
«Մովսես Գորգիսյանը առաջիններից էր, ով բարձրացրեց կանոնավոր բանակ ստեղծելու գաղափարը»
ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և զինված ուժերի ղեկավար կազմն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մովսես Գորգիսյանի շիրմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անմար կրակի մոտ:
Ազգային հերոսին նվիրված միջոցառումները շարունակվել են «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ կայացած հուշ-ցերեկույթին մասնակցել են Մովսես Գորգիսյանի մարտական ընկերներն ու հարազատները, զինված ուժերի ղեկավար կազմը, պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Խոսելով Մովսես Գորգիսյանի մասին՝ նրա այրի Ռուզաննա Գորգիսյանը մասնավորապես ասել է. «Ես Մովսեսի փառաբանումը ուզում եմ կիսել մեր բոլոր մյուս նահատակների հետ, իմ երկրի հպարտություն հանդիսացող բանակի հետ: Հայոց պետականության համար պայքարին մասնակցած մեր հայորդիները Մովսեսի կերպարի մեջ տեսնում են իրենց կենսագրությունը: Զինված ուժերի զորամասեր մեր կատարած այցերից շատ տպավորված եմ և վստահ եմ՝ ինչ պատերազմ էլ լինի, միևնույն է մենք հաղթելու ենք»:
Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Մովսես Գորգիսյանը գաղափարի մարտիկ էր, սակայն նա ոչ միայն գաղափարներ տարածեց, այլ նաև սկսեց դրանք կյանքի կոչել: Մովսես Գորգիսյանը առաջիններից էր, ով բարձրացրեց կանոնավոր բանակ ստեղծելու գաղափարը, և այսօր Մովսեսի գաղափարները պաշտպանում և իրագործում է հայոց բանակի զինվորը: Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակին նվիրված այս միջոցառման մասնակիցների առջև ելույթ ունենալով՝ որպես պաշտպանության նախարար՝ վստահեցնում եմ, որ մեր բանակը կատարում և ցանկացած իրավիճակում պատվով է կատարելու իր առջև դրված խնդիրները և անառիկ է պահելու մեր պետության սահմանները»:
Սեյրան Օհանյանը «Անկախության բանակ» ՀԿ-ի մի խումբ անդամների պարգևատրել է պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով:
Միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել Երգի պետական թատրոնի երգչախմբը և ՊՆ «Զորական» երգի համույթը, ցուցադրվել է Մովսես Գորգիսյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմ:
Մեկնաբանել