
ՀՅԴ-ն դպրոցի տնօրենի ինստիտուտն «իրենով է անում»
Իջեւանի ավագ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը չի կայացել շատ տարօրինակ պայմաններում:
«Հետք»-ն ահազանգ է ստացել այն մասին, որ դպրոցի կառավարման խորհրդի նախագահը եւ երկու անդամներն առանց հիմնավոր պատճառաբանության չեն ներկայացել մրցույթին, արդյունքում՝ մրցույթը չի կայացել, եւ հիմա, ըստ օրենքի, տնօրեն պետք է նշանակի կրթության եւ գիտության նախարար, դաշնակցական Լեւոն Մկրտչյանը:
Նախարարի կուսակցական պատկանելությունն այստեղ մեջբերում եմ ոչ պատահաբար: Իջեւանի ավագ դպրոցի կառավարման խորհրդի անդամներից երկուսը՝ Էմմա Պետրոսյանը եւ Մարիաննա Մարդանյանը, ուղիղ կապ ունեն Հայ Հեղափոխական Դաշնակցության Տավուշի մարզային կառույցի հետ: Նրանք կուսակցական են:
Մրցույթում առաջադրված թեկնածուները երկուսն են՝ Արմեն Խոջայանը, որը 2008 թվականից մինչեւ 2016 թվականը եղել է դպրոցի տնօրենը, եւ Գայանե Էդիլյանը։ Վերջինս կրթության եւ գիտության նախարարի կողմից նշանակվել է տնօրենի պաշտոնակատար, մինչեւ մրցույթը կայանա:
Երկու անգամ՝ փետրվարի 3-ին եւ փետրվարի 10-ին նշանակվել է մրցույթ, սակայն չի կայացել՝ կառավարման խորհրդում նախարարի ներկայացուցիչներ Հասմիկ Ասիրյանի, Էմմա Պետրոսյանի եւ Մարիաննա Մարդանյանի բացակայության պատճառով:
Կառավարման խորհուրդը բաղկացած է 8 հոգուց, եւ քվորում ապահովելու համար պարտադիր է 6 ներկայացուցչի ներկայությունը: Երեք ներկայացուցչի բացակայության պարագայում մրցույթը չի կայացել: Իսկ ըստ կարգի՝ երկու անգամ քվորում չապահովելու դեպքում՝ 10 աշխատանքային օրերի ընթացքում ավագ դպրոցի տնօրեն է նշանակում կրթության եւ գիտության նախարարը:
Մեզ ահազանգած մանկավարժներից մեկն ասաց, որ խոսակցություններ են պտտվում, թե մրցույթը ձախողելու ջանքերը Դաշնակցության մարզային գրասենյակում են որոշվել, որպեսզի նախարար Լեւոն Մկրտչյանը նշանակի իր թեկնածուին՝ Գայանե Էդիլյանին:
ԿԳ նախարարի 2010 թվականի մարտի 18-ի թիվ 113-Ն հրամանի համաձայն՝ դպրոցի կառավարման խորհուրդը կազմվում է 8 անդամից, որոնց առաջադրում են կրթության և գիտության նախարարը, լիազորված մարմինը, մանկավարժական խորհուրդը, ծնողական խորհուրդը: Նախարարության ենթակայության հաստատություններում, նույնը նաեւ՝ ավագ դպրոցներում, կրթության եւ գիտության նախարարն առաջադրում է խորհրդի 3 անդամ:
Հասմիկ Ասիրյանը, Էմմա Պետրոսյանը եւ Մարիաննա Մարդանյանը տարօրինակ զուգադիպությամբ հենց Լեւոն Մկրտչյանի նշանակված անձինք են: Նշանակումը տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերին:
Էմմա Պետրոսյանի հետ զրուցել չհաջողվեց: Մարիաննա Մարդանյանը ՀՅԴ մարզային կառույցի պատասխանատուներից Քաջիկ Մարդանյանի դուստրն է, Իջեւանի թիվ 1 դպրոցի հոգեբանը:
Նա ասաց, որ առաջին բացակայությունը եղել է խիստ զբաղվածության պատճառով, երկրորդը՝ վատառողջ լինելու: «Ես կարծում էի, որ կառավարման խորհրդի մյուս անդամները կներկայանան, քվորում կապահովեն, մրցույթը տեղի կունենա»,-ասաց Մարիաննա Մարդանյանը:
Իջեւանի ավագ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Հասմիկ Ասիրյանն ասաց, որ անկուսակցան է, Դաշնակցության հետ կապ չունի, իսկ մրցույթներին չի մասնակցել այն պատճառով, որ ուղղակի չէր կարող դեմ քվեարկել իր 30 տարվա գործընկերներից որեւէ մեկի թեկնածությանը:
Առաջին անգամ, ըստ իրեն, բացակայել է, քանի որ հիվանդ է եղել, իսկ երկրորդ անգամ հատուկ է բացակայել:
Նա ասաց, թե իրենով չէր պայմանավորված քվորումի բացակայությունը: Դիտարկմանը, որ՝ նաեւ իր բացակայությամբ է պայմանավորված, Ասիրյանը պատասխանեց. «Ոչ միայն իմ»:
Դպրոցի տնօրենի թեկնածու Արմեն Խոջայանը հրաժարվեց մեկնաբանություն տալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Կրթության եւ գիտության նախարարությունում տեղյակ էին, որ Իջեւանի ավագ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը չի կայացել, բայցեւ տեղյակ չէին, որ քվորում չի գրանցվել հենց իր՝ նախարար Մկրտչյանի նշանակված անձանց բացակայության պատճառով:
Նախարարությունից խոստացան իրավիճակին մանրամասն ծանոթանալ եւ մեկնաբանել միայն դրանից հետո:
Մեկնաբանություններ (39)
Մեկնաբանել