Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ անող Արթուր Սարգսյանին
Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկ-մասնագետը փետրվարի 10-ին չհայտարարված այց են կատարել արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել այնտեղ պահվող՝ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին:
Ինչպես տեղեկացնում է Պաշտպանի աշխատակազմը, ուսումնասիրվել են նրա պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նաև առանձնազրույց են ունեցել կալանավորված Ա.Սարգսյանի հետ:
Առանձնազրույցների ընթացքում Ա.Սարգսյանը հայտնել է, որ հացադուլ է հայտարարել իր նկատմամբ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց անհիմն ընտրելու կապակցությամբ:
Պաշտպանի աշխատակազմը հավաստիացնում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող Արթուր Սարգսյանի առողջական վիճակի հարցը շարունակվում է գտնվել Պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել