HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ովքե՞ր դեմ քվեարկեցին բարձրաստիճան պաշտոնատար անձանց ունեցվածքն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախագծին

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ քվեարկության դրվեց «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը:

Հանրապետական խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին նախագիծն օրակարգ ընդգրկելուն և տապալեցին այն, սակայն որոշ ՀՀԿ-ականներ կամ համանուն խմբակցությունում ընդգրկված պատգամավորներ դրսևորեցին «կրավորական» կեցվածք՝ չմասնակցելով քվեարկությանը:

Մասնավորապես՝ քվեարկությանը չմասնակցեցին Կորյուն Նահապետյանը, Գարեգին Նուշիկյանը, Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ), Մուրադ Մուրադյանը, Կարեն Սարիբեկյանը, կարկառուն ՀՀԿ-ական Ռազմիկ Զոհրաբյանը, Սուքիաս Ավետիսյանը, Հովհաննես Սոֆոյանը:

Ոմանք նույնիսկ կողմ են քվեարկել, որ նախագիծն ընդգրկվի օրակարգ: Կողմ քվեարկողներից էին ՀՀԿ-ական Արման Սահակյանը և Աշոտ Արսենյանը («Ջերմուկ Գրուպ»-ի հիմնադիրը):

Փոխարենը դեմ են քվեարկել նախկինում ընդդիմադիր հայացքներ ունեցող պատգամավորները, որոնք կամ դարձել են իշխանական կամ անձնական շահից ելնելով` չեն ուզում իշխող ՀՀԿ-ի աչքից ընկնել և առաջիկայում էլ վերջինից լուրջ սպասելիքներ ունեն, կամ էլ, դեմ քվեարկելով, «վիժեցրել» են իրենց, մերձավորների ունեցվածքի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնելու հնարավորությունը:

Մասնավորապես դեմ է քվեարկել որևէ խմբակցությունում չընդգրկված Արայիկ Գրիգորյանը: Նա գրեթե միշտ քվեարկում է այնպես, ինչպես հրահանգում են իշխանական խմբակցությունից: Արդյունքն այն է, որ նրա եղբայրը՝ Արամայիս Գրիգորյանը, օրեր առաջ դարձյալ նշանակվեց Արարատի մարզպետ, մինչ այդ եղել է նաև բնապահպանության, գյուղատնտեսության նախարար և այլն:

Ստացվում է, որ եթե Նիկոլ Փաշինյանի հեղինակած նախագիծն ընդգրկվեր օրակարգ և արժանանար Ազգային ժողովի հավանությանը, պատգամավոր Արայիկ Գրիգորյանի և եղբոր՝ Արամայիս Գրիգորյանի ունեցվածքի օրինականությունը ևս պետք է ուսումնասիրության առարկա հանդիսանար, քանի որ նրանք բարձրաստիճան պաշտոնյաներ են: Այս պարագայում պատգամավոր եղբայրը կողմ չէր լինելու նման նախաձեռնությանը:

Նշենք, որ միայն 2015թ. Արամայիս Գրիգորյանի եկամուտները եղել են 85 միլիոն դրամից ավելի: Իսկ իր հաշվին առկա դրամական միջոցներն ավելին են, քան եկամուտները՝ 969 միլիոն դրամ, 776 հազար դոլար և 300 հազար ռուսական ռուբլի:

Գրեթե նույն պատկերն է նաև Արայիկ Գրիգորյանի մոտ՝ 252 միլիոն դրամ եկամուտ, իսկ հաշվին եղել է մոտ 1 միլիարդ 919 միլիոն դրամ և 985 հազար դոլար: Պատգամավորը 2015-ին եկամուտ է ստացել նաև բնամթերքով, որի արժեքը կազմել է մոտ 49 միլիոն դրամ:

Նշենք, որ Գրիգորյան եղբայրներն ունեն առևտրային ընկերություններ և եկամուտների զգալի մասը ստացել են շահաբաժնից:

Հաջորդ դեմ քվեարկողը նախկին ՕԵԿ-ական, այժմ որևէ խմբակցությունում չընդգրկված Կարեն Բոթոյանն է (Սերյոժա Մանուկյանի՝ Շինանյութի Սերգեյի փեսան): Նա հավակնություններ ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվել ՀՀԿ-ի ցուցակով:

2015թ. Կարեն Բոթոյանը «համեստ» եկամուտներ է հայտարարագրել, սակայն գաղտնիք չէ, որ ապրում է հարուստ կյանքով: Մասնավորապես՝ 2015թ. նրա միակ եկամուտը եղել է մոտ 6 մլն դրամ աշխատավարձը, իսկ հաշվին ունեցել է 47 մլն դրամ:

Թեև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին, այնուամենայնիվ դեմ է քվեարկել Արագած Ախոյանը:

Նրա ԲՀ խմբակցությունում մնալը ձևական բնույթ է կրում, քանի որ Ախոյանը հեռացել է կուսակցությունից, իսկ առաջիկա ընտրություններում պատրաստվում է առաջադրվել ՀՀԿ-ի տարածքային ցուցակով:

Հաջորդ դեմ քվեարկողը դարձյալ նախկին ԲՀԿ-ական է՝ Վահան Բաբայանը: Վերջինս դարձյալ ձևական շարունակում է մնալ խմբակցության անդամ և վերջերս բազմիցս հայտարարել է, որ «իշխանական» է և հավակնություններ ունի տեղ զբաղեցնել ՀՀԿ-ի ցուցակում:

Դեմ քվեարկող ՀՀԿ-ականներին չենք անդրադառնում, քանի որ գրեթե բոլորը այլ եկամուտներ ունեն՝ բիզնեսի, նվիրատվությունների, փոխառություններ տեսքով, և ամենևին շահագրգռված չէին, որ ժամանակավոր հանձնաժողովն ուսումնասիրի դրանց ծագումը:

Նշված անձինք, դեմ քվեարկելով նախագիծն օրակարգ ընդգրկելուն, փաստորեն, արտահայտեցին իրենց վերաբերմունքը, որ դեմ են նման հանձնաժողովի գոյությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter