HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանը և Պյոտր Սվիտալսկին քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ գործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Կառավարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մինչ օրս կատարված քայլերը, մասնավորապես, օրենսդրական բարեփոխումները և ընդունված որոշումները, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի շրջանակում իրականացված աշխատանքները:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ վարչապետը նշել է, որ ներկայում մշակվել է օրենսդրական նոր փաթեթ, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն անկախ կանխարգելիչ մարմնի ստեղծում: Այդ փաթեթով ամբողջովին վերանայվել են գործող հայտարարագրման և շահերի բախման համակարգերը: Աշխատանքներ են տարվում նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության որակի կատարելագործման ուղղությամբ: Ներկայում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քննարկումների հիման վրա մշակվում են մի շարք կարևոր օրենսդրական նախագծեր, որոնք ուղղված են բոլոր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: 

Վարչապետն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը և հաջողությունը կախված է նաև հասարակության քաղաքացիական դիրքորոշումից, և կառավարությունն աշխատելու է հանրության հետ հետադարձ կապն ակտիվացնելու ուղղությամբ, այդ թվում նաև՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին նոր թափ հաղորդելու միջոցով: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը բաց է առաջարկությունների համար՝ կարևորելով ԵՄ գործընկերների հետ համագործակցությունը: 

Պյոտր Սվիտալսկին ողջունել է ՀՀ կառավարության ջանքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում և վարչապետին փոխանցել բիզնես հանրության շնորհակալությունը ոլորտին վերաբերող որոշումների և օրենսդրական նախաձեռնությունների համար:

Նա նշել է, որ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վարչապետի նախանշած առաջնահերթությունների և հակակոռուպցիոն բարեփոխումների տրամաբանության շրջանակում: 

Վարչապետը և ԵՄ պատվիրակության ղեկավարը մտքեր են փոխանակել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի շրջանակում համատեղ ծրագրերի հնարավորությունների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter