HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստանցի երեխաներին օտարերկրացիներն ավելի շատ են որդեգրել

2010-2016 թվականերին 902 որդեգրման ենթակա երեխաներից որդեգրվել է 642-ը։ Այսինքն`որդեգրման ենթակա երեխաների 71 %-ը վերադարձել է ընտանիք։

Որդեգրած ծնողները առավել շատ նախընտրել են որդեգրել աղջիկներին․ որդեգրված 642 երեխաներից 332-ը աղջիկ է, 310-ը` տղա։ Այդ երեխաներից 310-ը որդեգրել են ՀՀ քաղաքացիները, 332-ը՝ օտարեկրյա քաղաքացիները։

Որդեգրումները՝ Հայաստանում

Վերջին 6 տարիներին ՀՀ քաղաքացիներն առավել շատ որդեգրել են տղաներ։ Որդեգված 310 երեխաների 57 %-ը կազմել են տղաները, 43 %-ը՝ աղջիկները։

Հայաստանի քաղաքացիների որդեգրած երեխաների միայն 6 %-ն է ունեցել առողջական խնդիրներ, իսկ 94 %-ը, ըստ պաշտոնական տվյալների, եղել են առողջ։ 2010-2016 թվականներին որդեգրվել է  հաշմանդամություն ունեցող 3 երեխա։

Օտարերկրյա քաղաքացիները նախընտրել են որդեգրել աղջիկ, առողջական խնդիրներ ունեցող երեխաներ

Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2010-2016 թվականներին օտարերկրացիները հայաստանցիներից ավելի շատ են որդեգրել Հայաստանի քաղաքացիություն ունեցող երեխաներ։

Հակառակ ՀՀ քաղաքացիների որդեգրած երեխաների «նախընտրությունների», օտարեկրյա քաղաքացիները ավելի մեծ թվով որդեգրել են աղջիկ, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող երեխաներ. օտարերկյա քաղացիների որդեգրած 332 երեխաների գրեթե 60 %-ը եղել են աղջիկներ, 60 %-ը ունեցել են առողջական խնդիրներ, որոնցից էլ 36 %-ը՝ հաշմանդամություն։

Օտարերկրյա որդեգրումները վերահսկվում են արդարադատության նախարարության կողմից։ Ինչպես «Հետք»-ին փոխանցեցին նախարարությունից՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրում մինչ այժմ անվավեր չի ճանաչվել:

2010-2016 թվականների ամենամեծ թվաքանակով երեխա որդեգրվել է 2010-ին, որին հաջորդող տարիներին որդեգրումների քանակը աստիճանաբար նվազել է, սակայն 2015-ին, համեմատած 2014-ի հետ, աճել է 60 %-ով ։ 2016-ին որդեգրումների քանակը նվազել՝ 40 %-ով։

Վերջին 5 տարիներին որդեգրման ենթակա երեխաներ ամենամեծ քանակով հաշվառվել է 2015-ին, իսկ ամենաքիչը՝ 2013-ին։ Հենց այդ տարում, համեմատած վերջին 5 տարիների, որդեգրման ենթակա երեխաների ամենամեծ քանակն է որդեգրվել։

Դիտարկելով պաշտոնական վիճակագրությունը` նշենք, որ 2012-ին որդեգրվել է որդեգրման ենթակա երեխաների 71 %-ը, 2013-ին՝ 74 %-ը, 2014-ին՝ 52 %-ը, 2015-ին՝ 65 %-ը, 2016-ին՝ 55 %-ը։

Առանձնացնելով միայն 2016-ի օտարերկրյա որդեգրումները` նշենք, որ այդ տարում Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեխաներ որդեգրվել են չորս երկրներից՝ Իտալիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Շվեյցարիայից։

Կառավարությունը, նպատակ ունենալով պարբերաբար հսկողություն իրականացնել և տեղեկություններ ստանալ օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրված ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների նկատմամբ, ամրագրել է որոշակի նորմեր:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալները փաստում են, որ վերջին վեց տարիներին ամենամեծ թվով երեխա խնամվել է «Նոր Խարբերդի» մասնագիտացված մանկատանը, որը նախատեսված է մինչև 18 տարեկան մտավոր և ֆիզիկական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների համար, այնուհետեւ երեխաների թվաքանակով հաջորդում է  Գյումրիի «Երեխաների տունը»։

Անդրադառնալով Հայաստանի քաղաքացիների կողմից կատարված որդեգրումների չեղարկումներին՝ նշենք, որ 2016 թվականին դատարանի վճռով չեղյալ է ճանաչվել 15 տարեկան մեկ երեխայի որդեգրում, որը որդեգրվել էր նորածնային տարիքում: Որդեգրման անվավեր ճանաչվելուց հետո երեխան ընտանիքից տեղափոխվել է մանկատուն:

Այս տարվա հունվարի 20-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Արդարադատության նախարարության հետ համատեղ մշակվել և կառավարություն է ներկայացվել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որտեղ ներառվել են նաև դրույթներ Հայաստանի քաղաքացի որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ:

Համաձայն ներկայացված նախագծի` հնարավորություն է տրվելու մասնագետներին, որդեգրման մասին դատարանի վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում, առանց անհարկի միջամտության, հետևելու որդեգրված երեխայի խնամքին, ինչպես նաև համապատասխան օգնություն ցուցաբերել ՀՀ քաղաքացի որդեգրող ընտանիքին` որդեգրման պաշտոնական գործընթացի ավարտից հետո առաջացող հնարավոր բարդությունները կանխարգելելու կամ դրանցից խուսափելու նպատակով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը բարեբախտություն է համարում այն փաստը, որ տարեցտարի նվազում են որդեգրումների թվաքանակը: Այդ հանգամանքը պայմանավորում է ծնողների կողմից երեխաների հրաժարումների, առողջ երեխաների՝ մանկատուն հանձնելու թվի կրճատմամբ։

Բաժնի պետի փոխանցմամբ՝ մեր քաղաքացիները առողջական խնդիր ունեցող երեխաներ գրեթե չեն որդեգրում, հիմնականում «նախընտրում են» առողջ, քիչ թե շատ, արտաքինով իրենց նման երեխաներ։

«Երեխան, եթե քիչ, թե շատ, վերականգնելու հնարավորություն է ունենում, չի հանձնվում մանկատուն և քանի որ այդպիսի երեխաների թիվը պակասել է, այժմ մանկատներում հիմնականում առողջական լուրջ խնդիրներով, առողջությունը գրեթե չվերականգնվող երեխաներն են», - նշեց Լենա Հայրապետյանը։

Վերջինս օտարեկրյա որդեգրումներում առողջական խնդիրներ ունեցող երեխաների թվի գերակշռումը պայմանավորում է մի քանի հանգամանքով. նախ, ըստ նրա, որդեգրման ենթակա առողջ երեխա շատ քիչ կա, և այդպիսի երեխաների թիվն էլ, նրա փոխանցմամբ, տարեցտարի նվազում է, բացի այդ առողջական խնդիրներ, հաշմանդամություն ունեցող երեխաների որդեգրումով օտարերկրյա այդ ծնողները պետության կողմից ստանում են գումարային մեծ օգնություն, սակայն Հայրապետյանը ամենաօբյեկտիվ պատճառ է դիտարկում այն հանգամանքը, որ օտարերկրյա այդ պետություններում առողջապահական ենթակառուցվածներն ավելի լավ են զարգացած և շատ հաճախ անգամ ազգականները որդեգրում են իրենց հարազատների երեխաներին, որպեսզի նրանք այդ երկրի քաղաքացիություն ստանան և օգտվեն առողջապահական այդ ծառայություններից. «Պետական աջակցությունը մեծ խթան է, որպեսզի որդեգրեն այդպիսի առողջական խնդիրներ ունեցող երեխաներին», - ասում է նա։

Լ․Հայրապետյանն ընդգծում է, որ որդեգրող ծնողները խիստ կարևորում են որդեգրման գաղտնիության պահպանումը, որը նրա հավաստմամբ՝ ընտանեկան նոր օրենսգրքով անհամատեղելի է լինելու, քանի որ արդեն վերահսկողություն է լինելու այդ ընտանիքների նկատմամբ։ Համաձայն նոր օրենսգրքի՝ մինչ որդեգրումը, որդեգրող ծնողը ստորագրելու է փաստաթուղթ, որով խնամակալության մարմնի մասնագետը իրավունք է ստանալու մուտք գործել որդեգրող ընտանիք։

«Կարծրատիպը պետք է կոտրվի, մնացած իրավական դրույթներում փոփոխություն կատարվի, գաղտնիության պահը վերան, երեխայի իրավունքը գերակա համարվի, քանի որ այն բխում է երեխայի լավագույն շահից», - ասում է Լ․Հայրապետյանը։

Մինչ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումը, այժմ որդեգրող ընտանիքերում հսկողություն իրականացնելու հստակ մեխանիզմ չկա. որդեգրող ընտանիքներ այցեր չեն լինում, այդ երեխաների ընթացիկ կարգավիճակից ընթացիկ հաշվետվություններ չեն ներկայացվում, այսինքն՝ եթե որևէ արտակարգ դեպք չի լինում այդ ընտանիքներում, պետական կառույցը նրանցից տեղեկություն չի ունենում։ Հայրապետյանը հավաստիացնում է, որ քանի որ ստուգումների արդյունքում են ընտրվում որդեգրող ընտանիքները, այդ ընտանեկան հարաբերություններում մեծամասամբ անախորժություններ չեն լինում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter