
Իշխան Զաքարյանը հեռանում է վերահսկիչ պալատից և միանում Գագիկ Ծառուկյանին
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնից հրաժարվելու և Գագիկ Ծառուկյանին միանալու մասին հայտարարություն է տարածել, որը հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Հայտարարությունը ներկայացնում ենք նույնությամբ:
«Հարգելի գործընկերներ, հայրենակիցներ,
Այսօր ես դիմում եմ ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ հրաժարական տալով ՀՀ Վերահսկիչ Պալատի նախագահի պաշտոնից:
Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Վերահսկիչ Պալատի իմ բոլոր գործընկերներին՝ անցած 10 տարիների արդյունավետ և հետևողական աշխատանքի համար: Շնորհակալ եմ բոլոր այն կառույցներից և գործիչներից, ում հետ այս ընթացքում աշխատել եմ որպես Վերահսկիչ Պալատի նախագահ:
Այս տարիներին ես ձեռք եմ բերել արժանավոր աշխատանքային ընկերներ, որոնց հետ, վստահ եմ, մեր մարդկային ջերմ հարաբերությունները շարունակվելու են:
Ես ասել էի, որ այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի քաղաքականության փակված էջը բացելու մասին, որպես Ծառուկյանի ընկեր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից մեկը՝ լինելու եմ իմ ընկերոջ կողքին: Դա իմ բարոյական և քաղաքական պարտքն է :
Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների ուղենիշը: Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ մեր թիմը անելու է առավելագույնը՝ ազատ և արդար ընտրությամբ յուրաքանչյուր քաղաքացու քվեն տեղ հասցնելու համար:
Ես հավատում եմ մեր ժողովրդի հաղթանակին:
Հարգանքով՝ Իշխան Զաքարյան»
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել