Կավատներին բռնում են, փող վերցնում ու ազատ արձակում
Արփինե Հարությունյան
Էդիկ Բաղդասարյան
«Կյանքս խորտակված է: Եթե ուզեմ էլ, այլեւս ոչ մի բան փոխել չի լինի: Ես կործանված մարդ եմ ու չգիտեմ` ինչքան կկարողանամ այսպես ապրել»,-ասում է 38-ամյա Մերի Հովհաննիսյանը (անունը փոխված է):
Մերին ապրում է Երեւանում ծնողների ու եղբոր հետ: Ընտանիքը, սակայն, տեղյակ չէ նրա աշխատանքի մասին: Ամեն ինչ անում է, որպեսզի շրջապատում չիմանան, որ ինքը մարմնավաճառ է եւ դրանով է փող աշխատում:
«Այս աշխատանքը ստիպված եմ կատարում, քանի որ այլ գործ չեմ գտնում»,-սրճարանում մեր զրույցի ժամանակ հանգիստ պատմում էր Մերին: 1997թ. նա ծանոթացել է Սերյոժա անունով մի տղամարդու հետ: Այդ ժամանակ Մերին սրճարանում մատուցողուհի էր: Բայց աշխատավարձը ցածր էր, իսկ ընտանիքն ինքն էր պահում:
«Սերյոժան ասաց, որ Հունաստանում աշխատանքի համար լավ վարձատրում են, ու կարող ենք մեծ փողեր աշխատել: Ասաց, որ վերադառնանք, կկարողանանք տուն առնել, մի խոսքով` ապահով ապրել»,-շարունակում է Մ. Հովհաննիսյանը: Մերին համաձայնվում է: Տոմսեր գնելու համար Սերյոժան նրանից վերցնում է անձնագիրը:
Մեկնելու օրը Երեւանի օդանավակայանում Սերյոժան տեղեկացնում, որ նախ մեկնում են Դուբայ, ապա` Հունաստան: «Սերյոժան ինձ ասեց, որ Դուբայից պիտի փող վերցնենք ու գնանք: Բայց ինձ խաբեց ու թողեց Դուբայում»,- ասում է Մերին:
Դուբայի օդակայանում Սերյոժային ու Մերիին դիմավորում է մի կին: Սերյոժան Մերիի անձնագիրը հանձնում է նրան ու հեռանում: Հետո Մերին իմանում է, որ բացի իրենից, Սերյոժան Էմիրություններ է բերել նաեւ ուրիշ կանանց: Մերիին բացատրում են, որ ինքը «վաճառված է», իսկ անձնագիրը կստանա 6000 դոլար վճարելուց հետո:
«Առաջին անգամ էի Հայաստանից դուրս եկել ու չգիտեի` ինչ անել: Ոչ լեզու գիտեի, ոչ քաղաքն էի ճանաչում, մոտս էլ փող չկար: Նույնիսկ զանգել չէի կարող»,-պատմում է Մերին:
Նրան տեղավորում են Աբու Դաբիի «Ռոկ Ալհադի» կոչվող հյուրանոցում: Մի քանի ամսում աշխատում է 6000 դոլարը, բայց անձնագիրը չեն վերադարձնում: Այն 3000 դոլարով վաճառում են մի այլ հայ կնոջ: Մերին պարտավորված էր եւս 3000 դոլար աշխատել` երկրորդ կավատի ձեռքից ազատվելու համար: Այդ գումարն աշխատելուց ու վճարելուց հետո Մերին կրկին «վաճառվում է»:
«Էդպես ես ձեռքից ձեռք էի ընկնում ու տանջվում ճորտի պես: Ծեծում էին, երբ չէի ուզում կամ չէի կարողանում աշխատել: Անգամ հիվանդ ժամանակ դեղ չէին տալիս: Ընկերներ չունեի, ոչ մեկին հնարավոր չէր վստահել: Բացի այդ, կավատներն այնպիսի պայմաններ էին ստեղծել, որ աղջիկները մեկը մյուսին մատնում էին»,-պատմում է Մերին:
Մերիի կավատներից մեկի անունը Մարիետա էր: Նա գլխավորն էր եւ նրա ենթակայությամբ Արաբական միացյալ էմիրություններում աշխատում էին մյուս կավատները` Անահիտը, Նանոն, Նելլին, Ժանան: Կավատները բնակվել են առանձին հյուրանոցում: Նրանցից յուրաքանչյուրն ունեցել է 10-15 հայ աղջիկ` իրենց անձնագրերով:
Մերին օրական ընդունել է 15-20 տղամարդ` 5 րոպեի համար վճարվելով 13 դոլար: Նրա պատմելով` անչափահաս աղջիկներին 5 րոպեի համար վճարում էին մինչեւ 200 դոլար: Հայ աղջիկների հիմնական հաճախորդները արաբներն էին: Վերջիններս նախընտրում են հայերին: Մերիի վկայությամբ հայ կանանց թիվը մեծ է Դուբայում: Նրանց տարիքը 15-30 է:
Մերին օրական աշխատել է մոտ 400 դոլար, որից միայն 100-ն է ծախսել իր կարիքների համար, մնացածը մուծել է կավատներին: Դուբայում գտնվելու 6 ամիսների ընթացքում նա աշխատել է շուրջ 15 000 դոլար:
1997թ. փետրվարին Դուբայի ոստիկանությունը ձերբակալել է Մերիին: Նա 3 ամսով ազատազրկվել է:
«Բերդում շատ ծանր էր վիճակս: Բազմաթիվ հիվանդություններ ձեռք բերեցի: Էլ չէի դիմանում էդ կյանքին: Ես համարյա ցնորվել էի»,-հիշում է Մերին:
Նույն տարվա մայիս ամսին նրան արտաքսել են Էմիրություններից: Վերադարձել է Հայաստան լրիվ հյուծված վիճակով, առանց փողի: Որեւէ տեղ չի բողոքել, վախեցել է, թե չեն հավատա ու իրեն կմեղադրեն: Երկար ժամանակ է պահանջվել` ուժերը վերականգնելու համար:
Փորձել է իր մասնագիտությամբ (դերձակ) գործ գտնել, բայց այդպես էլ չի ստացվել: Տարիքը 30 անց էր ու աշխատանքի չէին ընդունում: Մայրը հիվանդ էր, բուժում էր հարկավոր, իսկ ընտանիքն աղքատության մեջ էր ապրում: Որպես հարցի լուծում` շարունակել է Դուբայում սկսած գործը: Այսօր նրան կարելի է տեսնել «Այրարատ» կինոթատրոնի մերձակայքում: Նա դարձել է պրոֆեսիոնալ մարմնավաճառ:
Իրեն եւ իր նման կանանց «վաճառքի» ենթարկելու համար Մերին նախեւառաջ մեղադրում է իրավապահներին. «Մեղավորը նրանք են: Իբր թե բռնում են կավատներին, բայց հետո փող են վերցնում ու ազատ արձակում: Նույն ձեւ վարվեցին նաեւ ինձ վաճառող կավատի` Մարիետայի հետ: Փողը վերցրին ու ազատեցին: Իսկ Սերյոժան ընդհանրապես պատասխանատվության չենթարկվեց, մեկնեց Ռուսաստան: Ստացվում է, որ էդ հանցագործները իրավապահների օգնությամբ հայ կանաց «վաճառում են» մուսուլմաններին»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել