Ճապոնիայի դեսպանն ու նախարարը քննարկել են արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության ընդլայնումը
Փետրվարի 15-ին արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին և դեսպանի խորհրդական Կենիչիրո Սասամեին: Նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻ նախարարության և Ճապոնիայի առկա համատեղ ծրագրերի իրականացումն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը:
Դեսպանին ուղղված ողջույնի խոսքում ԱԻ նախարարը շեշտել է, որ Ճապոնիայի հետ համագործակցությունը յուրահատուկ մակարդակում է. Ճապոնիայի կառավարությունը լուրջ ներդրումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության՝ տարբեր բնույթի ճգնաժամերի դեպքում քաղաքացիական դիմակայունության կարողությունների բարձրացման ապահովման հարցում: Հատկապես սերտ է համատեղ աշխատանքը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency (JICA)) հետ, որն իրականացվում է 2007թ.-ից:
Ճապոնիայի հետ համագործակցության շնորհիվ տեխնիկապես վերազինվել են հրշեջ-փրկարարական մասերը, իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի գնահատում և կառավարման պլանավորում, սողանքային աղետի կառավարում, ինչպես նաև՝ Ճապոնիայի հետ համագործակցության տարիների ընթացքում ՀՀ ԱԻՆ բազմաթիվ աշխատակիցներ գործուղվել են Ճապոնիա` վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով։
Կողմերը քննարկել են տարբեր ճգնաժամերի դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դիմակայունության և արձագանքման կարողությունների բարձրացման հնարավորություններն ու արտակարգ իրավիճակներում հանրային իրազեկման ոլորտում համատեղ ծրագրի իրականացումը: Նախարար Տոնոյանը նշել է, որ հայ-ճապոնական համագործակցությունը կարող է հիմք դառնալ նաև տարածաշրջանային համագործակցության ծրագրի մշակման համար: Նախարարն ընդգծել է փորձագետների վերապատրաստման կարևորությունը՝ երկու երկրների փորձի ուսումնասիրության և հետագա գործնական կիրառության նպատակով:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` հանդիպման ավարտին ԱԻ նախարարն ու դեսպան Տագուչին քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման ուղղությունները՝ օրակարգային նոր խնդիրների ներառմամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել