HY RU EN

Գրիշա Բալասանյան

Ովքե՞ր են լողանում Գյումրիի սոցիալական բաղնիքում. հետաքրքրված է Հովհաննես Մարգարյանը

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանին այսօր հետաքրքրում էր շուրջ 2 տարի Գյումրի քաղաքում գործող սոցիալական բաղնիքը, որն ունեցել է ավելի քան 2000 շահառու: Պատգամավորը նշեց, որ ըստ ԶԼՄ-ների հրապարակումների` 2 տարիների ընթացքում Գյումրիի աղքատիկ բյուջեից շուրջ 25 միլիոն է հատկացվել այդ բաղնիքին:

Հ. Մարգարյանն ասաց, որ 2016թ. հոկտեմբեր ամսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում երկու անգամ դիմվել է դատախազություն, որպեսզի ուսումնասիրություն կատարվի և պարզաբանվի՝ ովքեր են օգտվել բաղնիքի ծառայություններից և ուր է գնացել այդ 25 միլիոն դրամը: Պատգամավորը նշեց, որ գյումրեցիները հարց են առաջ քաշում, թե այդ սոցիալական բաղնիքում իրականում մարդի՞կ, թե փողեր են լողացել:

«Չգիտենք, պարզ չի»,-ասաց պատգամավորը` նշելով, որ մինչ օրս գործուն քայլեր չեն ձեռնարկվել, թեև գրությամբ պատասխան են ստացել, որ դատախազությունը պարզաբանումներ կտրամադրի:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ թյուր տպավորություն է, որ կառավարությունը երկրում տեղի ունեցած ցանկացած վեճի, իրավիճակի, կապ չունի՝ ընտանեկան է, ՏԻՄ-ին վերաբերող, թե դատախազությանը, պետք է անդրադարձ կատարի:

«Ես կարծում եմ, որ մենք մեր ժամանակը պետք է օգտագործենք ավելի արդյունավետ: Կառավարությունն իրավունք չունի դատախազությանը նման հանձնարարություններ տալ: Վստահ եմ` Դուք ինձանից էլ լավ գիտեք, Սահմանադրությունն էլ Ձեզ քաջ հայտնի է: Եթե Ձեզ մոտ կասկածներ կան, որ տեղի է ունեցել հանցագործություն, ես կարծում եմ ուղակիորեն կարող եք դիմել դատախազությանը: Եթե գրավոր դիմեք մեզ, կարող ենք այս դեպքում փոստատարի դերակատարում ստանձնել և հարցն ուղարկել դատախազությանը»,-ասաց Դ. Հարությունյանը:

Նրա կարծիքով` անթույլատրելի կլինի, եթե կառավարությունը սկսի միջամտել դատախազության գործունեությանը: Դա կլինի ոչ թե քայլ առաջ, այլ՝ նահանջ:

Հովհաննես Մարգարյանը կարծես թե շահագրգռված չլինելով դիմել Գլխավոր դատախազությանը` ասաց, որ այդ մասին արդեն բարձրաձայնեց և տեղեկացրեց, որ նման պատասխան են ստացել: