Վերջին 4 տարիներին Լոռու մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրման ցուցանիշն անընդհատ նվազում է
Գայանե Սարգսյան
«Ցածր հավաքագրման հիմնական պատճառը համայնքի ղեկավարի, աշխատակազմի ու ավագանու պասիվ ու անհետևողական աշխատանքն է»
2016թ. Լոռու մարզի մի շարք համայնքներում նվազել է սեփական եկամուտների հավքագրման ցուցանիշը: Աճ է գրանցվել միայն Ստեփանավանի (3.4%-ով) ու Գուգարքի տարածաշրջանի (1.9%-ով) համայնքներում:
Նախորդ տարվա համեմատ` սեփական եկամուտների հավաքագրումը նվազել է մարզի 57 համայնքներում (Թումանյանում և Տաշիրում` 13-ական, Սպիտակում` 12 , Ստեփանավանում` 11, Գուգարքում` 8 համայնք):
Մարզում նվազել է սեփական եկամուտների 80 և ավելի տոկոս հավաքագրում ունեցող համայնքների թիվը. 80-100% հավաքագրման ցուցանիշ ունեցող համայնքների թիվը պակասել է 12-ով, 100%-անոց ցուցանիշ ունեցողներին`14-ով:
«Ստեփանավանի ու Գուգարքի տարածաշրջաններում հարկային պարտավորությունների կատարման կարգապահական բարձր մակարդակ կա, համայնքները ավելի լավ կառավարվող են: Ունենք տարածաշրջաններ ու համայնքներ, որտեղ հարկ վճարելու տրադիացիա կա, բնակիչները սովորել են և այդպես էլ գնում է: Ըստ վերջին տարիների վերլուծությունների` ցածր կատարողական ապահովող համայնքները հիմնականում անփոփոխ են մնում»,- նշում է Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը` որպես ցածր հավաքագրման հիմնական պատճառ առանձնացնելով «համայնքի ղեկավարի, աշխատակազմի և ավագանու շատ պասիվ ու անհետևողական աշխատանքը սեփական եկամուտների հավաքագրման գործում»:
Սեփական եկամուտների հավաքագրման 53% կատարողական ապահոված Նովոսելցովոյի համայնքապետ Ռուբեն Դավոյանը համաձայն է այս պնդման հետ ու ընդունում է, որ այն իր ու աշխատակազմի վատ աշխատանքի հետևանքն է:
«Դատարան պիտի տայինք, չենք արել: Ասում ենք՝ ժողովուրդը մեղք են, վարկի տակ ա, արի դրան դատարան տուր,- նշում է համայնքապետը, բայց և հավելում՝ պատճառներից մեկն էլ ժողովրդի ծանր սոցիալական վիճակն է,- ուզվորի պես գնում ենք հայաթներ, չունենք, էս, էն: Ժողովրդի դրությունը լավ չի, արտագնա աշխատանքի են գնում, փող չեն բերում, չեն ուղարկում»:
Փետրվարի 13-ին համայնքապետը համագյուղացիներին ու մարզպետարանի ներկայացուցիչներին պետք է ներկայացնի 2016թ. բյուջեի կատարողականը: «Մարզպետարանից գալու են 13-ին, ես կհավաքեմ, թող ասեն, թե ինչու չեն վճարում»,- ասում է նա: Վերջինս այդուհանդերձ վստահ է, այս տարի նվազագույնը 90 % կատարողական կապահովեն:
«Հունվարին արդեն 180.000 դրամ մուտք ունենք, անցած տարվա համամատ շատ լավ ցուցանիշ է»,- նշում է համայնքապետը: Հավաքագրման ցածր ցուցանիշի հարցում բացառելով գյուղատնտեսական անբարենպաստ տարվա գործոնը` Հ. Պապոյանն առաջ է քաշում մարզի 70-ից ավելի համայնքներում ՏԻՄ ընտրությունների անցկացման հարցը:
«Գյուղատնտեսական տարին մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններում եղել է բարենպաստ, բացառությամբ մի քանի կարկտահարության դեպքի,- նշում է նա,- մարզի որ տարածաշրջանում առավել մեծ թվով համայնքի ղեկավարների ընտրություններ են եղել, այնտեղ էլ սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը կաղացել է»:
Թումանյանի տարածաշրջանում էական ազդեցություն է ունեցել Թումանյան խոշորացված համայնքի հավաքագրման ցուցանիշի անկման հանգամանքը:
«Խոշորացման առաջին տարում Թումանյան համայնքում ոչ մի կերպ չէր ստացվում այդ մեխանիզմն աշխատեցնել: Տարվա վերջին նոր սկսեց այն աշխատել, ինչն ամբողջ տարածաշրջանի վրա իր ազդեցությունն ունեցավ»,- ասում է Հ. Պապոյանը:
2016թ.-ը Թումանյանն ամփոփել է սեփական եկամուտների 95.3 կատարողականով:
Համայնքների սեփական եկամուտների տեսակարար կշռում մտահոգիչ է համարվում հատկապես հողի հարկի ցուցանիշի անկումը. 2015թ.-ի 20.2 %-ի փոխարեն այն իջել է 17.7 %-ի:
Հատկանշական է, որ հողի հարկի նվազման տենդենցը սկսվել ու շարունակվում է վերջին 4 տարիներին: 2013թ. հողի հարկի գծով հավաքագրվել է 354.3 , 2014-ին՝ 337.1, 2015-ին՝ 336, իսկ 2016-ին՝ 295.3 մլն դրամ:

Սրան զուգահեռ աճել է գույքահարկի հավաքագրման ցուցանիշը՝ 2013թ.-ի 490 մլն-ից 2016-ին հասնելով 701 մլն-ի:
«Հողի հարկի հավաքագրման մակարդակը ուղղակիորեն կախված է համայնքի ղեկավարի և աշխատակազմի անհատական ջանքերից: Այսինքն՝ այլ մեխանիզմ, քան գնալ, ուզել, գանձելը՝ չկա, իսկ գույքահարկի դեպքում այդ խնդիրը չկա: Մեքենան տեխզննում անցկացնելու, ակտերից խուսափելու համար մարդիկ պետք է վճարեն: Այսինքն՝ օրենսդրական լուծումն այնպես է դրված, որ անկախ համայնքի ղեկավարի անհատական ջանքերից, գույքահարկը հավաքվում է բավականին արդյունավետ»,- պարզաբանում է վարչության պետը:
Հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի հավաքագրման ցուցանիշները հաշվի առնելով` վարչությունն այս տարի առաջին անգամ ստեղծել է համայնքների ղեկավարների սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքների գնահատման համակարգ ու մարզի 107 համայնքները խմբավորել է 4 խմբում՝ խնդրահարույց, բացթողումներով, կայուն և արդյունավետ:
Մարզի թվով 31 համայնք հայտնվել է խնդրահարույցների, 19-ը՝ բացթողումներով, 19-ը՝ կայուն և միայն 38-ը` արդյունավետ գործող համայնքների թվում:

«Կարևոր է ոչ միայն սեփական եկամուտների կատարումը, այլև կառուցվածքի կատարումը: Համայնքը կարող է գույքահարկի կտրվածքով մեծ առավելություն ունենա, որը գա ծածկի հողի հարկին: Այս խմբավորումը մեզ թույլ է տալիս բացահայտել բոլոր հարկատեսակների հավաքագրումը, այսինքն՝ կարգապահությունը»,- ասում է վարչության պետը:
Խնդրահարույց համայնքների խմբում նվազագույն միավորներով (46.5) երկրորդ տեղն զբաղեցրել է Դսեղը Նովսելցովոյից հետո (44.4):
2016թ. հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Դսեղի համայնքապետ ընտրված Գառնիկ Հովսեփյանը 2016թ.-ի ցածր կատարողականի պատճառների մասին խոսել չի ուզում:
«Ես երկու ամիս է, որ աշխատում եմ, բերեք 2016-ի համար ես չպատասխանեմ: 2017-ի առաջին ամիսը մենք բերել հասցրել ենք համարյա 100 %-ի: Տարբեր պատճառներով նախկինում չեն տվել, բայց հիմա մեր բացատրական աշխատանքը, մեր ապարատի աշխատողների շրջայցերը, տներում մեկ առ մեկ բացատրությունները բերում են նրան, որ մարդիկ տալիս են: Հույս կա, որ 2016-ի նման հետնապահների թվում չենք լինի»,- նշում է նա, վստահեցնելով՝ ձգտելու ենք առավելագույնին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել