
«Եթե բոլորը բուժվեն, բժիշկ չդառնամ, նկարչուհի կդառնամ»,- Լիլիթ (տեսանյութ)
Լիլիթն իրականում շատ կենսախինդ աղջիկ է. մեծերն են ստիպել նրան հիվանդ զգալ: Նա ամենաշատը տխրում է երբ տեսնում է մայրիկին՝ լացելիս: Երեկ Լիլիթի հազի նոպաները կրկնվել էին, քանի որ սարքը, որով ընդունում էր հանգստացնող դեղը, փչացել էր: Ֆեյսբուքում Լիլիթի էջի ընթերցողներից Աստղիկն այսօր տրամադրեց նմանատիպ սարք, որն էլ տարանք Լիլիթենց տուն: «Երբ ուժեղ ծարավում ես, ո՞նց ես ջուր ուզում. այ էդպես Լիլիթը էս սարքի կարիքն ուներ…»,- ասաց Լիլիթի մայրը՝ Կարինեն, որ կիսատ ուրախացած եւ կիսատ տխրությամբ հետեւում էր փոքրիկին:
Հետքի ընթերցողներից Զառան, ամուսնու՝ Համոյի հետ միասին որոշել էր իրենց տան երկրորդ հեռուստացույցը նվիրել Լիլիթին, որպեսզի մանկական Եվրատեսիլը կարողանա նայել: Հեռուստացույցի ձայնը կարծես շունչ տվեց Լիլիթենց փոքրիկ վագոն-տնակին: Ամենաշատը կարծես թե Լիլիթի տատիկն էր ուրախացել, որ այսուհետ կկարողանա հետեւել լուրերին ու հեռուստասերիալներով կլցնի օրը:
Մեզ հետ խոսելիս՝ Լիլիթը մեկ անկեղծորեն ժպտում էր, մեկ՝ տխրում:
Լիլիթի եղբայրը՝ Բենիկը, երեկ ամբողջ օրը քրոջ նոպայի ժամանակ լաց է եղել: Այսօր նա ժպտում էր, թաքուն ուրախացել էր, որ քույրիկը վեր է կացել տեղերից ու արդեն ազատ շունչ է քաշելու: Եթե Լիլիթն իրեն թույլ չի զգում, նրանք խաղում են միասին՝ իրենց խաղին ներգրավվելով նաեւ մորաքրոջ երեխաներին:
Մեզ մոտ առձեռն 21 հազար դրամ կար, բայց Կարինեն ասաց, որ դեռ այդ գումարի կարիքը չունեն. նոր են թոշակ ստացել: «Այդ գումարն ավելի լավ է փոխանցեք հաշվեհամարին, որպեսզի կարողանանք էս վագոնից ազատվել»,- ավելացրեց նա:
Մեկնաբանել