
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն ու վարկերը. 2016-ի տեղաշարժերը
ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6%: Այս մասին ԿԲ-ն որոշում է կայացրել այսօր։
Հիշեցնենք՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով ԿԲ-ն վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Դրա նվազումը որոշ ժամանակ անց (սովորաբար դա ամիսներ է տևում) հանգեցնում է բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազմանը, ինչը կարող է որոշակիորեն նպաստել տնտեսության աշխուժացմանը։
2013 թվականից մինչև 2014-ի տարեվերջ վերաֆինանսավորման տոկոսադրույքն հիմնականում նվազման միտում է գրանցել։ Սակայն 2014 թվականի տարեվերջին դրամ-դոլար փոխարժեքի զգալի տատանումներից հետո ԿԲ-ն որոշեց բարձրացնել այն։ 2015-ին այն հասավ 10.5%-ի։ Այդ տարվա կեսերից տարբեր որոշումներով այն նվազեցվեց։
2016 թվականին Կենտրոնական բանկը ութ որոշումներով նվազեցրել է այս տոկոսադրույքը՝ 8.75%-ից այն հասցնելով 6.25%-ի։ Վերջին անգամ այն նվազեցնելու որոշում է կայացվել 2016-ի դեկտեմբերի 27-ին։ Այս տարվա ընթացքում սա առաջին որոշումն էր։
Նշված 6%-ը ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ամենացածր ցուցանիշն է՝ առնվազն 2013 թվականից ի վեր։
Նախորդ տարի ՀՀ առևտրային բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքների նվազում գրանցվեց։ Ենթադրվում է՝ սա հենց վերաֆինանսավորման տոկոսադրույքի նեվազեցման արդյունքն է։ ԿԲ-ի հրապարակած վերջին տեղեկագրից (2016թ. հոկտեմբեր) որպես օրինակ առանձնացրել են 1 տարուց ավելի ժամկետով տրվող վարկերի միջին տոկոսադրույքները։ Շեշտենք, որ դրանք միջին տոկոսադրույքներն են, ինչը նշանակում է, որ մի բանկի դեպքում այն կարող է նշվածից ավելի բարձր լինել, մյուսի դեպքում ՝ ցածր։
Այս անգամ էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման հիմքում ԿԲ խորհրդի այն գնահատականն է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: «2017 թ. հունվարին արձանագրվել է 2.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.2%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը մեղմվել է՝ կազմելով 0.6%: Արտաքին հատվածում ձևավորված միտումներն հիմնականում պահպանվել են. համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել են որոշ գնաճային զարգացումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում։ Հաշվի առնելով այդ և այլ գործոններ, ինչպես նաև նախորդ տարվա համեմատ 2017 թ-ին Կառավարության կողմից նախանշված զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար և հնարավոր է գտնել այս անգամ ևս թուլացնել դրամավարկային պայմանները»,- եզրակացրել է ԿԲ-ն։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել