 8 մլրդ դրամ, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի օգտին բռնագանձել 874 մլն դրամի չափով գումար որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:  Հիշեցնենք՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն քաղհայցով դիմել էր դատարան, որպեսզի Աշոտ Պողոսյանից բռնագանձվի ընկերությանը պատճառված վնասը:

Դատարանը վճռեց վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնել Աշոտ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը երկու հոդվածներով՝ 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 253-րդ հոդվածի 1-ին մասով (Համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը և համակարգչային սաբոտաժը):

Աշոտ Պողոսյանը արգելանքի տակ է 2014թ. հունվարի 23-ից: Այսինքն՝ արդեն երեք տարին անցել է, մնացել է մոտ 1 տարի:

Հիշեցնենք՝ Ա. Պողոսյանին մեղադրում են այն բանի համար, որ վերջինս հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների նպատակով կապուղիների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների համար տարածք է տրամադրել և այն հսկողության տակ պահել՝ օգտագործելով կարգադրիչ լիազորությունները: Ըստ մեղադրանքի՝ «Արմենտել» ՓԲԸ-ի շահերին հակառակ ստեղծվել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «Արմենտել» ՓԲԸ բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ, ՀՀ տարածքում օգտագործելով նաև «Արմենտել»-ի ենթակաոուցվածքը, սակայն շրջանցել է դրա հաշվարկային համակարգը։ Դրանով իսկ վնաս է հասցվել թե ընկերությանը, թե պետությանը: