«Երկրաշարժից հետո՝ 28 տարում, քսանից ավել տուն ենք փոխել»
Գայանե Սարգսյան
40 տարի առաջ Երևանից Կիրովական (այժմ` Վանաձոր) գործուղված Սամվելն ապրում է վթարային շենքն ամրացնելու կամ կորցրած բնակարանը ստանալու հույսով
Վանաձորի կենտրոնից հեռու` վարձով բնակարանի բակում դիմավորելով` 68-ամյա Սամվել Սաքոյանն ուղեկցում է տուն: Դեռ մուտքին չհասած` կիսավեր պատերն ու հնամաշ դուռը հուշում են, որ պայմաններն անբավարար են: Ոտքս ներս եմ դնում ու դռան դիմաց՝ կաթոցների տակ դրված տաշտերը շրջանցելով` հասնում հնամաշ թախտին: Տան խոնավությունը զգալի էր` չնայած վառարանը տաքացնում էր:
«Էս պայմաններում ո՞նց կարելի ա ապրել, մի քիչ արևը կպնում ա թե չէ, ամեն տեղից ջուրը թափվում ա: Կողքի սենյակն էլ ա նույն վիճակում»,- հայացքս որսալով` ասում է տանտիրոջ դուստրը՝ Նառան, ու ցույց տալիս կիսավեր տան մյուս հատվածը:

Երեք տարի է` Սաքոյաններն այստեղ են ապրում:
«Սկզբնական շրջանում վարձով էինք մնում, հետո տանտերը տեսավ, որ չենք կարողանում վարձը տալ, ասեց՝ լավ, մնացեք, տանը կնայեք»,- պատմում է Սամվելը:
Թե վերջին 28 տարիների ընթացքում սա վարձակալած որերորդ բնակարանն է, Սամվելը դժվարանում է հիշել: «Քսանից ավել տուն ենք փոխել արդեն»,- նշում է նա ու հատ-հատ թվում այն բոլոր թաղամասերն ու շենքերը, որտեղ ժամանակավորապես ապրել են:

Սամվել Սաքոյանը
Բազում թաղամասի Գրիբոյեդովի 6 շենքի ծայրամասային շքամուտքը, որի 7-րդ հարկում բնակվում էին Սաքոյանները, 1988-ի երկրաշարժի հետևանքով դարձել է բնակության համար ոչ պիտանի: Ու թեև մինչ այժմ շենքի մյուս շքամուտքերում մի քանի ընտանիքներ շարունակում են ապրել, սակայն ծայրամասային շքամուտքն ավիրված է, հիմնական պատերն ու աստիճանները՝ քանդված:
1975թ.-ին Երևանից Կիրովական գործուղված, տրիկոտաժի ֆաբրիկայում որպես արտադրամասի պետ աշխատող Սամվելը երկրաշարժի ժամանակ հայտնվել է փլատակներում: Նրան ծանր վիճակով տեղափոխել են Երևան: Ապաքինվելուց հետո, երբ ընտանիքը վերադարձել է Կիրովական, պարզվել է, որ տանն այլևս ոչինչ չի մնացել:
«Ամեն ինչ թալանել, տարել էին: Միայն դաշնամուրը կարողացանք հանել շենքից: Յոթերորդ հարկից իջեցրել էին չորրորդ հարկ, երևի ծանր էր եղել, հենց աստիճանների մոտ էլ թողել էին»,- պատմում է Նառան, ով այդ ժամանակ ընդամենը 9 տարեկան էր:
Կեցության առաջին կանգառը մի քանի շենք այն կողմ էր:
«Բազում թաղամասում՝ կաթսայատան կողքին տնակներ էին դրել, մենք էլ դրեցինք, սկսեցինք ապրել: Մի 10 տարի ապրեցինք էդտեղ, հետո քաղաքապետարանից ասեցին՝ տարածքն առած ա, ազատեք տարածքը: Դոմիկը հանել տվեցին: Մի ընկեր ունեի, գնացել էր Ամերիկա, ասեց՝ գնացեք մեր տանը մնացեք: Գնացինք, մի քանի տարի էդտեղ մնացինք, հետո տունը ծախեցին ու սկսեցինք տնից տուն տեղափոխվել: Որտեղ գնում էինք, սարքում, սկսում էինք ապրել, ոնց որ թարս, կամ տունն էին ծախում, կամ որոշում էին էդտեղ ապրեն»,- հիշում է ընտանիքի հայրը:
Մինչ ընտանիքը տնից տուն էր տեղափոխվում, ավագ դստեր՝ Լիայի վիճակը վատացել է:
«Բժիշկներն ասացին՝ վախից արյան մեջ սպիտակ գնդիկներն ավելացել են: Մտածեցինք, որ երևի երկրաշարժից վախեցել է»,- պատմում է հայրը:
Աղջկա կյանքը փրկել չի հաջողվել: Ծնողները շարունակել են պայքարել մյուս երկու երեխաների՝ որդու ու դստեր համար:
Վանաձորի քաղաքապետարանը տնակն ազատելուց հետո երկու տարի ժամկետով ամսական 10.000 դրամ է հատկացրել ընտանիքին՝ որպես բնակարանի վարձակալության գումար: Դա, սակայն, 28 տարի շարունակ բնակարանի սպասող Սաքոյաններին չի գոհացրել:

Տարիներ շարունակ նրանք դիմել են Հայաստանի նախագահին, վարչապետին, քաղաքաշինության նախարարություն: Ստացված պատասխանը, սակայն, միշտ նույն է եղել՝ «շենքն ընդգրկված է ամրացման ենթակա թվով 84-րդ կարգի վթարային շենքերի առաջին տասնյակում, սպասեք»:
«Անընդհատ ասում են՝ գնացեք, սպասեք: Սպասենք, մինչև մահանա՞ն»,- բորբոքվում է դուստրն ու մատնացույց անում վատառողջ ծնողներին, որոնցից մեկն առաջին, մյուսը՝ երկրորդ կարգի հաշմանդամություն ունի:
Սամվելի ու դստեր խոսքով` 2011թ.-ին Վանաձոր այցելած վարչապետ Տիգրան Սարգսյանը իրենց խնդրի մասին տեղեկանալով` քաղաքապետ Սամվել Դարբինյանին բանավոր հանձնարարել է ընտանիքին բնակարան հատկացնել:
Սամվելը չի կարողանում պատմել հանձնարարականի հետ կապված հետագա մանրամասները. հերթական դեղահաբն է կուլ տալիս ու հենվում պատին:
«Այդպես էլ չհատկացրեցին: Քանի որ հանձնարարությունը բանավոր է եղել ու գրավոր որևէ փաստաթուղթ չունենք, չենք կարողանում ասել, որ հանձնարարականը չի կատարվել»,- նշում է Նառան:

Սաքոյանները վստահ են՝ այսօր շենքի սեյսմակայունությունն ստուգելու դեպքում այն կհամարվի քանդման ենթակա:
«Այն ժամանակ գրել են՝ երրորդ կարգի: Ոչ մի տեղ նշված չի, որ մեր շենքի առաջին շքամուտքը բնակելի չի, աստիճանները չկան, ոչինչ չկա, թալանված է, անհնար է մտնել այդ շքամուտք ու բարձրանալ: Այ, հիմա որ վերանայվի դա, կհասկանան, որ էդտեղ շենք չկա առհասարակ, որ դա քանդման ենթակա շենք ա, ու դրանից ելնելով` կմտածեն երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու մասին»,- ասում է դուստրը:
«45 տարի առաջ որ եկանք, չէինք պատկերացնում, որ մի օր էս վիճակում կհայտնվենք: Հետո՞ ինչ, որ ուրիշ տեղից ենք եկել: Մտածել ենք՝ գանք, մի օգուտ տանք էս քաղաքին: Տրիկոտաժի աշխատանքի շնորհիվ էս քաղաքն ահագին ոտքի կանգեց: Երկու տարով էինք եկել, բայց չթողեցին գնանք, ասում էին՝ լավ մասնագետ ես, մնա, տնով կապահովենք: Ժամանակին մարդկային մոտեցում է եղել, հիմա չկա»,- ասում է Սամվելի կինը՝ ծնունդով երևանցի Էլմիրան:

Էլմիրա Բայրամյանը
Գյումրիում ծնված, Երևանում ուսում ստացած, բայց կյանքի կեսից ավելին Վանաձորում ապրած Սամվելը քաղաքից հեռանալ չի ուզում, բայց և ավելի ու ավելի քիչ է հավատում, թե հասանելիք 4 սենյականոց բնակարանը երբևէ կստանա:
Վանաձորում երրորդ կարգի վթարայնության, այն է՝ ամրացման ենթակա է համարվում թվով 84 շենք՝ 3280 բնակարանով: Դրանց մի մասի ու քաղաքի ևս մի քանի շենքերի վթարայնության աստիճանը 88-ի երկրաշարժից ի վեր մի քանի անգամ փոփոխվել է:
28 տարվա ընթացքում գրանցված կարգավիճակի փոփոխությունների ու վթարային համարվող շենքերի հետ կապված հետագա անելիքներին կանդրադառնանք առաջիկայում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել