
Ոստիկանները կավատների տանիք կամ ինչպես են վաճառում հայ կանանց
Էդիկ Բաղդասարյան, Արփինե Հարությունյան
«Ինձ խաբեց իմ ընկերուհին` Արմենուհին: Խոստացավ լավ վարձատրվող աշխատանք Արաբական Էմիրություններում: Ես էլ մեկնեցի: Այնտեղ ինձնից վերցրեց իմ անձնագիրը, ստիպեց մարմնավաճառությամբ զբաղվել, որպեսզի իր համար փող աշխատեմ»,- ասում է վանաձորցի Նարինե Կարապետյանը (հոդվածի մեջ «զոհերի» անունները փոխված են):
34-ամյա Նարինեն բնակվում է Վանաձորում: Վանաձորն իր մեծությամբ եւ բնակչության թվով Հայաստանի երրորդ քաղաքն է: Գտնվում է Հայաստանի հյուսիս-արեւելքում` Երեւանից 120 քմ հեռավորության վրա: Պաշտոնական տվյալներով` այստեղ ապրում է 120 հազար մարդ: Տարեկան 30-40 հազար տղամարդ մեկնում է արտագնա աշխատանքի: Ոչ պաշտոնական տվյալներով` քաղաքում մարդկանց թիվն այսօր չի գերազանցում 50 000-ը: 1988թ. երկրաշարժն ավերեց քաղաքի մեծ մասը, քայքայվեց տնտեսությունը: Զոհվեց 800-ից ավելի մարդ, տասնյակ հազարավորները մնացին անօթեւան եւ գործազուրկ:
Նարինեին հանդիպեցինք Վանաձորի ծայրամասերից մեկում գտնվող իր բնակարում: Երբ Արաբական միացյալ էմիրություններից վերադարձավ, ոչ ոք նրան չընդունեց: Ստիպված` վարձեց մի սենյականոց բնակարան ու մինչ այսօր երկու անչափահաս որդիների հետ այնտեղ է ապրում: Տանն ընդամենը մանկական մի աթոռ էր ու սեղան: Նստում են գետնին հարմարեցված անկողնու ներքնակին: Բնակարանի ջերմաստիճանը դրսից ցածր է. չեն տաքացնում: Վարձը չվճարելու պատճառով ամիսներ շարունակ տոնը հոսանքազրկվել է: Ծանոթներից պարտքով փող է վերցնում, հաց գնում:
Ամուսինը սպանվել է Ռուսաստանում: Նարինեի մայրը մեզ պատմեց, որ նա գողություն էր արել ու փախչել Վանաձորից: Ռուսաստանում գտնվելու տարիներին երբեք չի օգնել ընտանիքին, Նարինեն հարազատների օգնությամբ է պահել երեխաներին: Որպես վաճառողուհի` աշխատել է Վանաձորի խանութներից մեկում: Բայց աշխատավարձը չի բավարարել ընտանիքի կարիքները հոգալուն: Հետեւել է ընկերուհու` Արմենուհու խորհրդին. մեկնել է Արաբական միացյալ էմիրություններ հույս ունենալով աշխատել որեւէ խանութում կամ սրճարանում եւ հարստացած վերադառնալ: «Արմենուհին իմ մանկության ընկերուհին էր: Ես իրեն միշտ վստահել եմ, ինքն ինձ շատ լավություններ է արել: Մտքովս անգամ չէր անցնում, որ իմ հետ այդպես կվարվի»,- ասում է Նարինեն: Նա չի իմացել, որ ընկերուհին Էմիրություններում զբաղվում է մարմնավաճառությամբ: Արմենուհին ասել է, թե կարուձեւ է անում:
2001թ. գարնանը Արմենուհին Վանաձորից մեկնել է Էմիրություններ, այնուհետեւ հուլիս ամսին իր մոտ տարել նաեւ Նարինեին ու ոմն Օֆելյայի: Նարինեն տղաներին թողել է ծանոթներից մեկի` Ռ. Բ.-ի մոտ եւ մեկնել: Օդանավակայանից նրանց ճանապարհել է Արմենուհու եղբայրը` Արտակ Սիմոնյանը: Արաբական Միացյալ Էմիրություններում Արմենուհին դիմավորել է Նարինեին եւ հենց օդանավակայանում վերցրել անձնագիրը: «Արմենուհին ինձ ասեց, որ պիտի մարմնավաճառությամբ զբաղվեմ, թե չէ կմնամ էնտեղ ու «կփտեմ»: Նա ինձ ասաց, որ 10 000 դոլար պետք է տամ իրեն, որպեսզի ետ ստանամ անձնագիրս: Իսկ Օֆիկին տեղավորեց ինչ-որ սրճարանում»,-պատմում է Նարինեն: Աբու Դաբի քաղաքի Լոնդրի Բիլդինգ կոչվող շենքում Արմենուհին բնակարան էր վարձել: Մոտ 8 ամիս Նարինեն զբաղվել է մարմնավաճառությամբ` 1 ժամի համար վճարվելով մինչեւ 200 դոլար: Օրական ընդունել է 6-7 տղամարդ: Նրա հետ շատ դաժան են վարվել, ծեծել են, հարկադրաբար աշխատեցրել անգամ վատառողջ ժամանակ: Որպես կանոն` Արմենուհին հաճախորդներից նախապես վերցրել է փողը` ասելով, թե վերջում կկիսվեն: Նարինեի պատմելով` միայն ինքը նման վիճակում. Էմիրություններում բազմաթիվ հայ աղջիկներ կան, նույնիսկ 16-17 տարեկաններ: Այնտեղ գտնվելու ժամանակ Նարինեն պարբերաբար փող է ուղարկել երեխաներին` ութ ամսվա ընթացքում մոտ 1250 դոլար:
«Ես այլեւս չէի կարողանում էնտեղ մնալ, ես ապրանքի դեր էի տանում, կարծես ստրուկ լինեի:Շատ անգամներ արաբ տղամարդիկ տեսնում էին, որ լացում եմ, ինձ չէին կպչում, խղճում էին»,-հիշում է Նարինեն: Մի օր էլ Նարինեն, պատահմամբ ներքնակի վրա կարեր տեսնելով, քանդել է եւ միջից գտել իր անձնագիրը: Վերցրել է այն ու Արմենուհուց պահանջել աշխատած գումարը, որպեսզի վերադառնա Վանաձոր: Արմենուհին հրաժարվել է որեւէ գումար տալ: Նարինեին օգնել է մի արաբ տղամարդ: Նրա համար տոմս է գնել եւ 2002թ. ապրիլ ամսին ուղարկել Հայաստան: Երեւանի օդանավակայանում Նարինեին դիմավորել են Արտակ Սիմոնյանը, Հովիկ Վարդանյանը (Վանաձորի ոստիկանության աշխատակից) եւ Հովիկի եղբայր Հենոն: Վանաձոր վերադառնալուց մի քանի օր անց ոստիկանության աշխատակիցներ Հովիկն ու Գագիկը Նարինեին տարել են Ռոբերտ Կարապետյանի (մականունը` Ռեմբո) մոտ: Վերջինս Վանաձորի ոստիկանության բաժանմունքում օպեր է:
«Ռեմբոն բարկացած հարցրեց, թե ինչի չեմ ներկայացել իրեն ու արդյոք չգիտեմ, որ Էմիրաթներից եկած աղջիկներով ինքն է զբաղվում: Հետո էլ սպառնաց, թե ինձ կզրկի մայրական իրավունքներից, եթե դիմում չգրեմ իր թելադրանքով ու 500 դոլար չտամ իրեն: Ես էլ գրեցի այն ամենի մասին, ինչ պատահել էր ինձ հետ Էմիրություններում»,-ասում է Նարինեն: Դիմումի մասին Նարինեն տեղեկացրել է Արտակին` Արմենուհու եղբորը, պահանջել, որ քույրը վերադարձնի իր պարտքը` 8 750 դոլար: Արտակը Նարինեին է տվել 200 դոլար` պայմանով, որ մնացածը հետո կտա: Նարինեի ասելով` Արտակը ստորագրել է, որ գումարը տրվում է սեռական շահագործման ենթարկելու համար: Այնուհետեւ Արտակը խորհրդակցել է Ռոբերտ Կարապետյանի հետ` պարզելու համար իր հետագա անելիքները: Ռ.Կարապետյանն էլ կրկին սպառնացել է Նարինեին, որ Արտակին այլեւս չանհանգստացնի, եւ որ Արմենուհին պարտք չէ: Նարինեի կարծիքով` այս պատմության ետեւում նախեւառաջ կանգնած է ոստիկանության աշխատակից Ռոբերտ Կարապետյանը: «Ռեմբոն ինձ ասեց, որ ինքն է այդ գործի տերը ու պետք է մշտապես իրեն դիմեմ: Ռեմբոն ամեն ինչի մասին տեղյակ էր, գիտեր, որ Արմենուհին ինձ մեծ գումար է պարտք, դրա համար էլ ուզում էր իմ միջոցով փող աշխատել»,-մեկնաբանում է Նարինե Կարապետյանը:
Հայաստան հասնելուն պես Նարինեն իր հետ կատարվածի մասին տեղեկացրել է ոչ միայն իրավապահ մարմիններին, այլ նաեւ ՀՀ արտգործնախարարությանը: Արտաքին գործերի նախարարությունից 17.06.03 թ. ստացել է հետեւյալ գրությունը. «Ի պատասխան Ձեր ս.թ. հունիսի 3-ի դիմում-նամակի տեղեկացնում ենք, որ ըստ ՀՀ պետական մարմիններից ստացված տեղեկատվության` Լոռու մարզային եւ Տրանսպորտային վարչությունների աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է հետեւյալը.
Վանաձորի բնակիչներ Արմենուհի Հրաչիկի Սիմոնյանը եւ իր եղբայր Արտակ Հրաչիկի Սիմոնյանը 1990-2003թթ. ընթացքում հավաքագրել եւ սեռական շահագործման նպատակով Արաբական միացյալ էմիրություններ են տեղափոխել մի շարք կանանց, այդ թվում` Վանաձոր քաղաքի բնակչուհիներին:
Արտակ Սիմոնյանի վերաբերալ նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն: Ներկայումս ձեռնարկվում են միջոցառումներ Արմենուհի Սիմոնյանին հայտնաբերելու ուղղությամբ»:
Նարինեն հիմա չի աշխատում: Ամիսներ առաջ աշխատել է հացի փռում: Ազատվեց աշխատանքից, քանի որ աշխատավարձը ցածր էր, իսկ առողջությունը` լրիվ քայքայված: Նրա երիկամները էմիրություններում շարքից դուրս են եկել: Երեխաները մեկ ու կես տարի դպրոց չեն գնացել. դասագրքեր, գրենական պիտույքներ, հագուստներ չունեն: Նրանցից երես են թեքել բոլոր հարազատները: «Ես գիտակցում եմ, որ իմ աղջկան խաբել են: Բայց, անկախ ամեն ինչից, ես չեմ կարող ներել նրան, քանի որ մեզ չլսեց, հետո էլ շարունակեց անբարո կյանքը»,- ասում է Նարինեի մայրը` տիկին Հասմիկը:
Նարինեն իր իրավունքները պաշտպանելու խնդրանքով դիմել է նաեւ տարբեր միջազգային կառույցների: Վերջիններս խոստացել են օգնել նրան: «Ես ամեն գնով պիտի պայքարեմ, որ Արմենուհին վերադարձնի իմ աշխատած գումարը` 8750 դոլարը: Ինքը շատ մեծ փողերի հետ է խաղում, ու դրանից օգտվում են մեր ոստիկանության աշխատակիցները»,- պնդում է Նարինեն:
Այս փաստի առթիվ հարուցված է քրեական գործ որով, զբաղվում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Կավատ Արմենուհին սովորաբար տարին մի քանի անգամ գալիս էր Հայաստան: Սակայն Նարինեի` իրավապահ մարմիններին դիմելուց հետո նա այլեւս Հայաստան չի եկել: Արդեն երրորդ տարին է: Նրա այստեղի գործընկերները զգուշացրել են քրեական գործի մասին: Իրավապահ մարմիններին հայտնի է նրա գտնվելու վայրը, Հայաստանում նրան օժանդակողների, իրավապահ մարմինների այն աշխատակիցների անունները, ովքեր հավաքագրել են եւ սեռական շահագործման նպատակով Արաբական էմիրություններ են ուղարկել Նարինեին ու բազմաթիվ այլ հայ աղջիկների:
Բացի Նարինեից, Ա.Սիմոնյանի կավատության զոհ են դարձել վանաձորցի այլ կանայք: Նրանք բոլորն էլ վախենում են որեւէ բան պատմել, հրաժարվում են հանդիպումներից: Տուժած կանանցից մեկի մայրն ասաց, որ իր աղջիկը հոգեկան խանգարումներ ունի եւ չի կարող խոսել: Օֆելյան, որ Նարինեի հետ մեկնել էր Էմիրություններ, համաձայնեց զրուցել: Սակայն Վանաձորում մեզ հետ խոսեց Օֆելյայի աղջիկը: «Դատախազության քննիչ Արմեն Թամազյանն ասեց, որ դուք լիազորված չեք մեզ հանդիպել: Իմ մայրը Ձեզ որեւէ բան չի պատմի: Փաստաբաններն էլ նույն խորհուրդը մեզ տվեցին»,- ասաց նա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել