Խանջյանը ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները բողոքարկել է վարչական դատարանում
Ամալյա Մարգարյան
ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր Կարեն Ավետիսյանի, տեղի ունեցավ Արսինե Խանջյանն ընդդեմ ոստիկանության գործով դատական նիստը, որի ընթացքում ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ դատարանին խնդրելով կարճել գործի վարույթը, քանի որ այն վարչական դատարանի քննությանն ընդդատյա չէ։
Արսինե Խանջյանը դատարանից խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների՝ հուլիսի 27-ին Խորենացի փողոցից իրեն բերման ենթարկելու ընթացքում կատարված գործողությունները, որոնք խախտել են դերասանուհու արտահայտվելու, ազատության, խախաղ հավաքների մասնակցելու, ազատ տեղաշարժվելու անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքերը, խտրական վերաբերմունքի դրսևորումը, որի ընթացքում Արսինե Խանջյանը ենթարկվել է նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքի։ Հայցվորը դատարանին խնդրել է նաև, որ իր իրավունքերի խախտման համար որպես բարոյական վնասի փոխհատուցում նշանակվի 500.000 դրամ։
Ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը, անդրադառնալով հայցվորի կողմից ներկայացրած հայցադիմումին, հանդես եկավ միջնորդությամբ. «Հայցվորի կողմից ոստիկանության գործողությունների ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը ոչ այլ ինչ է, քան ոստիկանության ծառայակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու պահանջ։ Մարդուն ազատությունից ապօրինաբար զրկելը հանցագործություն է։ Հայցվորի ներկայացուցիչները ոստիկանության աշխատակիցներին նաև վերագրում են փաստաբանների գործունեությանը միջամտելը, նույնն է, թե փաստաբանի գործողությանը խոչընդոտելը, որի դեպքում նույնպես գործողությունները կատարած անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության»։
«Եթե գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ, ապա գործողությունների իրավաչափությունը պետք է նախ և առաջ քննվի քրեական վարույթի շրջանակում՝ իրավասու մարմնի կողմից։ Եթե քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշի, որ պաշտոնատար անձանց գործողություններում առկա չեն հանցագործության հատկանիշներ, նոր միայն այդ գործողությունների իրավաչափությունը մեզ ենթակա կլինի ստուգման՝ վարչադատավարական կարգով»։
Հովհաննես Քոչարյանը պնդեց, որ գործի նախնական քննությունը պարտադիր է և դատարանին խնդրեց գործը կարճելու վերաբերյալ որոշում կայացնել։
Հայցվորի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը խնդրեց դատարանին` ժամանակ տրամադրել միջնորդությանը ծանոթանալու և համապատասխան դիրքորոշում ներկայացնելու համար։ Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 28-ին։
Փաստաբան Տիգրան Եգորյանը դատական նիստից հետո ասաց, որ մեծ միջամտություն է իրականացվել ոստիկանության կողմից Արսինե Խանջյանի՝ խաղաղ հավաքներ անցկացնելու և դրանց մասնակցելու իրավունքին, խոսքի ազատության իրավունքին, անձնական անձեռնմխելիության իրավունքին, պաշտպան ունենալու և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքին, անմարդկային իրավունքից զերծ մնալու իրավունքին։ «Այդ բոլոր գործողությունները, որոնց ենթարկվել է Արսինե Խանջյանը, մենք խնդրել ենք ճանաչել ոչ իրավաչափ և տրամադրել բարոյական ոչ նյութական վնասի փոխհատուցում»,-նշեց փաստաբանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել