Հրազդան գետի աղտոտվածությունը բացասական է ազդում
«Հայանիստ միջհամայնքային միավորման» կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ'«Քաղացիական գործողություններ հանուն անվտանգության և շրջակա միջավայրի» (CASE) փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվել է «Հրազդան գետի ջրի որակի և քանակի բարելավման ուղղությամբ համայնքների դերի ու պրակտիկ գործողությունների որոշում, պլանավորում և իրականացում» վերնագրով աշխատանք, որի նպատակը Հրազդան գետի ջրին սպառնացող էկոլոգիական ռիսկերի բացահայտումը, դրանց գնահատումը և քարտեզագրումն էր, ինչը հնարավորություն է տվել գնահատել առկա իրավիճակի ազդեցությունը բնակիչների սոցիալ-տնտեսական, առողջական պայմանների և կենսամակարդակի վրա:
Հետազոտության տարածքն ընդգրկել է Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ազատաշեն, Խաչփար, Ղուկասավան, Արբաթ, Դարակերտ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Սիփանիկ, Հայանիստ, Նորաբաց և Հովտաշատ համայնքները:
Բացահայտվել, քարտեզագրվել և գնահատվել են Հրազդան գետի վրա մարդածին և բնածին ճնշումները, որոնց հետևանքով վատթարանում է ջրի որակը և նվազում է որակյալ ջրի քանակը։
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ էկոլոգիական ռիսկերը սերտորեն կապված են բազմաթիվ այլ հիմնահարցերի հետ, որոնք դուրս են այս ծրագրի շրջանակներից' շուկայի անազատականություն, գյուղատնտեսական վարկավորման ոչ բարենպաստ պայմաններ, գյուղատնտեսական տեխնոլոգիաների բարելավման անհրաժեշտություն, գյուղարտադրանքի մթերման խնդիրներ, էներգակիրների և ջրի բարձր սակագին և այլն։
«Էկոլուրը» տեղեկացնում է, որ վերոնշյալ հետազոտությունների արդյունքները հանրությանը ներկայացնելու, ինչպես նաև Հրազդան գետի աղտոտվածության խնդիրները քննարկելու նպատակով Երևանի Օրհուս կենտրոնը միջազգային, պետական և ոչ պետական, ԶԼՄ և այլ կառույցների ու շահագրգիռ անձանց մասնակցությամբ կազմակերպում է հանրային քննարկում: Քննարկումը տեղի կունենա ս.թ. ապրիլի 29-ին' ժամը 15:00-ին Երևանի Օրհուս կենտրոնում, հասցե' Չարենց 46:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել