HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստանը օդային հաղորդակցությունների համաձայնագիր կկնքի նաև Սիրիայի հետ

Կառավարությունն այսօր չքննարկվող կարգով հավանության արժանացրեց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի առաջարկը, որով Հայաստանի և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջև կկնքվի օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր։

Համաձայն կառավարություն ներկայացված հիմնավորման՝ համաձայնագրի կնքումն ուղղված է օդային հաղորդակցությունների ոլորտում երկու պետությունների հարաբերությունների լիարժեք և պատշաճ իրավական կարգավորմանը, «Բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը և երկու պետությունների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը:  

Կնքվող համաձայնագրի հավելվածներով սահմանվում են յուրաքանչյուր կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործման համար համաձայնեցված հաղորդակցությունների երթուղիների ցանկը, սահմանվում են դրույթներ ոչ կանոնավոր չվերթների վերաբերյալ և այլն:

«Համաձայնագրի կնքման արդյունքում օդային հաղորդակցությունների ոլորտում երկու պետությունների հարաբերությունները լիարժեք կկարգավորվեն միջկառավարական համաձայնագրի շրջանակում, ինչպես նաև Համաձայնագրի կնքումը կնպաստի երկու պետությունների միջև զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների  զարգացմանը»,- ասվում է որոշման նախագծում։

Հիշեցնենք, որ չքննարկվող կարգով կառավարությանն է ներկայացվել նաև Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի Միության կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքմանը համաձայնություն տալու` կառավարության որոշման նախագիծը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter