HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղաղության և պատերազմի դիսկուրսի 2016թ. հետապրիլյան մետամորֆոզները հայկական և ադրբեջանական հանրային հարթակներում

Լաուրա Բաղդասարյան,  «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն

2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը նախորդ երկու տարիների ընթացքում հայ-ադրբեջանական ռազմուժերի միջև հաճախացած բախումներին տրամաբանական ավարտուն փուլի բնույթ հաղորդեց: Բախումներ, որոնք կա՛մ իրենց տարածքային ընդգրկման առումով  (երբ տեղի էին ունենում միանգամից երկու կամ նույնիսկ երեք ուղղություններում, ներառյալ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը), կա՛մ իրենց բնույթով և չգրված որոշակի կանոնների խախտմամբ (օրինակ, երբ խոցվեց հայկական ռազմաուսումնական ուղղաթիռը հայկական զինուժերի զորավարժությունների ժամանակ, նոյեմբեր, 2014թ.), կա՛մ գործի դրված զինատեսակներով (նաև խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր, ծանր զրահատեխնիկա և այլն) գրեթե աննախադեպ էին յուրաքանչյուր նախորդ միջադեպի համեմատ:  

Սա, ըստ էության, հրադադարի ռեժիմը դե ֆակտո հիմնովին չեղարկման մի գործընթաց էր, որը նախաձեռնեց Ադրբեջանը, և որի արդյունքում արդեն 2015թ. վերջին ՀՀ մի քանի պաշտոնյաներ հայտարարեցին, թե մենք (Հայաստանը) այլևս պատերազմական վիճակում ենք գտնվում:

Այն, որ Հայաստանը պատերազմական վիճակում գտնվող երկիր է, մինչև 2014-2016թթ. սահմանային բախումների սաստկացման փուլը հանրային հարթակներում հնչում էին հիմնականում արմատական խմբերի կողմից: Ապրիլից հետո հայաստանյան լայն հանրության մեջ վերադարձավ պատերազմի մեջ գտնվելու զգացողությունը, որը, ի դեպ, Լեռնային Ղարաբաղի բնակչությանը երբեք չի էլ լքել, անգամ 1994թ. մայիսից հետո եղած հարաբերականորեն հանդարտ ժամանակահատվածներում:

Ադրբեջանի բնակչությանն էլ երկրի պաշտոնական և հանրային այլ գործիչներ մշտապես հիշեցնում էին, որ նրանք պատերազմող երկրի քաղաքացիներ են: Սա ոչ թե այն պատճառով, որ սպասում են հակառակորդի կողմից պատերազմի սանձազերծմանը, այլ այն, որ վաղ թե ուշ միայն պատերազմով է տեղի ունենալու տարածքների վերադարձը և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի իրավասությունների վերականգնումը: Առավել արմատական տրամադրված շերտերում (հիմնականում կորուսյալ հայրենիքի, օկուպանտ ու վայրագ հայերի մասին պատմություններով դաստիարակված երիտասարդների շրջանում) կա այնպիսի համոզմունք, որ ինչքան շուտ լինի դա, այնքան լավ: Ավելիին հասնելու և ավելի լայնածավալ գործողություններ տարածելու կոչերը հատկապես սկսեցին հնչել պատերազմի օրերին Բաքվի փողոցներում ընթացող ուսանողական երթերում[1]:    

«ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԼՈՒԾՈՒՄ»` ՀԵՏԱՊՐԻԼՅԱՆ ՏԱՐԸՆԹԵՐՑՄԱՄԲ

Ապրիլյան դեպքերը հայկական և ադրբեջանական հանրային մակարդակներում տարբեր սահմանումներ են ստացել:

Հայկական կողմում մի քանի տարբերակների (բախումներ, լայնածավալ գործողություններ) կարճատև շրջանառումից հետո վերջնականապես ամրագրվեց «ապրիլյան քառօրյա պատերազմ» ձևակերպումը. «Պատերազմ, որը սանձազերծեց Ադրբեջանը, որոշ տարածքներ շահեց, բայց մեծ հաշվով չհասավ իր բուն նպատակին»: Սա ունի իր խորքային ներքին և արտաքին ուղերձը, ինչպես դա արվեց 90-ականների սկզբին:

Ադրբեջանական հանրային հարթակներում ապրիլի առաջին մի քանի օրերին առավել հաճախ հեռարձակվում էր «պատերազմը, որի մասին մենք այդքան խոսում էինք, և որի շնորհիվ կկարողանանք վերադարձնել մեր հողերը, վերջապես իրականանում է» պաթոսը: Ապա պաշտոնական ատյանների կողմից սկսեց շրջանառվել «ապրիլյան գործողություն» ձևակերպումը: Գործողություն, որը «ծավալեց Ադրբեջանն ի պատասխան հայկական սադրանքների, և որի արդյունքում վերադարձրեց իր տարածքների մի մասը: Եվ այդպես կլինի նաև հետագայում»[2]: Խորքային ներքին ու արտաքին ուղերձի համաձայն՝ սա կամ դեռ այն՝ իսկական պատերազմի նախերգանքն է, կամ ապագա նման գործողությունների շարքի սկիզբը, այնքան գործողությունների, որոնց շնորհիվ մաս առ մաս Ադրբեջանը վերջնականապես կազատագրի իր հողերը հայ օկուպանտներից:  

Ապրիլյան պատերազմն արմատապես փոխեց հայ հասարակության վերաբերմունքը բանակցությունների առարկայի, հնարավոր ելքի և այլ ածանցյալ հարցերի նկատմամբ:

Բանակցությունների նկատմամբ վերաբերմունք – Ի տարբերություն Ադրբեջանի, ով պարբերաբար Հայաստանի հետ բանակցությունները (այսինքն չպատերազմելը) ներկայացնում էր որպես իր կողմից իրականացվող զիջողականություն, հայկական կողմը միշտ է հայտարարել Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես քաղաքական բանակցությունների միջոցով կարգավորելու իր դիրքորոշման մասին: Նույնիսկ այն ժամանակ, երբ օրակարգում հրադադարի ռեժիմի խախտման միակ հարցն է եղել, որը Ռուսաստանի նախաձեռնությամբ ընթացել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջին դեմքերի մակարդակով (օգոստոս, 2014թ.): ԼՂՀ-ից հնչող կարծիքները բանակցությունների` որպես խնդրի կարգավորման մեխանիզմի մասին ունեին մեկ տարբերություն, այն է՝ Հայաստանի կողմից բանակցություններ վարելը ճիշտ ձևաչափ չէ, Լեռնային Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ, իսկ Հայաստանը բանակցային գործընթացին պետք է մասնակցի որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր։     

Նախ, առաջին անգամ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի պատմության մեջ փոխվեց վերաբերմունքն առհասարակ Ադրբեջանի հետ որևէ հարցով բանակցելու նկատմամբ: Ավելին, բանակցությունների վերսկսմանը համաձայնելու համար հայկական կողմն առաջ քաշեց նախապայմաններ, որոնք ուղղված էին թե՛ Ադրբեջանին (վստահության միջոցառումներ, քանի որ ոչ հուսալի գործընկերոջ հետ Հայաստանը չի կարող նստել սեղանի շուրջ), թե՛ միջազգային հանրությանը (հասցեական գնահատականներ, երաշխիքներ):

Իսկ այն, որ այդ նախապայմաններն առաջ քաշելուց քիչ անց Հայաստանի իշխանությունները համաձայնեցին գնալ Վիեննայի (մայիս, 2016թ.) և Սանկտ Պետերբուրգի (հունիս, 2016թ.) հանդիպումներին, բացատրվեց ոչ թե որպես առաջ քաշված պայմանների չեղարկում, այլ ընդառաջում ՄԽ միջնորդների, ապա նաև` Մոսկվայի` հանդիպման գնալու առաջարկությանը, հնարավոր է` խնդրանքին[3]

ԼՂՀ ճանաչում – Ապրիլյան պատերազմն ակտիվացրեց Ղարաբաղյան հարցի լուծման թեման ներհայկական մակարդակում. պաշտոնապես և հրապարակային քննարկվեցին ԼՂՀ-ը ճանաչելու, իսկ հանրային շրջանակներում նաև` այն Հայաստանի կազմում հռչակելու տարբերակները: Դրանք մինչ այդ պարզապես համարվում էին հիմնականում ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակիցներից բաղկացած խմբերի կամ առանձին քաղաքական ուժերի դիրքորոշումներ և գնահատվում էին որպես պոպուլիստական, անխուսափելիորեն նոր պատերազմի հանգեցնող պահանջներ:   

Կարգավորում և հակամարտության լուծում – Եթե այս եզրույթները մինչև ապրիլյան պատերազմը հայկական կողմում ընկալվում էին որպես համարժեք երևույթներ, ապա ապրիլից սկսած դրանք լիցքավորվեցին տարբեր բովանդակություններով:

«Կարգավորումը», ըստ էության, շարունակվեց շրջանառվել որպես քաղաքական միջոց, բանակցությունների վերսկսում՝ նախևառաջ ռազմաճակատում կայուն իրավիճակի հաստատման նպատակով, իսկ «հակամարտության լուծում»-ը ներառեց նաև պատերազմի գաղափարը:

Այդպիսով, 2016թ. ապրիլից հետո «պատերազմի իրավունքը» դադարեց լինել բացառապես ադրբեջանական դիսկուրսի մենաշնորհը:

Ադրբեջանում տարբեր ժամանակահատվածներում (կախված հասցեատիրոջից` ներքին լսարան և հակառակորդ, արտաքին լսարան) այդ իրավունքը տարբեր դրդապատճառներով է ներկայացվել: Ներքին լսարանին պատերազմի անհրաժեշտությունն ավանդաբար բացատրվում է Ադրբեջանի տարածքներն օկուպանտ զորքերից ազատագրելու, պատմական արդարությունը վերականգնելու հրամայականով, իսկ միջազգային հանրության համար հնչեցվում են տարածքային ամբողջականության վերականգնման, վերջերս նաև՝ հակաահաբեկչական լայնածավալ գործողության թեզերը:

Հընթացս ռազմաճակատում իրավիճակի պարբերաբար սաստկացմանը հայկական կողմում (հանրային տարբեր խմբեր, ռազմական որոշ գործիչներ, բայց ոչ պետական շրջանակներ) սկսեցին արտահայտվել Ադրբեջանին պատերազմի միջոցով խաղաղություն պարտադրելու, ռազմաճակատում նրա կողմից նախաձեռնվող ռազմական գործողությունների շարքն այլևս կասեցնելու թեզը: 

ՀԱՅԵՐԻ` «ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄԸ», ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ` «ՈՉ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԸ

Մինչև վերջերս պատերազմի և խաղաղության մասին Ադրբեջանի հանրության համար սահմանված դրույթները լիովին համապատասխանում էին այն պաշտոնական վերաբերմունքին, որը ցուցադրվում էր հայկական կողմի հետ հանրային հաղորդակցական հարաբերություններ ունեցող սեփական քաղաքացիական խմբերի նկատմամբ: Նրանք մարդիկ էին, որոնք հիմնականում չէին տեղավորվում «նախքան ադրբեջանական պայմաններով ղարաբաղյան հակամարտության լուծումը հայերի հետ ոչ մի կապ» բանաձևի շրջանակներում:

Ճիշտ է՝ այդ բանաձևը, չնայած 2013թ. կիրառված մի փորձի[4], այդպես էլ օրենսդրական կամ գրավոր այլ փաստաթղթի տեսք չստացավ, բայց 2013-2016թթ. ընթացքում Ադրբեջանի ՀԿ-ների մասին օրենքում կատարվեց 26 փոփոխություն, որոնց արդյունքում երկրում գործող հասարակական կազմակերպությունները, այդ թվում` հայ-ադրբեջանական համատեղ ծրագրեր իրականացնող ՀԿ-ները, դադարեցրեցին իրենց աշխատանքները: Բարդացել էր ՀԿ-ների գրանցման հարցը, օտար ֆինանսավորմամբ գործունեություն ծավալելու համար նրանք պետք է անցնեին մի քանի խոչընդոտների միջով: Ավելին, 2014թ.-ից սկսած իշխանությունները շեշտակի սահմանափակեցին երկրում գործող միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների ցանկը, իսկ նրանք, որոնք մնացել էին, նախքան տեղական ՀԿ-ների հետ փաստացի աշխատանքը պետք է իշխանությունների հետ համաձայնեցնեին իրենց գործունեության ոլորտները: Հասկանալի է, որ մարդու իրավունքների ու ազատությունների, հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված, այսպես կոչված ժողովրդական դիվանագիտության ոլորտներին վերաբերող ծրագրերը պետության հավանությանը, ըստ սահմանման, չէին կարող արժանանալ:

Հայերի հետ որևիցե հաղորդակցման գնացող քաղաքական գործիչներ բնության մեջ չկային: Իշխանությունների ներկայացուցիչների դեպքում դա կնշանակեր դեմ գնալ նախագահի պաշտոնական գծին, իսկ ընդդիմադիրների դեպքում` պարզապես տանուլ տալ իշխանություններին ներքաղաքական պայքարում: Օրինակ, վերջին նախագահական ընտրությունների ժամանակ (հոկտեմբեր, 2013թ.) Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին, ով պետք է դառնար միավորված ընդդիմության կողմից Իլհամ Ալիևի դեմ դուրս եկող թեկնածուն, ասում էր, որ «Ժողովրդական դիվանագիտությունն ընդունելի է այն ժամանակ, երբ պատերազմող երկրները հասել են փոխընդունելի խաղաղ համաձայնագրի կնքմանը: Միայն դրանից հետո թշնամական տրամադրությունները մարելու համար պետք է գործի դնել ժողովրդական դիվանագիտությունը: Հիմա ժողովրդական դիվանագիտության մեջ Ադրբեջանի ներքաշվելը նշանակում է համակերպվել տարածքների օկուպացման հետ»[5]: Սա իշխանական դիրքորոշման ճշգրիտ կրկնություն է:

Անուն առ անուն կարելի է թվարկել ադրբեջանական այն հանրային դեմքերին, որոնք քաղաքական կարիերայի անցնելիս (օրինակ Միլի Մեջլիսի պատգամավոր դառնալու նպատակով) դադարեցնում էին իրենց մասնակցությունը հայ-ադրբեջանական՝ բացառապես միջազգային կազմակերպությունների, տարբեր արևմտյան երկրների կառավարությունների, հիմնադրամների միջնորդությամբ ու ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերին: Ո՛չ Հայաստանի և ԼՂՀ-ի, ո՛չ էլ Ադրբեջանի իշխանությունները երբեք մինչ այդ խաղաղարար համատեղ ծրագրեր չեն ֆինանսավորել: Չնայած, ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմում  մարգինալ էին այն խմբերը, որոնցով դատապարտում էին ադրբեջանցիների հետ համագործակցությունն ու հաղորդակցական կապերը: Ընդհանուր առմամբ, այդ շրջանի համագործակցությունը կարելի է բնութագրել այս կերպ` հայերը խնդիր ունեին մեկնելու Ադրբեջան միջազգային տարբեր միջոցառումների մասնակցելու հարցում, ադրբեջանցիները խնդիր կարող էին ունենալ այլ վայրերում հայերի հետ նման միջոցառումներից հետո Ադրբեջան վերադառնալուն պես: Հաճախ այդպես էլ լինում էր, երբ ադրբեջանական մամուլում տպագրվում էին հայերի հետ անգամ երրորդ երկրներում կոնֆերանսների ու այլ միջոցառումների մասնակցած հայրենակիցների ցուցակները` «ճանաչենք մեր դավաճաններին» ենթատեքստով: 

Մինչ օրս ՀԿ-ների գործունեության օրենսդրական վերջին երկու-երեք տարիների սահմանափակումները մնում են ուժի մեջ, և ադրբեջանական նախկին հասարակական կազմակերպությունների փոխարեն սկսեցին հայտնվել նորերը` պետության կողմից հատկացվող իրենց գրանտներով ու իշխանություններին իրենց լոյալությամբ:

Ապրիլին Ադրբեջանն ունեցավ ոչ այնքան տարածքային կամ ռազմական, որքան ներքաղաքական, հոգեբանական շահույթ: Ի կատար ածվեց տասնյակ տարիներ իր հասարակության համար որպես խոստում, իսկ հայերի համար որպես սպառնալիք հնչեցվող գործողություն/պատերազմը: Դրանից հետո ռազմաճակատում լարվածությունը շարունակում է պահպանվել մինչ օրս: Բացի 2016թ.  հունիսից (0 մարտական կորուստ) ապրիլյան պատերազմից հետո անցած բոլոր ամիսների ընթացքում արձանագրվել է ամսվա մեջ 1-3 մարտական կորուստ հայկական զորքերում: Դրանք ադրբեջանական կողմից արձակված դիրքային կրակակոծության կամ ադրբեջանական դիվերսիոն ներխուժման փորձի հետևանք են:

Անցած տարվա դեկտեմբերին Բաքվում տեղի ունեցավ «Էրիվան» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որը, ըստ էության, կոչված է համայն աշխարհին ապացուցելու, որ ՀՀ ներկայիս մայրաքաղաքն իրականում ադրբեջանական խանություն է եղել և շնորհիվ ադրբեջանական մեծահոգության է անցել հայերին: Շնորհանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարեց, որ բացի այս ֆիլմից պետք է նաև այլ կարգի քարոզչական միջոցներ կիրառել: Օրինակ, պետք է տպագրել և Ադրբեջան այցելած զբոսաշրջիկներին բաժանել բացիկներ, այլ տեսակի նյութեր հայերին անցած ադրբեջանական պատմական Էրիվանի մասին:[6]

2017թ. հունվարին Ի. Ալիևը մասնակցեց Նախիջևանում նոր ռազմական զորանոցի բացման արարողությանը և ի տես բոլորի ցուցադրեց Թուրքիայից գնված T-300 Kasirga համազարկային կրակի ռեակտիվ համակարգը: Ադրբեջանական և հայկական մամուլն արձագանքեց Նախիջևանից Երևանին հասցվելիք համազարկային կրակի և ադրբեջանական խոշոր քաղաքներ ոչնչացնող պատասխան կրակի մասին նյութերով:  

2017թ. հունվարի երկրորդ կեսին ավանդական հեռակա բանավեճ ծավալվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Երկուսն էլ զինվորական լսարանների առաջ հայտարարություններ արեցին: Առիթը ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած միտքն էր, որ Ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի ներքին գործը չի կարող համարվել այստեղից բխող բոլոր հետևանքներով: Ս. Լավրովը պատասխանել էր ադրբեջանցի լրագրողի հարցին`արդյո՞ք Ռուսաստանը կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին, եթե նա հակաաաբեկչական գործողություն ծավալի Լեռնային Ղարաբաղում հաստատված հայ ահաբեկիչների դեմ: 

ՀԱՅԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԻՑ

Բաքվի խաղաղության պլատֆորմ կոչվող գործընթացի մասին հայտնի դարձավ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին, սակայն մեծ սենսացիա, թե այսուհետ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չեն պատժելու, այլև իրենք են առաջ մղելու հայ-ադրբեջանական հանրային կապերը, ի սկզբանե տեղի չունեցավ: Սա ոչ միայն այն պատճառով, որ բացառապես քարոզչական ենթատեքստով և հեռահար արտաքին քաղաքական նշանառության գործընթացը ծավալվում էր/է վերը նշված ռազմական ու տեղեկատվական լարվածությանը զուգահեռ, այլ հիմնականում զուգակցվող  սկանդալների և հայերին հղված ուղերձների: 

2016թ. նոյեմբերի 8-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրեցին Բաքվում երեք հայի (իրենց բնորոշմամբ` հայտնի իրավապաշտպանների) մասնակցությամբ տեղի ունեցած «Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտություն, հիմնական խոչընդոտներ և հեռանկարներ. հայացք Հայաստանից և Ադրբեջանից» խորագրով կոնֆերանսի մասին: Մեկ ամիս անց նրանք և ադրբեջանցի մի քանի գործիչներ, այդ թվում` խորհրդարանի պետականաշինության և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, մինչ այդ, այսպես կոչված, ժողդիվանագիտական բնագավառում տասնյակ տարիներ աշխատած հայկական ՀԿ-ներին անծանոթ ադրբեջանական ՀԿ-ների ներկայացուցիչները տարածեցին Բաքվի խաղաղության պլատֆորմ կազմակերպության ստեղծման մասին` հռչակելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց և Ադրբեջանի իշխանությունների համար ընդունելի տարբերակը. պլատֆորմը պետք է նպաստի Ադրբեջանի տարածքների, այնուհետև այնտեղ ադրբեջանցի փախստականների անհապաղ վերադարձին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հաստատմանը բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Այն սկանդալները, որոնք կապված էին «խաղաղության հետևից» Բաքու մեկնած հայերի հետ նախքան նրանց՝ նոր պայմաններով և հրամայականներով ժողովրդական դիվանագիտության ճանապարհի վրա կանգնելը[7], սկանդալները, որոնք զուգորդում էին հընթացս հայազգի քաղաքացիների` պլատֆորմին միացնելու խնդրի լուծման ճանապարհին[8], արդեն իսկ խամրեցրել էին Ադրբեջանի «նոր, խաղաղարական իմիջի» փայլը:

Այս գործընթացը զարգանում է մի քանի ուղղություններով: Նախ հավաքագրվում է հայազգի տարբեր անհատների համաձայնությունը: Կարևոր չէ՝ նրանք բնակվում են Հայաստանում, թե այլ երկրներում, անգամ՝ նրանք իրականում ինչ կարծիք ունեն հռչակված դրույթների մասին: Կարևորը մեծաթիվ հայկական ազգանունների առկայությունն է ցուցակում: Երկրորդ ուղղությունն արտասահմանյան տարբեր գործիչների ու մասնագետների` Բաքվի նախաձեռնությունը ողջունելու գործընթացի ապահովումն է, հետևաբար նաև՝ հռչակված դրույթներին անմիջականորեն կամ միջնորդավորված կողմ հանդես գալու ցուցադրումը: Ի դեպ, այս ուղղությունում էլ եղան մի քանի հերքումներ, ինչպիսին տարբեր երկրներում բնակվող հայերի դեպքում էր:  

Ինչի՞ հետ են կապվում այդ հերքումները: Սովորաբար Բաքվից տրվում է «Ինչպե՞ս եք վերաբերվում հայերի և ադրբեջանցիների հասարակական հաղորդակցությանը, և, օրինակ, հայերի ժամանմանը Բաքու» հարցը: Բնական է, որ հայ-ադրբեջանական հանրային մակարդակում շփումների իսպառ բացակայության պայմաններում, ինչը, ի դեպ, տարբերում է Ղարաբաղյան համակարտությունը հետխորհրդային տարածքների հակամարտություններից, հարցին տրվում է դրական պատասխան: Սակայն ադրբեջանական մամուլում ներկայացվում է հենց այդ կոնկրետ պլատֆորմի կոնկրետ դրույթներով սատարման փաստ: Այսպիսին էր, օրինակ, հայկական և ադրբեջանական մասնագիտական շրջանակներին քաջ հայտնի բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալի դեպքում[9]: Իսկ դրանից հետո ինձ հետ հարցազրույցում նա ասաց. «Ես ողջունում եմ ժողովրդական դիվանագիտությունն ընդհանրապես և կարծում եմ, որ նման շփումների սղությունը թուլացնում է ղարաբաղյան խաղաղ գործընթացը: Առանց ադրբեջանցի և հայ քաղաքացիների ակտիվ մասնակցության, առանց հասարակությունների, այլ ոչ թե քաղաքական գործիչների մակարդակով երկխոսությունների բանակցային գործընթացը վեր է ածվում ղեկավարների էլիտար մի գործի, որոնք հետո վստահ չեն կարողանում լինել, որ իրենց դիրքորոշումը ստանում է հասարակության արձագանքը: Այդ պատճառով, երբ Ծննդյան տոների արձակուրդների ժամանակ ինձ զանգահարեցին Բաքվից և հարցրեցին, թե ինչպես եմ վերաբերվում մի քանի հայերի Բաքու ժամանելու և այնտեղ ղարաբաղյան հարցը քննարկելու փաստին, ես, իհարկե, պատասխանեցի, որ դրական եմ վերաբերվում: Բայց ասացի, ընդհանուր առմամբ, առանց մանրամասների մեջ խորանալու:    

Իսկ հիմա Բաքվի պլատֆորմի տեքստին և Բաքվում այն ստորագրած հայերի մասին տեղեկատվությանը ծանոթանալուց հետո կարող եմ միայն ափսոսանքով ասել, որ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Հարցումների արդյունքներով հայերի 1%-ից էլ քիչ մասն է ընդունում այն գաղափարը, որը փաստորեն առաջ է քաշվում Բաքվի պլատֆորմում, և որը նշանակում է վերադարձ 1988թ. դիրքերին, այն իրավիճակին, որի պատճառով էլ սկսվեց հակամարտությունը»:[10]

Նույնը տեղի ունեցավ նաև Ադրբեջանում ԵՄ գրասենյակի ղեկավար Մալենա Մարդի հետ, ով սկզբում, ըստ ադրբեջանական մամուլի, ողջունել էր Բաքվի պլատֆորմը[11], իսկ հետո հանդես էր եկել հայտարարությամբ, որ կարևոր է համարում բարդ թեմաների առիթով տարբեր խմբերի երկխոսության սատարումը, բայց, քանի որ տեղեկատվությունը ստանում է մամուլից, չի կարող մեկնաբանել կամ գնահատական տալ Բաքվի պլատֆորմի աշխատանքին[12]:

Բաքվի «կտրուկ խաղաղարար քարոզչական շրջադարձի» մյուս առանձնահատկությունն այն է, որ այն ընթանում է ադրբեջանական (գլխավորապես իշխանական թևի) մամուլում տեղեկատվության ակտիվ ուղեկցությամբ: Վարագույրը բացեց և անհրաժեշտ շեշտադրումների ուղեցույցը տվեց Ադրբեջանի նախագահի վարչախմբի ղեկավար Ռամիզ Մեհթիևն իր ծավալուն (27 էջ) հոդվածով[13]: Այստեղ նա նշում է, թե որքան կարևոր են չկարգավորված հակամարտության պարագայում ժողովուրդների ներկայացուցիչների միջև հանրային քննարկումները: Բայց նաև զգուշացնում էր Հայաստանի նախագահին, որ եթե նա չանսա իր հասարակության ներկայացուցիչների ցանկություններին (այն է` ադրբեջանցիների հետ նրանց պայմաններով խաղաղություն կնքելուն), ապա շատ վատ կլինի հայերի և Հայաստանի համար: Նաև՝ ադրբեջանական ժողովուրդն այնքան բարի է, որ ժամանակին հայերին է զիջել Էրիվանի խանությունը: Նշենք, որ այս հոդվածը նույն օրն արտատպեցին ադրբեջանական իշխանամետ մի շարք լրատվամիջոցներ[14]:

Ներկայումս պլատֆորմն ակտիվ քարոզողների թվում հանդես են գալիս իշխանական այլ գործիչներ ևս, որոնք մինչ այդ նույն էնտուզիազմով անում էին բոլորովին հակառակ պնդումներ: Օրինակները շատ են, թվարկումը՝ անիմաստ, քանի որ սրանք զանգվածային երևույթներ են: 

Բաքվի պլատֆորմի քարոզի տեղեկատվական ապահովմանը լծված ԶԼՄ-ների շարքում առաջին ջութակի դերը ստանձնել է haqqin.az կայքը:

Ժամանակին հենց այս կայքն էր առաջնորդում 90-ականների սկզբին Սումգայիթում և Բաքվում հայերի ջարդերի թեմայով վեպի հեղինակ Աքրամ Այլիսլիի դեմ քարոզչական հարձակումները և հիմնավորում նրա դեմ ծավալված բռնաճնշումների, հոգեբանական շանտաժի դրդապատճառները: Հայտնի իրավապաշտպան և մեր կենտրոնի հետ համատեղ ծրագրեր իրականացնող Լեյլա Յունուսի և նրա ամուսնու՝ բախումնաբան և պատմաբան Արիֆ Յունուսի դեմ բռնարարքների փուլում (2014-2015թթ.) հենց haqqin.az-ն էր հանդես գալիս խմբագրական մեղադրականներով` «բացահայտելով» նրանց դավաճանական քայլերը: Օրինակ, որպես ֆոտոփաստ կայքը հրապարակել էր Արիֆ Յունուսի ծնողների ամուսնության վկայականի ֆոտոպատճենը, որն ապացուցում էր, որ նրա մայրն ազգությամբ հայուհի է, իսկ հայրը, թեև ադրբեջանցի է, բայց  հանգամանքների բերումով մեծացել և դաստիարակվել է Ադրբեջանում բնակվող հայ ընտանիքում[15]: Կայքի տրամաբանությամբ այս հանգամանքը պետք է հիմնավոր բացատրություն դառնար ադրբեջանական հասարակության համար, թե ինչու են ամուսինների դեմ առանձնահատուկ դաժանություն ցուցաբերել իշխանությունները:

Ի՞նչ ուղերձներ են հղվում հակառակորդ հայերին: Նախ, որ Ադրբեջանը համաձայնել է այդ քայլին` անսալով ապրիլյան պատերազմից վախեցած հայկական հասարակության ներկայացուցիչների խնդրանքներին[16]: Եվ երկրորդ` դրանով Ադրբեջանը ևս մեկ, բայց վերջին հնարավորությունն է տալիս Հայաստանին կործանարար պատերազմից խուսափելու համար[17]:

XXX

2016թ. ապրիլյան պատերազմը որոշակիորեն փոխեց հայաստանյան հասարակության վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության առիթով տասնյակ տարիներ շրջանառվող մի շարք կայուն ձևակերպումների, գործընթացների նկատմամբ: Կասկածի տակ դրվեց բանակցությունների նպատակահարմարությունը. §խնդրի լուծում¦ հասկացությունն այլևս ենթադրում է նաև Ադրբեջանին խաղաղության պարտադրանքի քայլը` պատերազմը:  

Ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի բնակչության, ով միշտ հարվածների առաջին թիրախն է եղել և առիթ չի էլ ունեցել մոռանալու պատերազմի վերսկսման վտանգի մասին, հայաստանյան հասարակությունը վերադարձավ այդ ընկալմանը հենց ապրիլյան պատերազմից հետո: Ադրբեջանում պատերազմի մասին խոսակցությունները մշտապես շրջանառվել են հանրային հարթակներում ոչ թե այն պատճառով, որ սպասել են հակառակորդի կողմից պատերազմի սանձազերծմանը, ինչպես հայկական կողմում է եղել, այլ դա եղել և մնում է պաշտոնական քարոզչության առանցքային դրույթներից մեկը:

Ապրիլյան պատերազմից հետո տեղի ունեցավ հայկական հասարակության ռադիկալացում: «Պատերազմի իրավունքը» դադարեց լինել բացառապես ադրբեջանական դիսկուրսի մենաշնորհը, քանի որ ապրիլը ոչ թե չորս օր տևած ռազմական ամբողջական գործողություն էր, որը եղավ և ավարտվեց, այլ իրավիճակ էր, որից հետո լարվածությունը շարունակվեց կայուն պահպանվել, ընդ որում, ինչպես ռազմաճակատում ամեն ամիս տեղի ունեցող բախումների, այնպես էլ դրանց տեղեկատվական սպասարկման տեսքով: 

Այս պայմաններում վատ կազմակերպված քարոզչական գործողության տպավորություն է թողնում Բաքվի «խաղաղարար փոխակերպումը», որը չունեցավ կազմակերպիչների համար ենթադրելի սենսացիոն ազդեցությունը: Եվ եթե կա մի հասարակություն, ով իրապես զարմացած է այդ ամենից, ապա դա սեփական՝ ադրբեջանական հասարակությունն է: 

Բաքվի խաղաղության պլատֆորմ կոչված գործընթացը բացարձակ նման չէ հայ-ադրբեջանական ժողովրդական դիվանագիտություն կոչվող այն համագործակցությանը, որը տասնյակ տարիներ ծավալվում էր հրադադարի առավել կայուն պայմանների համատեքստում: Եվ ահա հիմնական ու սկզբունքային տարբերությունները:

ա/  Բաքվի պլատֆորմը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ` որպես հակամարտության ադրբեջանական պայմաններով կարգավորման մի մեխանիզմ: Հայ-ադրբեջանական հաղորդակցական և այլ ոլորտների համագործակցությունը, հակառակը, այդքան տարիներ հաջողվել է իրագործել՝ շնորհիվ այն բանի, որ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ, բայց կամ հայերի, կամ ադրբեջանցիների օգտին համատեղ քաղաքական հայտարարություններ երբեք չեն արել: Նրանց հայտարարությունները պարունակել են բացառապես խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու դրույթները:

բ/ Բաքվի պլատֆորմը նախաձեռնել և ֆինանսավորում են Ադրբեջանի իշխանությունները, վստահաբար` նախագահի միանձնյա որոշմամբ: Քանի որ 2014-2016թթ. ադրբեջանական ՀԿ-ների ջարդից հետո, ոչ ոք չէր հանդգնելու հայտարարել դրույթներ, որոնք նախկինի հայելանման հակադրությունն են: Նախկին ժողովրդական դիվանագիտական ծրագրերն իրականացվում էին բացառապես միջազգային կազմակերպությունների, արևմտյան երկրների կառավարությունների ու հիմնադրամների օժանդակությամբ ու նախաձեռնությամբ:

գ/ Բաքվի պլատֆորմի հիմնադիր հայ անդամներից ոչ մեկը չի ներկայացնում Հայաստանի հասարակական սեկտորը, տարբեր հանգամանքների բերումով նրանք ՀՀ քաղաքացիներ չեն: Այն, որ կազմակերպիչների համար էական չէ, թե որ երկրներում են ապրում և որ երկրների քաղաքացիներ են պլատֆորմին անդամագրվելու համաձայնություն տված (հետևաբար` ադրբեջանական պայմաններն անվերապահորեն ընդունող) հայերը, վկայում է, որ խնդիրը ոչ թե հայերի և ադրբեջանցիների միջև վստահության մթնոլորտի ստեղծումն է, այլ հակառակը, տպավորություն ստեղծելը, թե հայկական հասարակության մի ստվար հատված ընդունում է ադրբեջանական պայմանները և պատրաստ է կապիտուլյացիայի:

դ/ Բաքվի պլատֆորմի ադրբեջանական տեղեկատվական ուղեկցությամբ փորձ է արվում խեղաթյուրել իրական պատկերը` կապված ադրբեջանցիների հետ տասնյակ տարիներ համագործակցող հայկական կազմակերպությունների նկատմամբ թե՛ հանրային, թե՛ պաշտոնական վերաբերմունքի հետ: Ներկայացվում է՝ իբրև թե հայաստանցիների ու ղարաբաղցիների բացասական կամ երգիծական վերաբերմունքն այս գործընթացի նկատմամբ բխում է ոչ թե վերը նշված մի շարք հանգամանքներից, այլ իրենց իշխանությունների կողմից կիրառվող ճնշումներից: Այլ խոսքերով՝ տեղեկատվական հարթակներում փորձ է արվում «ադրբեջանականացնել» (այսինքն ծայրահեղ անհանդուրժող ներկայացնել) հայկական հասարակության վերաբերմունքն իրենց այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնք թեկուզև ոչ հեռավոր ապագայում կփորձեն նորից հաստատել վստահության մթնոլորտ հակամարտ հասարակությունների միջև:

ե/ Բաքվի պլատֆորմը Հայաստանին և ԼՂՀ-ին ուղղված շանտաժ է, ապագա պատերազմական գործողությունն արդարացնելու մի գործիք, քանի որ Ադրբեջանն ամեն կերպ խափանում է ռազմաճակատում կայունության պահպանման համար արվող առաջարկությունները:  

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

 Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 



[1] Идемте не на митинг, а на войну! http://haqqin.az/news/67499, Митинг в Баку Карабах наш! Qarabag bizimdir bizim olacag! Azerbaycan Baku 7.04.2016, https://www.youtube.com/watch?v=tXCi59gKg_Yб, "Да здравствует Азербайджан!" - звучит на улицах Баку https://ru.sputnik.az/video/20160406/404499648.html, Молодежь Азербайджана проводит в Баку и других городах митинги в поддержку азербайджанской армии - ФОТО, ВИДЕО http://regionplus.az/posts/view/79326

[2] 2017թ. հունվարին տեղեկացվեց, որ Ի. Ալիևը որոշում է կայացրել Ջեբրաիլի շրջանի Ջոջուղ Մարջանլի գյուղը վերականգնելու և այն առաջին պատերազմի տարիներին բռնի տեղահանվածներով  բնակեցնելու մասին: Սա ներկայացվեց որպես ուղերձ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային կազմակերպություններին և երկրներին, և գլխավորը` հայկական կողմին, «որը ժամանակավոր գրավել է մեր հողերը», (http://www.trend.az/azerbaijan/politics/2714530.html): 

[3] Մենք պետք է խնդրե՞նք, աղաչե՞նք, որ Ադրբեջանը բանակցի մեզ հետ. այդ բանակցություններն անիմաստ են. Քաղաքագետ, http://armlur.am/528208/, Ի՞նչ պայմանով կարելի է սկսել բանակցություններն Ադրբեջանի հետ, http://lurer.com/?p=219693&l=am

[4] 2013թ. մայիսի  18-ին փորձ արվեց պաշտոնապես արգելել Ադրբեջանի քաղաքացիների շփումները հայ գործընկերների հետ: Հայտնի դարձավ Ադրբեջանի Միլի Մեջլիսի երկու պատգամավորների օրենսդրական նախաձեռնության մասին («Օրենք Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին»), որի համաձայն քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին հայերի հետ որևէ համագործակցության գնացող Ադրբեջանի քաղաքացիները: Բացառություն պետք է կազմեին միայն պաշտոնական դեմքերը, որոնք հայերի հետ հանդիպում են Ղարաբաղյան կարգավորման շրջանակներում: Ընդամենը երկու օր անց հայտարարությամբ հանդես եկավ ադրբեջանական խորհրդարանի մամուլի ծառայությունը, որը հերքեց այդ օրինագիծն ընդունելու մտադրությունը: Ի՞նչը ստիպեց հետ կանգնել այդ քայլից, միանշանակ պատասխանել հնարավոր չէ:

[5] ЭКСКЛЮЗИВНОЕ интервью с Джамилем Гасанлы, http://minval.az/news/17080

[6] В Баку состоялась презентация документального фильма "Эривань – сокрытая истина", https://www.youtube.com/watch?v=2DJarompSMU 

[7] Նրանցից մեկը դեռևս 2015թ. սեպտեմբերին ընտանիքով Բաքու էր մեկնել և խնդրել քաղաքական ապաստան, երկրորդ անձնավորությունը հայտնվել էր Բաքվում դարձյալ տարօրինակ պայմաններում, առանց անձնագրի Հ. Ալիևին բողոքելու Հայաստանում իր նկատմամբ կատարված անարդարություններից: Ներկայացել էր որպես լրագրող, ում հայաստանյան մեդիա ոլորտում ոչ ոք որպես այդպիսին նախկինում չի էլ ճանաչել: Երրորդ անձնավորությունը, ով ավելի հայտնի է հայաստանյան հանրությանն իր էպատաժային գործողություններով ու հայտարարություններով և 90-ական թվականներից բնակվում է Շվեդիայում և այդ երկրի քաղաքացի է, դրանից մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերին, փորձել էր Եվրոպայից մուտք գործել Ադրբեջան: Նրան մեկ օր Բաքվի օդանավակայանի անվտանգության գոտում պահելուց հետո դուրս հրավիրեցին երկրից՝ այդպես էլ չտալով մուտքի թույլտվություն: Թեև, ինչպես ինքն էր հայտարարել, մեկնել էր Բաքու՝ խոնարհվելու Խոջալուի զոհերի հուշարձանի առջև: 

[8] Նախորդ տարվա դեկտեմբերից սկսած ադրբեջանական մամուլը, հատկապես haqqin.az կայքը, որտեղ աշխատանքի էին անցել Պլատֆորմի երեք հիմնադիր հայերից երկուսը, պարբերաբար հայտարարում են տարբեր երկրներում ներկայումս բնակվող հայերի՝ իրենց շարքերն անցնելու պատրաստակամության մասին: Որպես կանոն այդ անձինք հետո հերքում են տեղեկատվությունը:

[9] Томас де Ваал поддержал приезд армян в Баку, http://haqqin.az/news/88636

[10]Բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալ. Բաքվի պլատֆորմով առաջարկում են վերադառնալ 1988թ. ելման դիրքեր, http://hetq.am/arm/news/74586/britanaci-lragrox-tomas-de-vaal-baqvi-platformov-arajarkum-en-veradarnal-1988t-elman-dirqer.html/

[11] Глава офиса ЕС в Азербайджане выразила отношение аресту армянского члена Бакинской миротворческой платформы, http://www.trend.az/azerbaijan/politics/2698319.html

[12] Глава миссии ЕС опровергла приписываемые ей слова, http://contact.az/search/document.php?id=83977&vr=ru#.WIy-gdKLQ1g

[13] Որպես կանոն հենց այս գործչի ծավալուն ծրագրային հոդվածներով են նախանշվում քարոզչական բնույթի այս կամ այն թեքումները: Օրինակ, երկու տարի առաջ Ադրբեջանում մարդու իրավունքների ծավալուն ոտնահարումների, քաղաքացիական հասարակության առավել հայտնի ներկայացուցիչների նկատմամբ բռնարարքների համար իշխանությունների նկատմամբ ԱՄՆ տարբեր ատյաններից հնչող քննադատության, հրապարակային և ետնաբեմային ճնշումների փուլում Ռ. Մեհթիևը հանդես եկավ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների վատթարացման փուլը նախանշող՝ դարձյալ ծավալուն հոդվածով, որի դրույթները նույնպես այնուհետ շրջանառվում էին տարբեր ԶԼՄ-ների՝ այդ թեմայով նյութերում (http://www.1news.az/chronicle/20141203110515850.html):

[14]Армяно-азербайджанский Нагорно-Карабахский конфликт в контексте гражданского общества Армении, http://www.1news.az/authors/oped/20161130124721754.html, Армяно-азербайджанский нагорно-карабахский конфликт в контексте гражданского общества Армении http://news.day.az/politics/845575.html,  «Уповая на душевность армян, на то, что они будут благодарны, Азербайджан в мае 1918 года уступил им город Иреван» https://azeri.today/articles/1618/, Армяно-азербайджанский, нагорно-карабахский конфликт в контексте гражданского общества Армении Рамиз Мехтиев, руководитель Администрации Президента Азербайджана, академик Национальной Академии наук http://azertag.az/store/files/%D0%A0%D0%B0%D0%BC%D0%B8%D0%B7%20%D0%9C%D0%B5%D1%85%D1%82%D0%B8%D0%B5%D0%B2%20%D1%81%D1%82%D0%B0%D1%82%D1%8C%D1%8F.pdf и т.д.

[15] Секретное досье Лейлы и Арифа Юнусовых (фотофакты) Часть первая,  http://haqqin.az/news/21826

[16] Азай Гулиев: «Мы станем свидетелями еще большей поддержки «Платформы для мира между Арменией и Азербайджаном», http://ru.apa.az/print/331228

[17] Бакинская миротворческая платформа - последний шанс для Армении, http://news.day.az/politics/852690.html

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter