HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրհուսի կենտրոնը 5 ամիս է չի գործում

1998թ. Դանիայի Օրհուս քաղաքում ստորագրվեց «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկատվության, որոշումներ ընդունելու հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան: 2001թ. Հայաստանը միացավ այդ համաձայնագրին: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ու Բնապահպանության նախարարության համագործակցության արդյունքում 2002թ. մայիսին ԲՆ-ի շենքում բացվեց «Բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնը» (Օրհուսի կենտրոն): Կողմերն ունեին իրենց պարտավորությունները. նախարարությունը պետք է տրամադրեր սենյակը, հոգար ընթացիկ ծախսերը: ԵԱՀԿ-ն պետք է վերանորոգեր հատկացված տարածքը, ապահովեր գույքով ու անհրաժեշտ սարքավորումներով:

Երկու կողմերն էլ կատարեցին իրենց նախնական պարտավորությունները: 2002թ. հոկտեմբերից կենտրոնը սկսեց իր գործունեությունը: Ըստ ընդունված կանոնակարգի` յուրաքանչյուր ֆիզիկական ու իրավաբանական անձ կարող էր դիմել կենտրոն` բնապահպանական տեղեկատվություն ստանալու նպատակով: Կարող էին անվճար օգտվել ինտերնետից, բնապահպանական գրականությունից: Կենտրոնը կառավարում էին հիմնադիր կողմերը (ԲՆ, ԵԱՀԿ), փորձագետների ու խորհրդակցական խորհուրդները: Փորձագետների խորհրդի անդամները կարեւորում են այն հանգամանքը, որ կենտրոնը հենց ԲՆ-ի շենքում էր տեղակայված: «Դա հեշտացնում էր մեր գործը. անմիջական կապ կար հասարակական կազմակերպությունների ու նախարարության միջեւ»,-ասում է կենտրոնի փորձագետների խորհրդի անդամ, համակարգող Սոնա Այվազյանը: Բացի տեղեկատվությունից, հկ-ները կարող էին առանց վարձակալության սենյակում հանդիպումներ կազմակերպել: Կենտրոնի գործունեության 8 ամիսների ընթացքում 50-ից ավել հանդիպումներ, սեմինարներ, գործնական աշխատանքներ են կայացել: Այդ ժամանակահատվածում բնապահպանական տեղեկատվություն ստանալու նպատակով 90 այցելություն է եղել: Հիմնականում դիմել են հկ-ների ու նախարարության ներկայացուցիչներ: Միջին հաշվարկով կենտրոնն օրական 1 այցելու է ունեցել: Սոնա Այվազյանի կարծիքով` իրենց թերացումն է, որ շատ դիմողներ չեն եղել:

«Մենք բավարար ջանքեր չենք գործադրել` կենտրոնի գործունեությունը հրապարակայնացնելու ոչ բնապահպանական կազմակերպությունների շրջանակում: Իսկ մարզերում բոլորովին անտեղյակ են կենտրոնի գոյության մասին: Երեւի թե չկարողացանք լիովին կատարել մեր առաքելությունը»,-ասում է նա: Իրականում, քաղաքացիներից քչերը գիտեին Օրհուսի կենտրոնի գոյության մասին: Լրատվամիջոցներով այն չի գովազդվել, միայն պարբերաբար լուսաբանվել են հանդիպումները: Խորհրդի անդամների հավաստմամբ` առաջիկայում աշխատելու են այդ ուղղությամբ: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնտեսական եւ բնապահպանական հարցերով ավագ օգնական Գոհար Ղազինյանը նույնպես կարծում է, որ քաղաքացիները տեղեկացված չեն: Նրա պատճառաբանմամբ` կենտրոնը կայացման փուլում է եղել, ու որոշ ծրագրեր չեն իրագործվել:

«Շրջակա միջավայրի պահպանության իրավական կենտրոն» հկ-ի նախագահ, Օրհուսի կոնվենցիայի ազգային կոորդինատոր Աիդա Իսկոյանի ասելով` կենտրոնի այցելուներից եւ ոչ մեկն անպատասխան չի մնացել: Այլ հարց է, որ տեղեկատվությունը ժամանակին չի թարմացվել: Ըստ Օրհուսի համաձայնագրի (հոդված 9, կետ1)` անհատը կամ կազմակերպությունն իրավունք ունի դիմել դատարան, եթե չի ստացել օրենքով նախատեսված տեղեկատվությունը: Դատական ընթացակարգի ծախսերն էլ պիտի մատչելի լինեն:Փորձագետները քննարկել են «մերժված» քաղաքացու հարցը: Հնարավոր է` խորհուրդը միջնորդի դեր կատարի` իր կողմից նամակ ուղղելով պաշտոնյային: 

ԲՆ-ի տեղեկատվական, վերլուծական կենտրոնը պայմանագրային կարգով աշխատում է նախարարության հետ: Կենտրոնին ամեն տարի բյուջեից հատկացվում է 1,9 մլն դրամ` նախարարության համակարգչային ցանցին ու Օրհուսի կենտրոնին սպասարկելու համար: «Երբեւէ չի պատահել այնպես, որ դիմեն մեր կենտրոն ու չստանան ինֆորմացիա: Ես դեմոկրատ եմ ու կարծում եմ` մարդը պետք է տեղեկացված լինի: Բայց եկեք չմոռանանք, որ բնապահպանությունը հարուստ երկրների գործն է»,-ասում է Տեղեկատվական կենտրոնի տնօրեն Լեւ Հարությունյանը: Ընդհանրապես, ինֆորմացիա ստանալու համար նախ պետք է դիմել նախարարություն: Եթե մամլո քարտուղարը չի գտնում համապատասխան ինֆորմացիան, դիմում են Տեղեկատվական կենտրոն: Քաղաքացիները, լրագրողները կարող են տեղեկատվություն պահանջել հենց այդ կենտրոնից: Բայց տրամադրում են միայն նախարարության թույլտվությամբ: 

Օրհուսի կենտրոնի ինտերնետային էջը պատրաստում է Լ. Հարությունյանը: Նրա պնդմամբ` տեղեկատվությունը հաճախակի է թարմացվել, 3 ամիսը մեկ պարտաճանաչորեն տեղադրվել են եռամսյակային հաշվետվությունները: Սոնա Այվազյանի խոսքերով` որեւէ մեկը չի ստուգել` ժամանակին է դա արվել, թե ոչ: «Խիստ դրվածք չի եղել` կապված ինֆորմացիայի թարմացման հետ: Կարող է եւ թերանայինք»,- ասում է Արծրուն Պեպանյանը: Այս խնդրին հետամուտ չի եղել նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Գրասենյակի ներկայացուցիչ Գ. Ղազինյանն էլ նշեց, որ ԵԱՀԿ-ի պարտականությունների մեջ մտնում է միայն ֆինանսական, տեխնիկական աջակցությունը: Իսկ կենտրոնի գործունեության համար պատասխանատու է ԲՆ-ն: 

2003թ. ԲՆ-ի շենքը վաճառվեց: Հունիս ամսին նախարարությունը տեղափոխվեց: Օրհուսի կենտրոնի գործունեությունը նույնպես դադարեց: Ստիպված էին ազատել վերջերս վերանորոգված ու կահավորված սենյակը, որի համար ծախսվել էր 25,000 դոլար: Կենտրոնում կար 2 համակարգիչ, 1 պատճենահանող սարք, ֆաքս, օդափոխիչ, կահույք ու թանկարժեք գրականություն: Այս ամենի մի մասը տեղափոխվել է նախարարության նոր շենք, մյուս մասը` նախկին շենքի տեղեկատվական կենտրոն: Տեխնիկայի, գույքի համար պատասխանատու է ԲՆ-ն, իսկ գրականության համար` տեղեկատվական կենտրոնը: Ա. Պեպանյանը հավաստիացնում է, որ գույքն ամբողջությամբ կվերատեղավորվի Օրհուսի նոր սենյակում: «Մենք իրավունք չունենք իրերը չվերադարձնելու, չէ՞ որ մենք չենք դրա տերը»,- ասում է նա: Գոհար Ղազինյանից տեղեկացանք, որ արդեն գրքեր են կորել: Լեւ Հարությունյանի ասելով` Օրհուսի գրադարանից որեւէ գիրք չի կորել, ամեն բան տեղում է: Իսկ Արծրուն Պեպանյանը չի բացառում գրքերի գողությունը: «Ես չգիտեմ` տեղեկատվական կենտրոնից որեւէ գիրք կորել է, թե ոչ, բայց գիտեմ, որ հատուկ պահոցներ ու հսկողներ չկան: Չի բացառվում, որ կորչեն»,-ասում է նա: 

Այժմ ամենաբարդ խնդիրը Օրհուսի կենտրոնին նոր սենյակ հատկացնելն է: Աիդա Իսկոյանի ասելով` ԵԱՀԿ-ի հետ պայմանավորվածություն է եղել, որ Օրհուսի կենտրոնը պետք է լինի ԲՆ-ի շենքում: Բայց հոկտեմբերի 29-ին փորձագետների խորհուրդը որոշեց կենտրոնը վերաբացել Ընդերքի վարչության շենքում (Չարենց փողոց): Գոհար Ղազինյանի ենթադրությամբ` մեկ շաբաթից ԵԱՀԿ-ն կսկսի վերանորոգումը: Խորհրդի անդամները կարծում են, որ ԲՆ-ի շենքից դուրս դժվարություններ կառաջանան ինֆորմացիայի տրամադրման հարցում: «Եթե Օրհուսի կենտրոնը գործի ԲՆ-ի շենքից դուրս, հնարավոր չի լինի տեղեկատվություն տրամադրել կարճ ժամանակում: Ես ինքս կապի որեւէ միջոց չունեմ, անգամ հեռախոսը նորմալ չի աշխատում»,-ասում է Ա. Պեպանյանը:

Նույն կերպ է մտածում Ս. Այվազյանը. կկորչի նախարարության հետ երբեմնի անմիջական կապը: Սակայն ԲՆ-ի շենքում հարմար սենյակ չկա: Այդուհանդերձ, Օրհուսի կենտրոնը կվերաբացվի: Դրանում համոզված են խորհրդի անդամները: «Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում մենք առաջինը հիմնեցինք նման կառույց: Հիմա մեր կենտրոնը չի գործում, իսկ հարեւան պետությունները լայն գործունեություն են ծավալում: Մենք չենք հանդուրժի, որ կորցնենք ձեռք բերածը: Կենտրոնը կգործի»,-ասում է Ա. Իսկոյանը: Որեւէ վերջնաժամկետ, սակայն, նշանակված չէ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ենթադրությունն է անում: Գոհար Ղազինյանը կարծում է, որ կենտրոնը կվերաբացվի նոյեմբերի կեսից: Գրեթե նույն ժամկետն է նշում Աիդա Իսկոյանը: Սոնա Այվազյանը հույս ունի կենտրոնի գործունեությունը վերսկսել դեկտեմբեր ամսից ոչ ուշ: ԲՆ մամլո քարտուղար Արծրուն Պեպանյանը ենթադրություններ չի անում: Նա մեջբերում է Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի` եթերով կատարած հայտարարությունը: Իսկ նախարարն ասում էր.«Օրհուսի կենտրոնի համար 3 տարբերակ ենք քննարկում` նախարարության մեր շենքում, 

2-րդ-ը` Չարենց փողոցի շենքում, 3-րդ-ը` նախարարությանը տրամադրած Նոր Նորքում: Տվյալ պարագայում նախարարության շենքում` 8-րդ հարկում, տարածքի փոքրություն կա եւ վերակառուցման խնդիր: Ամենայն հավանականությամբ Չարենցի կամ Նոր Նորքի տեղամասում կլինի ...Նոր տուն ենք տեղափոխվել. մի փոքր ժամանակ, եւ ինձ թվում է` Օրհուսի կենտրոնը նույնպես կսկսի գործել»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter