Սահմանամերձ Խաչիկից մինչեւ Սանկտ-Պետերբուրգ
Մարինե Խաչատրյան
Մոտ մեկ տարի առաջ երիտասարդ արվեստագետների մասին ռեպորտաժ էի պատրաստել, որոնց համար Պուշկին 2 փողոցի կիսաքանդ, վթարային վիճակում գտնվող շենքի բնակարանները դարձել էին արվեստանոցներ: Երիտասարդ արվեստագետներ Հարությունն ու Սմբատը (նյութիս հերոսները) երեք ամիս ստեղծագործում էին այդ բնակարաններից մեկում, որտեղ այնքան ջերմություն կար, որ չէիր էլ ուզում մտածել, թե հարյուրամյա պատմություն ունեցող շենքը ենթակա է քանդման եւ ամեն պահի դա կարող են իրագործել։
Բարձր առաստաղով փոքրիկ արվեստանոցը ներծծված էր ներկերի հոտով։ Սենյակի անկյունում դրված էր գրքերից պատրաստված սեղանը, որի վերեւում կախված էր մակարոններից հավաքված ջահը: Ցրտից պաշտպանվելու միակ միջոցը վառարանն էր, որի կողքին անպակաս էին փայտը, կարտոֆիլն ու աղը: Տղաների սիրելի ուտեստն արդեն պարզ է, չէ՞:
Արվեստանոցի մյուս անկյունն արդեն տղաների աշխատավայրն էր: Դա արվեստանոցի միակ հատվածն էր, ուր օրինակելի կարգ էր պահպանվում: Մատիտները, վրձինները կանոնավոր դասավորված էին դարակներում: Իհարկե, այս արվեստանոցն ամենահաջողը չէր, բայց երիտասարդները չէին դժգոհում:
| Պուշկին 2 փողոցի արվեստանոցը / Նարեկ Ալեքսանյան | |
Վերջերս կապ հաստատեցի Սմբատի հետ: Առաջին բանը, որ ասաց.
- Ես արդեն վեց ամիս է` Հայաստանում չեմ ու դեռ վեց տարի էլ չեմ գալու: Պետերբուրգում եմ, ընդունվել եմ ակադեմիա, սովորում եմ:
- Լա՞վ ես քեզ զգում (սկզբում զարմացած էի, չգիտեի, թե ինչ ասել):
- Շատ լավ եմ, հասա ուզածիս:
Սմբատ Մանուկյանը սահմանամերձ Խաչիկ գյուղից է: Գյուղում զբաղվում էր նկարչությամբ եւ գորգագործությամբ: Եղեգնաձորում է պարապել, իսկ հետո, ինչպես ինքն է պատմում՝ «Դասատուս բերեց հասցրեց Թերլեմեզյան»: Ուսումը շարունակել է Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայում, մեկ տարի սովորել քանդակագործություն, որն էլ կիսատ թողնելով՝ մեկնել է: Ծակ գրպանով, միայն ունենալով Երեւան-Պետերբուրգ ավտոբուսի տոմս՝ երիտասարդը հասավ Ռեպինի անվան ակադեմիա:
Շարունակելով զրույցը՝ ոգեւորված պատմում է.
- Ամենահաճելի պահը, երբ ավտոբուսից իջա, չգիտեի՝ ա՞ջ գնամ, թե՞ ձախ: Աշխարհի ամենալավ զգացողությունն ա, փորձի անպայման: Ճիշտ եմ ասում, չես պատկերացնի, թե ինչ ադրենալին է:
- Բայց ո՞նց որոշեցիր գնալ: Ինչքան հիշում եմ՝ միտք չունեիր:
- Միտք ունեի, բայց որպես երազանք էի նայում դրան, էն որ երազում ես` ի՜նչ լավ կլիներ: Բայց մի օր արթնացա, գնացի ակադեմիա հեռացումի դիմում գրեցի, Թերլեմեզյանի դիպլոմս վերցրեցի ու ճամփա ընկա: Հիմա ե'ւ աշխատում եմ, ե'ւ սովորում, որ վարձիս փողը հասցնեմ հավաքել: Ինձ համար կարեւորը արվեստը ճանաչելն է, նոր մնացյալ ամեն ինչը: Փնտրտուքների մեջ եմ, նոր բաներ եմ ուզում բացահայտել... Որ էս կողմ գալու լինես, իմացի, որ էստեղ եմ… Լսի, ես էսքան բախտավոր կյանքում չէի եղել: Շատ խոսեցի, դու քեզնից պատմի:
- Իմ մասին մեկ ուրիշ օր կխոսենք:
Դեմ չէր ու շարունակեց պատմությունը:
- Գիտես չէ` էստեղ որ սովորում եմ, զգում եմ, որ Հայաստանում ժամանակս ուղղակի կորցրել եմ: Առավոտյան ժամը իննից մինչեւ երեկոյան ութն անց կես դասի եմ: Իսկ Հայաստանում 12-ին վերջացնում էինք, ժամը երկուսին էլ պիտի լքեիր ակադեմիան: Բայց հետ չեմ նայում, որ տեսնեմ՝ ինչ եմ թողել, ինչի եմ հասել: Պետք է միայն առաջ նայել: Հայաստանում կարծում են, որ մենակ նկուղներում պետք է արվեստագետը աշխատի ու վերջ: Էդտեղ սահմանափակված էինք, իսկ էստեղ ամեն ինչի հնարավորություն տալիս են: Բայց մենք երիտասարդներով շատ բան կարող ենք անել մեր երկրի համար: Չասես, թե սկսել եմ բողոքել, ուղղակի հարմարվելն ինքնասպանության նման բան է:
- Դե, դու էլ չհարմարվեցիր ու գնացիր:
- Հա, բայց սովորելու եմ ու հետ գամ, որ երկրիս համար մի բան կարողանամ անել: Բայց էստեղից հետո մյուս կանգառը կլինի Նյու Յորքն ու Հռոմը:
- Իսկ Ձեզ ինչպե՞ս ընդունեցին օտար միջավայրում:
- Էնքան ենք ռեկտորի մոտ եղել, խնդրել, որ հիմա անգիր մեզ գիտի, դեկանի հետ էլ արդեն ընկերացել ենք (ծիծաղում է): Լսի, բա քո դասերից ի՞նչ կա, էլի գործերո՞վ ես:
Չեմ հասցնում պատասխանել, շարունակում է.
- Գործերս քեզ ցո՞ւյց եմ տվել: Սարքեցի, որ կարողանամ ուսմանս փողը տամ: Աղբից սենց տեսք ստացան: Մարտին էլ ցուցահանդես ունեմ Մոսկվայում, հրավիրում եմ:
![]() |
![]() |
Սմբատը հավաստիացնում է, որ նույնիսկ ոչ պիտանի իրերից կարողանում է արձաններ կերտել: Համակարգչից այն կողմ՝ փայլում էր ուրախությունից ու երջանկությունից: Նրա աչքերն ու ձեռքերը դարձել են աշխատանքային գործընկերներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել