HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը որոշումը կասեցրել է, իսկ ԴԱՀԿ-ն շարունակում է պահանջել նախկին վճռի կատարումը

Լուսինե Ղաբուզյանը և Կարեն Խեչոյանը համատեղ կյանքի ընթացքում ունեցել են հինգ երեխա: Նրանք ամուսնալուծվել են: Երկու անչափահաս երեխաները մնացել են Լուսինե Ղաբուզյանի մոտ` Վանաձոր քաղաքում, իսկ երեք անչափահաս երեխաները՝ Կարեն Խեչոյանի մոտ՝ Լոռու մարզի Արջուտ համայնքում:

Ընդ որում, այս ընտանիքում բռնությունը եղել է կենսակերպ։ Կարեն Խեչոյանը, ով ղարաբաղյան պատերազմի վետերան է, մեղադրվում է տարիներ շարունակ կնոջը և երեխաներին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Նման վերաբերմունքի պատճառը կնոջ հետ ունեցած կենցաղային վեճերն են եղել։

«Ես ու էրեխեքս ռեժիմով ծեծ էինք ուտում: Էս էրեխեքը ամիսներով դպրոց չեն գնացել, մինչև կապտուկները լավանան», - պատմում էր Ղաբուզյանը:

Հերթական վեճից հետո հայրը մեծ դստերը՝ 16-ամյա Մարուսյային, շղթայով կապել է գոմի մսուրից: Նման գործողությունների միջոցով, ինչպես Խեչոյանն է նշել դատարանում, ինքը փորձել է դաստիարակել դստերը:

Մարուսյան փաստաբանին պատմել է հոր դաստիարակչական մեթոդներից ևս մեկի մասին. «Տրամադրում էր մամայի դեմ, ու մենք շատ է եղել, որ մամայի դեմ ցուցմունք ենք տվել ոստիկանությունում, եթե չանեինք, պապան մեր մատերը դնում էր վառարանի վրա ու վառում»:

Վերջին ծեծից հետո Լուսինեն քթի կոտրվածքով, գլխուղեղի վնասվածքով և բազմաթիվ կապտուկներով ընկել է հիվանդանոց: Դուրս գալով հիվանդանոցից՝ նա աջակցության համար դիմել է «Կանանց աջակցման կենտրոն» կազմակերպությանը, որտեղ էլ նրան և 2 երեխաներին առանձին կացարան են տրամադրել։ Խեչոյանի հետ մնացել են ամուսինների մյուս 3 զավակները։

Որոշ ժամանակ անց Լուսինե Ղաբուզյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որով խնդրել է վերադարձնել երեք անչափահաս երեխաներին և միաժամանակ հինգ անչափահաս երեխաների բնակության վայրը սահմանել իր մշտական բնակության վայրը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բ.Գրիգորյանը նշված հայցադիմումն ընդունել է վարույթ (քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0853/02/16):

Լուսինե Ղաբուզյանը Դատարանին ներկայացրել է ՀՀ ոստիկանության 21.11.2016թ. գրությունը, որից հետևում է, որ իր երեք անչափահաս երեխաները՝ Կարեն, Կարինե և Արեն Խեչոյանները, բնակվում են ք.Վանաձոր, Մոսկովյան 52-23 հասցեում: Այդ ապացույցով հաստատվում է այն փաստը, որ երեխաները Լոռու մարզի Արջուտ համայնքում իրենց հոր մոտ չեն բնակվում:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն՝ ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք։

Լուսինե Ղաբուզյանը որոշել է վերցնել մյուս երեք երեխաներին ևս, սակայն կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի 27.12.2016թ. որոշումից հայտնի է դարձել, որ դատավոր Բ.Գրիգորյանը թիվ ԼԴ/0853/02/16 քաղաքացիական գործով կայացրել է հայցի ապահովում կիրառելու մասին որոշում, որով արգելել է Լուսինե Ղաբուզյանին իր մոտ պահել Կարեն, Կարինե և Արեն Խեչոյաններին և երեխաներին վերադարձնել հորը՝ Կարեն Խեչոյանին, մինչև վերջնական դատական ակտ կայացնելը: Այս որոշումը բողոքարկել է Լուսինե Ղաբուզյանը, քանի որ դատավորի գործողություններում առկա էին ակհայտ խախտումներ։ Ավելի ուշ, դատական որոշմամբ կասեցվել է դատավոր Բ․ Գրիգորյանի որոշումը, սակայն ԴԱՀԿ-ն շարունակում է հետամուտ լինել նախկին որոշման կայացմանն ու «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ին բազմաթիվ գրություններ հղել (օրինակ 1, 2)՝ պահանջելով դատական՝ արդեն բեկանված վճռի կատարում։

Հիշեցնեմ, որ դեռևս անցած տարվա աշնանը ԴԱՀԿ չկատարված վճիռների դեմ բողոքի էին դուրս եկել մայրերը, որոնք տարիներով չեն կարողանում ստանալ իրենց երեխաներին։ «Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության կոալիցիայի» և լրագրողների ջանքերով հնարավոր եղավ ընդամենը երկու դեպքով հաջողություն գրանցել, մյուս դեպքերով մայրերը տակավին սպասում են ԴԱՀԿ գործողություններին և դատական ակտերի կատարմանը։ Միաժամանակ՝ մինչ օրս այդ կառույցը չի փորձել բացատրել, հիմնավոր իր գործողություններն ու կամայականությունները։ Սակայն այժմ, երբ խնդիրը վերաբերում է մորից երեխաներին բռնարար հորը վերադարձնելուն, անասելի ջանասիրությամբ լծվել է գործի, անգամ անուշադիր գտնվելով դատարանի նոր որոշման նկատմամբ։

Այս ակնհայտ խտրական և տարբեր կոռուպցիոն ռիսկերով լեցուն մոտեցումն առնվազն անընդունելի է և պետք է վերանայվի ու պատշաճ քննության առնվի՝ իրավասու կառույցների կողմից։

Զարուհի Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter