Սեյրան Օհանյանի ուղերձը հաշմանդամ դարձած ազատամարտիկներին և զինծառայողներին
Սիրելի զինակից ընկերներ,
Դեկտեմբերի 3-ը, երբ ողջ աշխարհը նշում է սահմանափակ աշխատունակությամբ մարդկանց օրը, մեզ համար առանձնահատուկ իմաստ ունի, և բոլորս ավելի խորն ենք գիտակցում «Հաշմանդամների միջազգային օր» հասկացությունում ամփոփված ցավն ու խորհուրդը:
Սպիտակի աղետալի երկրաշարժը, ապա Արցախյան ազատամարտը շատերին գամեցին սայլակին կամ պատճառելով առողջական անդառնալի վնասներ՝ զրկեցին լիարժեք աշխատելու և արարելու հնարավորությունից:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, արցախահայության ֆիզիկական գոյությունը և հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու համար դուք գիտակցված գնացիք սուրացող գնդակներին, ռումբերի ու ականների պայթյուններին ընդառաջ՝ կանգնեցնելու նրանց մահաբեր ընթացքը, և դրա համար անչափ թանկ գին վճարեցիք:
Բայց փոխարենը ձեր անձնուրաց նվիրումն օրինակ դարձավ ներկա ու եկող սերունդների, զինվորների ու սպաների համար, և նրանց ազատ, անկախ ու պաշտպանված հայրենիք ավանդեցիք: Ձեր սխրանքն անմահ է և ապրում է մեր հայրենիքի ու նրա զինված ուժերի ամեն մի ձեռքբերման, բացվող յուրաքանչյուր խաղաղ օրվա մեջ:
Լավ հասկանում եմ ու կիսում ձեզ ու ձեր ընտանիքներին բաժին ընկած դժվարությունները, բայց, իմ խորին համոզմամբ, կարևորը հոգով ու դատողությամբ առողջ լինելն է, և մեր երկիրն ամենից առաջ հենց այդպիսի մարդկանց կարիքն ունի:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի ողջ անձնակազմի անունից մաղթում եմ ձեզ ոգու արիություն, տոկունություն, առողջություն և խաղաղ ու երջանիկ կյանք ձեր պաշտպանած Հայրենիքում:
Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը հնարավորության սահմաններում ամեն ինչ անում է և կանի ձեր հոգսը թեթևացնելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել