
Անհատույց օգտագործման իրավունքով տարածք՝ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությանը
Կառավարությունն այսօր չքննարկվող կարգով հավանության արժանացրեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի որոշման նախագիծը, որով Երևանի քաղաքապետին առաջարկվում էր Երևանի սեփականությունը հանդիսացող Ազատության պողոտայի 1/16 հասցեում գտնվող 369 մ2 մակերեսով հողամասը անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությանը` դեսպանի կեցավայրի տեղակայման համար` պահպանելով փոխադարձության սկզբունքը:
Համաձայն կառավարություն ներկայացված փաստաթղթերի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը 2016 թվականի հունվարին գնել է Ազատության 1/16 հասցեում գտնվող հողամասը՝ դեսպանի կեցավայրի համար: Հողամասը գտնվել է պարսպապատված վիճակում: Սակայն այն ձեռք բերելուց հետո դեսպանատան շենքը նախագծելու համար կատարվել են գեոդեզիա և սահմանների ճշգրտում, ինչի արդյունքում պարզվել է, որ դեսպանատան կողմից ձեռք բերված տան պարիսպների ներսում տան առջևի և աջ հատվածում կա տարածք, որը գրանցված չէ սեփականության վկայականում և չի համապատասխանում տան հատակագծին` չնայած, որ գտնվում է կառուցապատված պարսպի ներսում: Դրա փոխարեն տան ձախ կողմում կա տարածք, որր սեփականության վկայականով պատկանում է դեսպանությանը, սակայն պարսպից դուրս է և այնտեղ կառուցված է ավտոճանապարհ:
Այդ պատճառով դեսպանությունը դիմել է Երևանի քաղաքապետարան` վերոնշյալ հողատարածքները փոխանակելու հարցով, ինչի արդյունքում հողամասի ընդհանուր տարածքից մի հատված արդեն իսկ փոխանակվել է, իսկ մնացած տարածքը հանդիսանում է հուշարձանի պահպանության գոտի, որն էլ գործադիրը որոշեց անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել դեսպանությանը:
լուսանկարը` Paolo Rosa / Flickr.com
Մեկնաբանել