HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռեկտորն ընդդեմ նախկին դասախոսի և «Հետքի»` դատաքննությունը շարունակվում է

Վանաձորի դատարանը քննում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի հայցն ընդդեմ նույն բուհի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի, երրորդ անձինք ATV հեռուստաընկերության և «Հետք» շաբաթաթերթի` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:

Կողմերի համաձայնությամբ` դատական նիստերն ընթանում են երրորդ անձ ATV հեռուստաընկերության ներկայացուցչի բացակայությամբ:

Պատասխանող Լուսինե Աշուղյանն անդրադարձավ հեռուստաեթերով իր կողմից ասված հետևյալ արտահայտությանը, որ ռեկտորի կողմից որակվել է որպես զրպարտություն. «Նա մրցույթ է հայտարարում մեր ամբիոնի դասախոսի համար, Մելքոնյան Հեղինեին մրցույթով անցկացնում է, եթե նա մեզ հետ պայմանագիր կնքեր մինչև ընտրություն, բնականաբար, մենք կմասնակցեինք, բայց գիտեինք, որ համարվում ենք հիմնական աշխատողներ, ինչպես օրենք է դարձել, չգրված օրենք, և բոլորն էլ գիտեն, որ ինստիտուտում հայտարարություն է տրվում, ապա տրվում է որոշակի մարդու նկատի ունենալով, իսկ եթե որևէ մեկը մրցույթին մասնակցի, բնականաբար, ոչ մի շանս չունի, գիտեն, որ այդ տեղը Մելքոնյան Հեղինեինն է»:

Հիմնավորելով իր այս արտահայտությունը`պատասխանողն ասաց, որ բուհում դասախոսի պաշտոնի համար մրցույթ հայտարարվում է այն դեպքում, երբ լրանում է տվյալ դասախոսի ընտրման ժամկետը: Սովորաբար այդ թափուր տեղի համար դիմում է նույն դասախոսը և մրցույթով վերընտրվում: Ըստ նրա` դրանում կարելի է համոզվել` նայելով թափուր պաշտոնների հայտատուների ցուցակներն ու մրցույթով ընտրված դասախոսների անձնական գործերը. չնչին բացառություններով`յուրաքանչյուր թափուր տեղի համար մեկ դիմում է լինում:

Կարծիք հայտնելով, որ բուհում մրցույթ հայտարարելիս նկատի են ունենում որոշակի մարդու, պատասխանողը նախ բերեց իր օրինակը: 2009 թվականին իր աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այն երկարաձգվել է համաձայնագրով: Այդ տեղի համար բուհը նոր մրցույթ չի հայտարարել` պատճառաբանելով դասաժամերի պակասը:

«Մինչդեռ մի քանի ամիս անց մրցույթ են հայտարարել և մրցույթով անցկացրել իմ կարգավիճակով, այսինքն` չպաշտպանած, բայց մասնագիտական մինիմում հանձնած դասախոսի` Մելքոնյան Հեղինեին: Իսկ մի քանի ամիս անց նոր մրցույթ են հայտարարել և մրցույթով անցկացրել մի մարդու, որն ընդհանրապես բուհում չի աշխատել: Եթե ժամեր չկային, այդ ժամերը որտեղի±ց ծլեցին: Ընդհանրապես հայտարարություն տրվում է այն դեպքում, երբ տվյալ ամբիոնում 5 տարվա կտրվածքով թափուր ժամեր են լինում»,-ասաց Լուսինե Աշուղյանը:

Նա նշեց, որ նույն` դասաժամ չլինելու պատճառաբանությամբ է ազատվել աշխատանքից: Իր պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ մրցույթ չհայտարարելու համար էլ բուհը նույն այդ պատճառաբանությունն է բերել: Լուսինե Աշուղյանը դատարանին հանձնեց աշխատանքից ազատման հրամանի դեմ իր հայցադիմումին ի պատասխան` բուհի առարկությունը` նշված պատճառաբանությամբ:

«Հաստիքացուցակը ներկայացվում է ապրիլ-մայիս ամիսներին: Եթե իմ ժամկետը լրանում էր, բուհի կանոնակարգով` 4 ամիս առաջ պիտի մրցույթ հայտարարվեր, կամ պայմանագիրս վերակնքվեր, կամ էլ ծանուցում տրվեր, որ ժամերի կրճատման պատճառով ազատվում եմ: Նշում են, որ ժամ չի եղել, մրցույթ չեն հայտարարել, սակայն մայիսի 25-ին հայտարարություն է տրվում հայոց լեզվի ամբիոնի դասախոսի թափուր տեղի համար»:

Հայտնելով իր դիրքորոշումը` հայցվորի ներկայացուցիչ Վանո Եղիազարյանն ասաց, որ ռեկտորը որևէ մեկի համար մրցույթ չի հայտարարում կամ մրցույթով չի անցկացնում: Դատարանին ներկայացրեց ՎՊՄԻ-ի գիտական խորհրդի կանոնակարգը` որպես ապացույց, որ մրցույթ անցկացնում է ոչ թե ռեկտորը, այլ բուհի գիտխորհուրդը: Ներկայացրեց նաև 2009 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տպագրված հայտարարությունը ՎՊՄԻ-ի հայոց լեզվի ամբիոնի դասախոսի թափուր պաշտոնի համար` նշելով, որ հայտարարության մեջ որևէ անուն գրված չէ, հետևաբար` Մելքոնյան Հեղինեի համար հատուկ մրցույթ չի հայտարարվել:

Նրան հակադարձելով` Լուսինե Աշուղյանն ասաց, որ «որոշակի մարդու նկատի ունենալ» չի նշանակում անունը գրել, նշանակում է`մտքում ունենալ:

Վերջինս, շարունակելով հիմնավորել իր այն միտքը, որ մրցույթ հայտարարելիս որոշակի մարդու են նկատի ունենում, դատարանին ներկայացրեց 2011 թվականին մանկավարժության ֆակուլտետի դեկանի ընտրություն անցկացնելու մասին հրամանից քաղվածք, որում որպես պայման նշված էր, որ թեկնածուի տարիքը չպետք է գերազանցի կենսաթոշակային տարիքը:

«Մայիսի 25-ին պիտի լիներ Մանկավարժության ֆակուլտետի դեկանի ընտրությունը: Մայիսի 4-ին` ընտրությունից 21 օր առաջ, գիտխորհրդի նիստ են հրավիրում և փոխում են կանոնակարգի այդ դրույթը, որպեսզի կարողանան համապատասխանեցնեն իրենց թեկնածուի տարիքին: Այդ տեղի համար դիմում է միայն մեկ թեկնածու` Շահվերդյան Թերեզան, որը 1945 թվականի ծնունդ է, որի տարիքը անցել էր կենսաթոշակայինի սահմանը»,-փաստաթղթի նշանակությունը բացատրեց Լուսինե Աշուղյանը:

Դատավորն ընդունեց այն` դրա` գործին վերաբերելիության հարցի քննարկումը հետաձգելով մինչև փաստաթղթի հետազոտումը:

Սրա հետ կապված` Լուսինե Աշուղյանը փաստարկեց նաև 2009-10թթ. ֆիզիկայի ամբիոնի վարիչի ընտրությունը: Ժամկետը լրանալու կապակացությամբ հայտարարություն էր տրվել նշված ամբիոնի վարիչի թափուր տեղի համար: Դիմել էին նախկին ամբիոնի վարիչ Վիլիկ Սարգսյանը և Սմբատ Փարսադանյանը: Նախկին ամբիոնի վարիչի փաստաթղթերը չէին ընդունել` պատճառաբանելով, որ 2 անգամից ավել ընտրվելու իրավունք չունի: Լուսինե Աշուղյանն ընդգծեց, որ նախկին ամբիոնի վարիչի փաստաթղթերը չէին ընդունել` այդ տեղի համար Սմբատ Փարսադանյանին նկատի ունենալով: Այնինչ, նրա ասելով, այդ ժամանակ նշված օրենքն արդեն փոխված էր: Բացի այդ, ըստ նախկին դասախոսի, բուհում շատ կան ամբիոնի վարիչներ, որոնք մի քանի անգամ են ընտրվել:

Անդրադառնալով «Հետքի» հոդվածի իր արտահայտությանը («Սա կանխամտածված, միտումնավոր քայլ էր: Հետևում այն մարդն է կանգնած, որը խիստ շահագրգիռ է, որ Լուսինեն պաշտպանի (նկատի ունի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանին, որը Լուսինե Սարգսյանի գիտական ղեկավարն է-հեղ): Ամեն ինչը վերևից է թելադրված` ղեկավարության կողմից: Պարզապես իրագործել են Լուսինե Սարգսյանն ու նրա մայրը»)` Լուսինե Աշուղյանն ասաց, որ հայցվորը կորցրել է բողոքարկման ժամկետը: Նա հայտարարեց «Հետքի» լրագրողից իրեն հայտնի դարձած տեղեկությունը, որ լրագրողը ռեկտորին տեղեկացրել է հրապարակվելիք հոդվածի մասին:

«Հետքի» լրագրողը չժխտեց, որ հոդվածը տպագրվելու նախորդ օրը ինքը եղել է ռեկտորի մոտ, հրապարակվող նյութի շուրջ զրուցել է նրա հետ, որոշ պարզաբանումներ է ստացել նրանից, բայց քանի որ ռեկտորը չի համաձայնել հարցազրույցը ձայնագրել, լրագրողը հոդվածը հրապարակել է առանց նրա մեկնաբանության: Ինքը ռեկտորին տեղեկացրել է, որ հաջորդ օրը հոդված է տպագրվելու: Լրագրողը հայտնեց նաև, որ ռեկտորի ընդունարանի հեռախոսահամարից են զանգել իր բջջային հեռախոսին և հրավիրել է ռեկտորի մոտ: Անհրաժեշտության դեպքում այդ հեռախոսազանգը կարելի է վերծանել:

Հայցվորի ներկայացուցիչը պնդեց, որ ռեկտորը տեղյակ չի եղել «Հետքի» հրապարակումից: Ինքն է կայքից հանել, տարել այդ հոդվածը ռեկտորին, միասին կարդացել են, քննարկել:

Վանո Եղիազարյանը հայտարարեց, որ ինքն է առաջարկել ռեկտորին դիմել դատարան:

Ավելացրեց նաև, որ ռեկտորը ինտերնետից չի օգտվում, թերթ չի կարդում, ինքն է հիմնականում ամիսը մեկ նայում մամուլը և ներկայացնում նրան: Դատավորի հարցին`մամուլի պատասխանատու կա բուհում, պատասխանեց`կարծեմ կա:

Վանո Եղիազարյանը նաև կարծիք հայտնեց, որ լրատվական միջոցները բամբասանքով են զբաղված, ապա նաև` մտավախություն, որ «կարող են լրատվամիջոցները իրեն դատի տալ»:

Հայցվորի ներկայացուցիչը հայցվորի անունից հանդես եկավ հայտարարությամբ, որ դատավարության ավարտին հնարավոր է` ռեկտորի դրամական փոխհատուցման պահանջը փոխվի:

Լուսինե Աշուղյանը միջնորդեց դատարան հրավիրել ոստիկանությունում իր դեմ սուտ վկայություն տված ՎՊՄԻ-ի դասախոսներ Լուսինե և Լիզա Սարգսյաններին և վերջինիս հետ ոստիկանություն գնացած Թերեզա Շահվերդյանին: Կողմերը չառարկեցին:

Մեկնաբանություններ (3)

Թլկատինցի
Գրում ենք - ըստ ինձ,ըստ քեզ,ըստ մեզ,եւ ոչ - ըստ իմ,ըստ քո,ըստ մեր...Ի՚նչ սեռական հոլով:Դժբախտաբար այնքան են տարածվել եւ ընդունվել այս ռուսաբանություններն որ այլեւս չեն ճանանչվում որպես այդպիսիք. ցաւօք սրտի...Ըստ ձեզ, սա բառախաղ է լոկ. ըստ մեզ, հայերեն անաղարտ գրելու եւ խոսելու հրամայական, նամանավանդ լրագրության ոլորտում:
ANNA
Ի պատասխան Թլկատենցու` նշեմ, որ 1 ըստ կապ պահանջում է սեռական հոլովով դրված խնդիր, 2 - բոլորովին ռուսերենից չէ վերցված և կարիք չկա, որ դուք նորից փայլեք Ձեր անգրագիտությամբ: բացի այդ` հարգելի' ընթերցող լավ կլինի, որ դուք ուշադրություն դարձնեք նյութի բովանդակությանը, քանի որ այդտեղ արծարծվում է մեր հասարակության համար խիստ ցավոտ հարց: Իսկ դուք ընկել եք բառախաղի հետևից:
Ադրինե Թորոսյան
Չգիտեմ` ով է դիտողություն անողը, և որքանով է տիրապետում հայոց լեզվի տարրական քերականական կանոններին, խորհրդի կարգով միայն ասեմ` կարդացեք հայերենի խոսքի մասերը, կապը` որպես խոսքի մաս և նրա խնդրառությունը, որպեսզի հաջորդ անգամ ավելորդ հայոց լեզվի Ձեր իմացությամբ:Մեկնաբանությունը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter