
Ֆինանսների նախարարը վտանգավոր չի համարում Հայաստանի պետական պարտքի չափը
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այս տարի 350 միլիոն դոլար լրացուցիչ վարկ վերցնելուն, ասաց՝ քանի դեռ պետությունը իր հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում ունի դիֆիցիտ, ակնհայտ է, որ դրա ծածկման միջոցը պարտքի ներգրավումն է լինելու:
«Քանի դեռ մեր խնայողությունները ավելի պակաս կլինեն, քան ներդրման նկատմամբ մեր պահանջները, բնականաբար մենք պետք է պարտք վերցնենք կամ արտաքին խնայողությունները օգտագործենք։ Պարտքը վտանգավոր է, թե ոչ, կարծում եմ, որ, ո´չ, վտանգավոր չի, դրա մասին բազմիցս անգամ մենք խոսել ենք։ Ընդ որում, երեք օր առաջ կլոր սեղան քննարկման ժամանակ ես նաև բերեցի հարաբերական ցուցանիշներ, ու այդ ցուցանիշներով մենք դեռևս գտնվում ենք նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում»,- ասաց նախարարը։
Իսկ լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ինչպես է պետությունը 2020 թվականին մարելու 500 միլիոն դոլարի պարտքը, նախարարը պատասխանեց, որ պետք է «նայեն» կանխիկ հոսքերին և հնարավոր է, որ 100-200 միլիոն դոլարը մարեն, մնացածը «նետեն» ավելի հեռու, ինչը կախված կլինի շուկայական իրավիճակից։
Մեկնաբանել