
Մարտի 3-ը կնշվի որպես գործարարի օր
Կառավարությունը հավանության արժանացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի որոշման նախագիծը, որով նախատեսվում է մարտի 3-ը նշել որպես «Գործարարի օր»:
Ինչպես կառավարություն ներկայացված հիմնավորումում է նշված՝ այս որոշման նախագիծն անհրաժեշտ է ընդունել Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև հայ ժողովրդի կյանքում գործարարի առանձնահատուկ դերն ընդգծելու նպատակով:
Որոշման նախագծով նախատեսվում է «Գործարարի օրը» նշել մարտի 3-ին` կարևորելով այն հանգամանքը, որ 2017թ. մարտի 3-ին լրանում է հայ գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175-ամյակը: «Կարծում ենք` այդպիսով ոչ միայն հարգանքի տուրք կմատուցվի իր գործերով հայ ժողովրդի մեծագույն սերն ու հարգանքը նվաճած մեր ազգի արժանավոր զավակին, այլև հանրության ու նոր սերնդի ուշադրության կենտրոնում կպահի Հայաստանի այն գործարարներին, ովքեր արդեն իսկ ազգօգուտ գործերով ձգտում են նմանվել Ալեքսանդր Մանթաշյանցին»,-ասվում է որոշման նախագծում։
Նախարարությունը ընդգծել է, որ «Գործարարի օրը» մարտի 3-ին նշելու առաջարկը ներկայացվել է նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության կողմից:
լուսանկարը` mfa.am
Մեկնաբանել