
Երբ Լիլիթն ուրախ է, հիվանդությունը նահանջում է (տեսանյութ)
Սովորականի նման Լիլիթը լռության մեջ պառկած էր թախտին, երբ անակնկալ փուչիկներով, նվերներով ու խաղալիքներով ներս մտան մոտ 15 երիտասարդներ: Նրանք ֆեյսբուքի «Օգնենք հայ մանուկներին» խմբի անդամներն էին: Երիտասարդների մի մասը ուսանող է, մի մասն արդեն աշխատում է եւ որոշել էին իրենց հանգսյտան օրն անցկացնել Լիլիթի հետ:
Լիլիթն արդեն մեկ անգամ դիմավորել էր խմբի մի քանի անդամներին եւ այս անգամ հիշեց նրանցից մեկին` Կարենին: Անշուք վագոն-տնակը մի քանի րոպեում լցվեց խինդ ու ծիծաղով: Լիլիթն արդեն մտերմացել էր բոլորի հետ եւ նրանց հետ խաղում էր նվեր ստացած տիկնիկներով: Նա բոլորի ներկայությամբ ամենամեծ տիկնիկին անվանակոչեց Հասմիկ:
Լիլիթն այսօր հազի նոպաներ չի ունեցել: Նրա օրն այնքան ուրախ ու հագեցած էր, որ հիվանդության մասին մտածելու ժամանակ չուներ: Լիլիթն իր եղբոր` Բենիկի հետ այսօր զարդարեց տոնածառը: Վերջին մի քանի տարիներին նրանց տանը տոնածառ չի եղել, և դա Լիլիթի համար մեծ ուրախություն էր: Հատկապես ոգեւորվեց փուչիկների առատությունից եւ տոնածառի լույսերից:
Մինչ խմբի աղջիկները օգնում էին տոնածառը զարդարել, տղաները փայլերով ու այլ հարդարանքներով գեղեցկացնում էին վագոն-տնակի դեսպեյապատ պատերը: Լիլիթը չէր հոգնել ու իրեն ամենեւին էլ հիվանդ չէր զգում, ընդհակառակը` փորձում էր բոլոր գործերին մասնակից լինել: Երիտասարդներն էլ էին ոգեւորվել եւ կարծես թե Լիլիթի ու Բենիկի հետ մրցում էին տոնածառը զարդարելու գործում:
Մոտ 2 ժամ նրանց տանն անցկացնելուց հետո հրաժեշտ տվեցին միմյանց` Երեւանում հանդիպելու ակնկալիքով: Պայմանավորվեցին, որ այս անգամ Լիլիթն է հյուր գալու երիտասարդներին ու միասին հանրապետության հրապարակի տոնածառի շուրջը պտտվելուց հետո այցելելու են զվարճալի վայրեր:
Բոլորն էլ փաստում էին, որ Լիլիթի մոտ դրական շատ փոփոխություններ են նկատվում: Նախկինում նա ինքնանփոփ ու միշտ տխուր է եղել, իսկ այժմ ժպտում է, խաղում: Սիրում է, երբ իրեն ուշադրության են արժանացնում: Այժմ Լիլիթն է սաստում մայրիկին, որ նա չլացի եւ միշտ ժպտա, ինչպես որ ինքն է անում:
Երիտասարդները Լիլիթի մայրիկին փոխանցեցին նաեւ 100.000 դրամ, որը հավաքել էին խմբի անդամները: Իսկ Լիլիթն ու Բենիկը վերջում նամակներ գրեցին Ձմեռ պապին` հուսալով, որ իրենց ցանկությունները կկատարվեն:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել