Սպորտային սենյակն ինձ նորից հիշեցրեց ամենադեմոկրատ բանտապետին
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Ես իմ բանտային նամակ-հոդվածներում աշխատում եմ չտխրեցնել ընթերցողին, անգամ այս փակի տակ տեսնում եմ լուսավորը, դրականը ու գրում դրա մասին՝ օբյեկտիվ ներկայացնելով իրականությունը:
... Հոլիվուդյան ֆիլմերում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են ամերիկյան բանտերում դատապարտյալները մարզվում` բասկետբոլ կամ ֆուտբոլ են խաղում, ծանրաձող բարձրացնում: Սովետական ֆիլմերում անձամբ ես նման բան չեմ տեսել, ոչ էլ սիբիրյան գաղութներով անցած տարեց դատապարտյալներից լսել:
«Նուբարաշեն» կլոր բանտը, որտեղ արդեն 21-րդ տարին եմ, ներծծված է սովետական ոգով և շնչով, ավելին` խորհրդային բանտի մարմնացումն է… բայց ա՛յ քեզ զարմանք. 4-րդ հարկում մի քանի ամիս է՝ բացվել է սպորտային սենյակ: Կազմված է այցելությունների գրաֆիկ` շաբաթը մեկ անգամ, մեկ ժամով: Խցակցիս հետ միասին մտնում ենք սպորտ սենյակ: Իդիալական մաքրություն, մի պատը գրեթե ամբողջությամբ հայելապատ է, ինչի շնորհիվ ստացվել է սենյակի մեծության էֆեկտը:
Կա երկու ծանրաձող, որից մեկը համապատասխան սարքավորման վրա է, որ պառկած դիրքում հնարավոր լինի բարձրացնել: Կա երկու կշռաքար` ծանրության կարգավորման հնարավորությամբ: Պատին ամրացված է աստիճան, որի վրա հարմարացված է ձող` ձգումներ կատարելու համար: Հեծանիվ էլ կա, որը մոտեցնում ենք լուսամուտին, վրան նստելով` քշում-գնում ենք դեպի երանելի ազատություն… Հենց սպորտային սենյակի մեջ կա սանհանգույց, որտեղ տեղադրված է նաև ցնցուղ: Ճիշտ է, այն առայժմ չի աշխատում, բայց կարծում եմ, հարցը կկարգավորվի: Եվ այսպես՝ շաբաթական մեկ անգամ կարողանում ենք մարզվել, ինչը շատ կարևոր է, քանի որ խցային պայմաններում շարժվելու հնարավորությունը խիստ սահմանափակ է՝ 8 քայլ առաջ, 8 քայլ հետ: Հուսով եմ, որ սպորտային սենյակը կգործի անխափան:
Ցմահների բաժնում` 5-րդ հարկում, նման սպորտային սենյակ-խուց կար նաև տարիներ առաջ`դեռ 2005թ-ին: Այդ մտահաղացման հեղինակն իմ ճանաչած ամենադեմոկրատ և առաջադեմ հայացքներով բանտապետն էր` Արամ Սերգեյի Սարգսյանը: Նա, կիրառելով օրենսդրորեն թույլատրվող հնարավորությունները, նաև բոլոր ցմահականներին թույլատրում էր ավելի հաճախ երկարատև տեսակցություններ ունենալ հարազատների հետ: Ավելին` թույլատրել էր խցերում ունենալ համակարգիչներ, բնականաբար առանց ինտերնետի: Թույլատրել էր խցերում ակվարիումով ձկներ պահել: Կազմակերպում էր անգլերենի պարապմուքներ, դասավանդում էր Արսեն Արծրունին:
Բանտապետ Արամ Սարգսյանը չէր խուսափում նաև լրագրողների հետ հանդիպել, հարցազրույցներ տալ, նաև թույլատրում էր, որպեսզի լրագրողները մտնեն բանտարկյալների խցեր, հարցազրույցներ ունենան ցմահ ազատազրկվածների հետ: Այն ժամանակ, հիշում եմ, լրագրող Ջուլիետա Ամիրխանյանը մի քանի հարցազրույց անցկացրեց ցմահ բանտարկյալների հետ:
Արդյունքում Արամ Սարգսյանը հասել էր մի մակարդակի, որտեղ գրեթե բացառվել էր որևէ լարվածություն, մթնոլորտը հանգիստ էր` բանտարկյալները զբաղմունք ունեին, հաճախ հանդիպում էին հարազատների հետ և բարյացակամ էին դարձել թե՛ մեկը մյուսի, թե՛ բանտի աշխատողների նկատմամբ: Անգամ հիշում եմ, որ բանտարկյալների հետ շախմատ էր խաղում: Եթե դիմեինք ընդունելության համար, անպայման ընդունում էր:
Արամ Սերգեյիչն առանձնահատուկ վերաբերմունք ուներ հատկապես ընտանիք ունեցող ցմահականների նկատմամբ` թույլատրում էր առավել հաճախակի հանդիպումներ: Մի խոսքով` բանտապետ լինելու հետ մեկտեղ՝ լավ հոգեբան էր և գերազանց կարողանում էր բանտում անխուսափելիորեն կուտակվող նեգատիվ էներգիան ուղղորդել ճիշտ և արդյունավետ ուղղությամբ` վերածելով այն դրական էներգետիկայի:
Ափսոս, որ համակարգին այն ժամանակ, հավանաբար, «ձեռք չտվեց» նման առաջադեմ հայացքներով մարդը: Նրան շուտով տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ կանանց ու անչափահասների մոտ, հետո էլ անցավ վաստակած թոշակի, հեռուստատեսությամբ տեսա, որ բարձր մակարդակով ճանապարհեցին վաստակած հանգստի, անգամ մեդալ տվեցին: Իհարկե, այս 21 տարվա մեջ հիշողությանս մեջ դրական առումով էլի մի քանի բանտապահներ, ՔԿ համակարգի աշխատակիցներ են մնացել, բայց Արամ Սերգեյիչի արածը իսկական հեղափոխության էր նման:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել