Վաղը կկայանա Ամուլսարի ոսկու ծրագիրը չեղարկելու հարցով դատական նիստ
2015 թվականի ապրիլից ի վեր Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի բազմաթիվ քաղաքացիներ և բնապահպանական հասարակական կազմակերպություններ դատական հայց են ներկայացրել ՀՀ բնապահանության նախարարության, ինչպես նաև ՀՀ կառավարության այլ գերատեսչությունների դեմ՝ վիճարկելով Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվությունների համար հիմք հանդիսացող փաստաթղթերը: Այս մասին տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը` հավելելով, որ փետրվարի 16-ին` ժամը 14։00-ին, Վարչական դատարանում (հասցեն` Գարեգին Նժդեհի 23) կկայանա այդ խնդրով հերթական դատական նիստը։
«Բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիները մասնակցելու են այս նիստին և կոչ են անում ոչ անտարբեր մարդկանց նույնպես միանալ իրենց»,- գրված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։
Դատարանում վիճարկվելու է բնապահպանության նախարարի կողմից հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը և Ամուլսարի շահագործման համար հիմք ծառայող այլ թույլտվությունները: Առանձին պահանջով վիճարկվում է նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից տրված դրական եզրակացության իրավաչափությունը: Դատական նիստից անմիջապես հետո հայցվոր կողմի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին և այլ շահագրգիռ անձանց կներկայացնի դատավարության մանրամասները և իրավական գործընթացի ռազմավարությունը։
«Ամուլսարի ոսկու ծրագիրը ցանկանում է իրականացնել հանքարդյունահանման ոլորտում ընդհանրապես ոչ մի փորձ չունեցող lydian International օֆշորային ընկերությունը։ Բազմաթիվ փորձագետների կարծիքով Ամուլսարի շահագործման դեպքում վտանգվելու են մեր Հայրենիքի քաղցրահամ ջրերի ռազմավարական պաշարները, Սևանա լիճը, հանքային բուժիչ ջրերով հայտնի Ջերմուկ առողջարանային քաղաքն ու Որոտան-Արփա ջրատար թունելը։ Իսկ Գնդեվազ գյուղը ենթարկվելու է անուղղակի տարահանման, քանի որ գյուղից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա նախատեսվում է տաս տարի շարունակ խիստ թունավոր նատրիումի ցիանիդի միջոցով տարեկան վերամշակել 10 միլիոն տոննա հանքաքար»,- գրում է նախաձեռնությունը` նաև կոչ անելով միանալ 28 կազմակերպությունների կողմից Change.org կայքում նախաձեռնած “Stop Mining in Amulsar! Do not finance Lydian International!” միջազգային արշավին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել