HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի կունենա Գյուրջիևի երաժշտությունը ներկայացնող ձայնասկավառակի շնորհանդեսը

Դեկտեմբերի 6-ին` ժամը 19-ին, Գաֆեսճեան արվեստի կենտրոնի հատում միջոցառումների սրահում տեղի կունենա Գյուրջիևի անվան ժողնվագարանների անսամբլի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը:

Հայազգի փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց, գրող Գ.Ի.Գյուրջիևի երաժշտությունը ժողովրդական գործիքներով ներկայացնող ձայնասկավառակը թողարկվել է 2011 թվականի հուլիսին` ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն վայելող գերմանական  ECM Records-ի կողմից:

Այս ընկերությունը աշխարհին է ներկայացրել այսօրվա մեծանուն երաժիշտներից շատերին, ինչպես, օրինակ, Արվո Պիարտը, Քեյթ Ջարեթթը,Գիդոն Կրեմերը, Չիկ Քորիեան, Տիգրան Մանսուրյանը, Քիմ Քաշքաշյանը և այլոք:

Գուրջիևյան այս մեղեդիները` նրա Սան Թոմաս Դե Հարթմանի դաշնամուրի համար կատարած գրառումներից ժողովրդական գործիքների համար մշակել է Լևոն Իսկէնեանը։ Ինչպես ինքն է ասում՝ «հաշվի է առնվել յուրաքանչյուր գործի էթնիկ պատկանելիությունը և դրան կապված ձայնային բնաշխարհը, երաժշտական լեզուն ու կատարման ավանդույթները: Արվել է հնարավորն ազգագրական առումով ճշգրիտ մշակումներ կատարելու համար»:

Արդյունքի մասին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ասում է. «Այս գործիքավորման մեջ ինձ գրավեց ծայրահեղ բծախնդիր, մաքուր վերաբերմունքը` առանց ավելորդ «խելոքությունների», «կոմպոզիտորությունների» … ներկայացնելով ճշգրիտ այն Գյուրջիևին, որը իր մեջ կրում է նաև Գյումրու միջավայրին, վարք ու բարքին, հոգեբանությանը բնորոշ տարրեր»:

Գուրջիևյան մեղեդիները նվագում է 2008թ. Լևոն Իսկէնեանի կողմից հիմնված «Գուրջիևի անվան ժողնվագարանների համույթը», որի կազմում նվագում են Հայաստանի մի շարք լավագույն երիտասարդ երաժիշտներ։

Ձայնասկավառակն արժանացել է ջերմ ընդունելության՝ ամբողջ աշխարհում, և միջազգային մամուլի հեղինակավոր անունների (օրինակ` BBC Music Magazine,The Guardian, The Financial times, The Independent, USA National public Radio NPR Music, Mitteldeutsche Zeitung, L’Unita,LA LIBERTÉ,The Wire) խիստ դրական գնահատականին։ Բրիտանական Songlines magazine­ն այն ընդգրկել է աշխարհի 10 լավագույն CD ալբոմների շարքում, Ավստրալիայի պետական ռադիոն սեպտեմբերին այն ճանաչել է շաբաթվա լավագույն ալբոմ։

Գ. Ի. Գյուրջիևը ծնունդով գյումրեցի է, Ավետիք Իսահակյանի, Մերկուրովի ժամանակակիցը։ Գյուրջիևը 20-րդ դարի աշխարհում ամենահայտնի փիլիսոփաներից է: Նա առաջիններից էր, ով Արևելքի մշակույթը ներկայացրեց Արևմուտքին, ինչն էլ մեծ ազդեցություն թողեց Փիթեր Բրուքի, Քեյթ Ջարրեթի, Բեռնարդ Շոուի, Քեթրին Մենսֆիլդի նման մտավորականների վրա։ Տարիների ընթացքում Գուրջիևի գաղափարները լայն ճանաչում են գտել աշխարհում` շնորհիվ նրա ինստիտուտների, որոնք մինչև այսօր գոյություն ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Իսկ իր երաժշտությունն աշխարհին հայտնի դարձավ Թոմաս դե Հարթմանի կողմից գրառված դաշնամուրային վերարտադրմամբ:

Այս ծրագիրը Գուրջիևի ստեղծագործությունները վերադարձնում է իր ակունքներին: Իզուր չէ, որ մամուլի ներկայացուցիչներից շատերն այս նախագիծը բնորոշեցին «Գուրջիևի վերադարձը հայրենիք»:

Ստորև բերվում է մի քանի պատառիկ միջազգային մամուլի անդրադարձից.

«Գյուրջիևը գրել և թելադրել է դաշնամուրային երաժշտության ծավալներ: Լևոն Էսքենյանի «Գյուրջիև» ազգային նվագարանների համույթը» մշակել ու վերականգնել է դրանք Փարիզի սալոններից և վերադարձրել դեպի իրենց արմատները՝ Կովկաս: Դրանք ներկայացնում են իրենց ծագումն ու հենց  իրենց»,- David Honigmann, “Financial Times”

«Գործիքային ձայների համադրությունը և միաժամանակ միմյանցից այդքան տարբեր լինելը ստեղծում է խորը, խորհրդավոր ու սքանչելի հնչյուններ, որոնց հետ կարելի է ներամփոփվել»,-գրել է Phil Johnson, “The Independent”.

«Խորազգաց հայկական երաժշտությունն օրորվող մի վալս է, որ սքանչելիորեն կվայելեր Հայաստանի մասին Ֆելինիի այդպես էլ չնկարահանած ֆիլմին»,- գրել է William Dart, “The New Zealand Herald” 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter