HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«2500 մարդու դրել են աքցանի մեջ և ստիպել են պայմանագիր ստորագրել». նաիրիտցիները դիմել են դատարան

«Նաիրիտ գործարան»-ի 21 աշխատակիցներ դիմել են Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան: Նրանք պահանջում են մասնակի անվավեր ճանաչել «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի հետ կնքած պահանջի իրավունքի զիջման պայմանագիրը:  

Նրանցից 16 աշխատակիցներ նույն դատարանում, բայց արդեն «Նաիրիտ գործարան»-ի սնանկացման գործով, առարկում են նաև գործարանի սնանկացումից բխող պարտատերերի ցուցակից իրենց հանելու դեմ: Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում նրանք դատավոր Արմեն Չիչոյանին փորձում էին բացատրել, որ  «Նաիրիտ գործարան»-ի նկատմամբ իրենց իրավունքների զիջման պայմանագիրը, որով զիջել են իրենց աշխատավարձերի տոկոսները և ստացել  մայր գումարները, ստորագրել են ստիպողաբար՝ ճնշման տակ: Այլ պարագայում իրենց սպառնացել են չվճարել աշխատավարձերը:

«2500 մարդու դրել են աքցանի մեջ և ստիպել են պայմանագիր ստորագրել»,- ասաց Զորիկ Հովհաննիսյանը:

«Եղել է ճնշում և խաբեություն»,- հավելեց Արա-Գեղեցիկ Կարեյանը:

Գործարանի առաջատար ինժեներ Կարինե Շահվերդյանն ասում է, որ սնանկացման գործում «Նաիրիտ 2» ՓԲԸ-ն «Նաիրիտ գործարան»-ից հիմա պահանջում է նաև իրենց աշխատավարձի տույժ-տուգանքների տոկոսները, մինչդեռ իրենց վճարվել է միայն մայր գումարը: Այսինքն՝ «Նաիրիտ 2»-ն ուզում է յուրացնել իրենց աշխատավարձերի տույժերը:

Մինչդեռ սնանկության գործով կառավաիչ Կարեն Ասատրյանը նիստի ավարտից հետո «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «Նաիրիտ 2»-ը «Նաիրիտ գործարան»-ից պահանջել է միայն պայմանագրում նշված գումարները:

Դատավոր Չիչոյանը հարցադրման շեշտադրումն այլ կերպ արեց՝ արդյոք այդ քաղաքացիներն անձամբ են ստորագրել այդ պայմանագիրը: Ստանալով «այո» պատասխանը՝ նա այլ պարզաբանումներն ու պատճառաբանություններն առաջարկեց կամ դրսում անել, կամ էլ  վարչապետի մոտ, ում հետ հանդիպումների և իրենց տրված խոսոտումների մասին հղումներ էին անում գործարանի նախկին աշխատակիցները:

Նաիրիտցիները հիմնավորում էին, որ նախքան այդ պայմանագիրը իրենք դատարանով հաստատված և մայր գումարի, և տուժանքների բռնագանձման վճիռներ ունեն, սակայն դրանք չեն իրագործվել: Փոխարենն իրենց դեմ են տվել «Նաիրիտ 2»-ին պահանջի իրավունքի զիջման պայմանագրերը, որի ստորագրման հիմքով էլ իրենց հանել են պարտատերերի ցուցակից:

Նորայր Հակոբյանը «Նաիրիտ գործարան»-ի ներկայացուցիչ Արմեն Աբովյանին հարց ուղղեց, թե արդյոք «Նաիրիտ 2»-ին պահանջի իրավունքի զիջման այդ պայմանագրով կարճվում է դատարանի որոշումը, և պայմանագիրը գերակա է դատարանի արդեն կայացրած ակտից: Արմեն Աբովյանը, երկար ու բարակ բացատրությունների հետո, պատասխանեց, որ՝ այո, պահանջի իրավունքը զիջելու դեպքում դատարանի վճիռը պարտադիր պետք է կարճվի:

Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը դատարանին հայտնեց, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավոր վարույթում արդեն իսկ աշխատակիցները վիճարկում են այդ պայմանագիրը, սակայն դեռևս դրա վերաբերյալ դատական ակտ չկա:

Սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանն էլ ասաց, որ այս պահի դրությամբ այս 14 քաղաքացիների պահանջը վերաբերելի չէ «Նաիրիտ գործարան»-ին:

Առարկություն էր ներկայացրել նաև Կարեն Իսրայելյանը և Կարեն Հակոբյանը: Վերջինս, հիշեցնենք, միակ քաղաքացին է, որ չի ստացել իր աշխատավարձը և նաև չի ստրոագրել «Նաիրիտ 2»-ին իր իրավունքների զիջման պայմանագիրը: Նրանք էլ առարկում էին իրենց՝ պարտատերերի «ը» ենթաբաժնում ընդգրկելու դեմ և ուզում էին, որ իրենց ընդգրկեն «է» բաժնում: Սնանկության գործով կառավարիչը չառարկեց:

Փետրվարի 10-ին դատարանն այս առարկությունների մասին իր որոշումը կկայացնի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter