Խուդոյանների ընտանիքն ապրում է տան տանիքի փլուզման վտանգի տակ
Արդեն կես տարի է, ինչ Զովունի գյուղում բնակվող Խուդոյանների յոթ հոգանոց ընտանիքն ապրում է տանիքի փլուզման վտանգի մեջ: «Սա իմ հայրական տունն է: Անցած տարվա քամիներից հետո տանիքը քանդվեց-թափվեց: Ուր դիմեցի, ասացին՝ փող չկա, ստիպված հարեւաններիս օգնությամբ եղածը մի կերպ ամրացրեցի»,- պատմում է Մակո Խուդոյանը: Նա նշում է, որ տանիքը լիարժեք վերանորոգելու կամ նորը կառուցելու միջոցներ չունի, իսկ թուլացած տանիքի ծանրության տակ տան առաստաղը ամեն պահի կարող է փլուզվել. «Մի քանի օր առաջ զանգեցի 911, ասացի, որ տանիքս փլուզման եզրին ա, եթե չգաք, ամբողջ ընտանիքս մնալու է փլատակների տակ, ու ես ինձ կամուրջից գցեմ: Փրկարարները եկան ոստիկանների ու Շտապ օգնության աշխատողների հետ, ինձ ուզում էին գժանոց տանել: Բայց ես գիժ չեմ, ուղղակի ես օգնության կարիք ունեմ»:

Մակո Խուդոյան. «Երկու տարի առաջ բանկից երկու հազար դոլար վարկ վերցրի, անասուն առա, շատ լավ աշխատում էի, ընտանիքս էի պահում, բայց անասնակերը վերջացավ, բանկերն էլ այլեւս գումար չտվեցին, ինչ-որ բանի համար սեւ ցուցակ էին գցել: Ստիպված վաճառեցի կովերն ու էսպես մնացի առանց որեւէ եկամտի»:

«Սենյակների դռները քանդել եմ, տարել եմ, դրել եմ տանիքի վրա»:

«Հիմա եթե թեթեւ քամի էլ լինի, տանիքը միանգամից կքանդվի»:

«Ազգությամբ եզդի եմ, բայց ՀՀ քաղաքացի եմ: Մեր կյանքն էլ հիմա էսպիսին է»:

«Սենյակում նստած ժամանակ կարելի է լսել պատերի ու տանիքի ճռճռոցը ու տեսնել, թե ոնց ա կամաց-կամաց ամեն ինչ փշրվում»:

«Երեք թոռ ունեմ»:

«Մեզ ոչ նպաստ է հասնում, ոչ որեւէ օգնություն: Ասում են՝ երեք մեծահասակով գնացեք աշխատեք: Բայց ո՞նց աշխատեմ, եթե վերջերս մի գործի ընդունվելու համար ինձնից անգլերեն լեզու էին ուզում: Ես եզդի եմ, սկի իմ սեփական լեզուն նորմալ չգիտեմ, բայց աշխատանքի համար անգլերեն են ուզում»:

Բարֆո Խուդոյան. «Ես երեխաների հետ տանն եմ մնում, մինչեւ ամուսինս, հարսս ու տղաս գնում են որեւէ գործ անելու ու հացի փող գտնելու: Օրը մարդա երեք հարյուր դրամով անասունի տակ մաքրելու են գնում: Այլ աշխատանք ոչ մեկ մեզ չի տալիս»:

«Կրտսեր թոռս երկու ամսական ա ու պետք ա մեծանա էս պայմաններում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել