HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմավիրի մարզպետ պարոն Ղահրամանյան, ի՞նչ է, Դուք օրենքից վե՞ր եք». Անահիտ Բախշյան

«ՀՀ վարչապետի  ուշադրությունն եմ հրավիրում երկրում տարածված այս խնդրի վրա: Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Սրապիոնյանի հետ մարզպետի կնքած պայմանագրի ժամկետը լրացել է 2016թ. նոյեմբերի 15-ին: Տնօրենի ընտրության կարգի համաձայն՝ դպրոցի կառավարման խորհուրդը եռամսյա ժամկետում պետք է կազմակերպի և անցկացնի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը: Ըստ դպրոցի կառավարման խորհրդի որոշման՝ 2017-ի հունվարի 20-ին  նշանակվել է մրցույթի օր: Նկատենք, որ դպրոցի կառավարման խորհրդում մարզպետն ունի երկու ներկայացուցիչ՝ Արմավիրի մարզի ԱԻՆ-ի աշխատակից Աշոտ Հակոբյանն ու մարզպետարանի աուդիտի բաժնի աշխատակից Վիգեն Խաչատրյանը: Հավելեմ, որ խորհրդի նախագահը հենց ԱԻՆ աշխատակիցն է, կասկածից վեր է՝ մարզպետի ցուցումով: Հունվարի 20-ին մրցույթին ներկայացել են դպրոցի կառավարման խորհրդի 5 անդամներ, չեն ներկայացել խորհրդի նախագահ Աշոտ Հակոբյանը, Վիգեն Խաչատրյանն ու ԿԳՆ-ի կողմից նշանակված Վարդանաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հակոբ Հովասափյանը: Ըստ վերոնշյալ կարգի՝ մրցույթն իրավազոր է համարվում, եթե մասնակցում են խորհրդի 6 անդամներ: ԿԳՆ ներկայացուցիչն արձանագրել է  մրցույթի ոչ իրավազոր լինելն ու հետաձգել է 5 աշխատանքային օրով: Հունվարի 27-ին կրկնվել է նույն պատմությունը. կրկին չի ներկայացել դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Հակոբյանը, ու քանի որ մեկ թեկնածու է եղել, գործող կարգի համաձայն՝ հայտարարվելու է  նոր մրցույթ:

Մարզպետների կողմից կիրառվող շատ հայտնի մանիպուլյացիա է, երբ տարբեր պատճառներով, նաև կոռուպցիոն, նրանք ուզում են ազատվել  գործող տնօրենից՝ հայտարարելով,  ինչպես  պարոն Ղահրամանյանն է ասել, տնօրենը չի համապատասխանում այդ  պաշտոնին:

Ի գիտություն պարոն Ղահրամանյանին, նախ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված է, թե որ դեպքում անձը չի կարող առաջադրվել, ընտրվել դպրոցի տնօրեն, երկրորդ՝ տնօրենի գործունեությունն ուսումնասիրելն ու այդ անհամապատասխանությունն արձանագրելը ԿԳՆ Կրթության տեսչության գործառույթն է, ոչ՝ մարզպետինը:

Մեկ այլ հարց.  ի՞նչ տրամաբանությամբ է մարզպետը դպրոցի կառավարման խորհրդում որպես տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ նշանակում մարզի ԱԻՆ աշխատակցին, որն էլ, իհարկե իր ցուցումով, դառնում է խորհրդի նախագահ, ինչպե՞ս է այս մարդն ապահովելու  դպրոցում ժողովրդավար կառավարումն ու պաշտպանելու երեխաների կրթության  շահերը, մի՞թե դպրոցի  մանկավարժներից որևէ մեկն արժանի չէր այդ դերակատարմանը: Ակնհայտ է, որ այստեղ էլ ամեն ինչ թելադրվել է մարզպետի կողմից, որպեսզի  դպրոցն ամբողջությամբ լինի իր համար վերահսկելի ու կառավարելի: Հարց է ծագում, թե դպրոցի կառավարման խորհրդի նախագահն ու 2 անդամներն ինչու չեն ներկայացել երկու նիստերին էլ, պատասխանն ակնհայտ է՝ մրցույթը տապալելու նպատակով:

Հ.Գ. ՀՀ մարզպետերին, այս դեպքում ի դեմ Արմավիրի մարզպետի, բոլորովին չի հետաքրքրում  կրթության կազմակերպման գործընթացի օրինականությունը, նրանք առաջնորդվում են միայն  այլ շահերով»:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter