Փաստաբանների պալատի խորհրդի անդամ են ընտրվել 12 հոգանոց թիմով քարոզարշավ անցկացրած փաստաբանները
Արաքս Մամուլյան
Փաստաբանների պալատում այսօր ավարտվեց երեկ վաղ առավոտյան մեկնարկած պալատի խորհրդի ընտրությունների արդյունքների ամփոփումը:
Այս մասին «Հետք»-ին ասաց խորհրդի անդամի հավակնորդ Արթուր Գրիգորյանի վստահված անձ Հակոբ Սաֆարյանը:
Ըստ նախնական արդյունքների՝ խորհուրդի կազմում են ընդգրկվել փաստաբաններ Կարապետ Աղաջանյանը, Հրանտ Անանյանը, Մելանյա Առուստամյանը, Սեդրակ Ասատրյան, Սիմոն Բաբայանը, Տիգրան Խուրշուդյանը, Հարություն Հարությունյանը, Նելլի Հարությունյանը, Արայիկ Ղազարյանը, Կարեն Մեժլումյանը, Կարեն Սարդարյանը, Տարոն Սիմոնյանը:
Վերջիններս փատաբանների խորհրդի անդամի հավակնորդների այն 12 անդամներն են, որոնք հայտարարել էին միասնական քարոզարշավ իրականացնելու մասին:

Միասնական քարոզարշավ իրականանցնելու մասին հայտարարել էր փաստաբանների մեկ այլ խումբ ևս՝ Պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի գլխավորությամբ:
Ըստ առաջին խմբի հայտարարության՝ իրենք «ընտրվելու դեպքում նպաստելու են փաստաբանական համայնքի միասնականության ամրապնդմանը, փաստաբանների պալատի ինստիտուցիոնալ հզորացմանը, փաստաբանների իրավունքների պաշտպանությանը, փաստաբանի հեղինակության բարձրացմանը, փաստաբանների պալատի կառավարման և գործունեության թափանցիկությանը, հանրային պաշտպանության ինստիտուտի զարգացմանը»:

Երկրորդ խմբի փաստաբանները, որոնց կազմում էին Լուսինե Սահակյանը, Տիգրան Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը, Գևորգ Գյոզալյանը, Ռուբեն Սահակյանը, Արթուր Գրիգորյանը, Հովհաննես Չամսարյանը, Զորայր Հարությունյանը, Դիանա Գրիգորյանը, Արթուր Մելիքյանը հայտարարությամբ բարձրաձայնել էին այսօր պալատում առկա խնդիրների մասին ու խոստացել ընտրվելու դեպքում քայլեր ձեռնարկել փաստաբանների պալատի ղեկավար մարմինների միջև զսպումների ու հակակշիռների մեխանիզմ ստեղծելու, հնարավորին սեղմ ժամկետում փաստաբանների պալատի աշխատանքի թափանցիկության ապահովման, «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվող խիստ վտանգավոր կարգավորումները կանխելու, փաստաբանների տարեկան անդամավճարի գումարի նվազեցման ուղղությամբ:
Խորհրդի անդամի հավակնորդների մեջ կային նաև այս խմբերից անկախ փաստաբաններ:
Նշենք, որ Փաստաբանների պալատի խորհուրդը ղեկավարում է պալատի նախագահը, բացի նախագահից դրա կազմում ընդգկվում է ևս 12 անդամ: Ըստ կանոնադրության՝ յուրաքանչյուր փաստաբան խորհրդի ընտրության ժամանակ իրավունք ունի ընտրելու խորհրդի անդամի հավակնորդներից 12-ին:
Ինչ վերաբերում է Փաստաբանի օր սահմանելու վերաբերյալ քվերակությանն, ապա պալատի հաշվիչ հանձնաժողովն այդ քվեարկությունը ճանաչել է չկայացված: Պատճառն այն է որ քվերակության դրված օրերից որևէ մեկը բացարձակ մեծամասնություն չի հավաքել:
Երեկ պալատում քվեարկության էր դրված նաև կարգապահական վարույթ նախապատրաստող անձանց ցանկը: Այս քվեարկության արդյունքները հանձնաժողովը դեռևս չի ամփոփել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել