Լոռու մարզի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը հասանելի չէ բոլոր լոռեցիներին
Գայանե Սարգսյան
Այսօր Լոռու մարզպետարանի կողմից Վանաձորում կազմակերպված մարզի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի 3-րդ՝ վերջին հանրային քննարկմանը ներկա էին պետական ու հասարարական սեկտորի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ: Ինչպես վստահեցրեց Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը` մարզի զարգացման ռազմավարության ծրագրի նախագիծը նախապես տրամադրվել է ներկաներին, «որպեսզի ծանոթանան և քննարկումը ավելի հետաքրքիր լինի»:
Բաժնի պետը նույնը չէր կարող ասել նաև լրատվամիջոցների մասով, որոնց նախապես չէին տրամադրել նախագիծը:
Մարզի առաջիկա 8 տարիների կարևորագույն ծրագրի նախագիծը մարզպետարանի պաշտոնական կայքում չներկայացնելու մասին հարցին վարչության պետը պատասխանում է. «Մենք մեր նախագիծը որպես այդպիսին նպատակահարմար չգտանք ուղղակի կայքերում տեղադրել, որովհետև դա անընդհատ մշակման փուլում պետք է լինի, բայց հանրային քննարկումների ժամանակ հնարավորինս ներգրավել ենք բոլոր ոլորտների ներկայացուցիչներին: Եթե կլինեն մարդիկ, ովքեր առաջարկություններ կունենան, մենք պատրաստ ենք լսել և քննարկել»:
«Ձեր առաջարկը հաստատ կքննարկվի աշխատանքային խմբի հետ և մարզպետին կներկայացվի առաջարկությունը»,- խոստացավ վարչության պետը, երբ նկատեցինք, որ որևէ առաջարկությամբ հանդես գալու համար մարզի բնակիչները պետք է նախ հնարավորություն ունենային ծանոթանալ նախագծին:

Հասմիկ Մկրտչյան
Այսօր կայացած հանրային քննարկման ընթացքում Հասմիկ Մկրտչյանը նախ ներկայացրեց մարզի ուժեղ ու թույլ կողմերը:
Ըստ նախագծի` մարզի ուժեղ կողմերից է համարվում քաղաքային բնակչության մեծ քանակությունը, խոշոր քաղաքների առկայությունը՝ որպես ծառայությունների մատուցման, կրթության ու առողջապահական կենտրոններ, տրանսպորտային միջոցների ու երթուղիների առկայությունը մարզի բնակչության 95 տոկոսի համար, բեռնաշրջանառության ծավալների շարունակական մեծացումը, շուրջօրյա ջրամատակարարումը, հանքարդյունաբերության աճը, կրթության մատչելիությունը, առողջապահական հաստատությունների հասանելիությունն ու մատչելիությունը, ակտիվ համագործակցությունը ՀԿ-ների, ԶԼՄ-ների, փոքր ու միջին ձեռներեցների ու այլ կառույցների հետ:
Թույլ կողմերի թվում մատնանշվում է մահացության բարձր և ծնելիության ցածր մակարդակը, արտագաղթի բարձր ցուցանիշը, տրանսպորտային միջոցների ու ճանապարհային ենթակառուցվածքների մաշվածությունը, ջրահեռացման համակարգի մաշվածությունը, աղքատության և ծայրահեղ աղքատության բարձր մակարդակը, 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի ցածր մակարդակը, գյուղատնտեսական հողերի մասնատվածությունն ու մեքենայացման ցածր մակարդակը, գյուղական ամբուլատորաների ոչ բավարար պայմանները, անտառահատումները:
Ինչ վերաբերոմ է մարզի առկա հնարավորություններին, պաշտոնյան նշեց. «Դա մեր աշխարհագրական դիրքն է՝ մայրուղիների խաչմերուկում գտնվելը, հանքային ջրային ռեսուրսներ ունենալը, արդյունաբերական ՀՆԱ-ի աճը վերջին երեք տարում, զարգացող ՏՏ ոլորտը, թեթև արդյունաբերության աճը, հանքարդյունաբերության համար բարենպաստ պայմանները, բերրի հողերի մեծ տեսակարար կշիռը, վերականգնվող էներգետիկայի նոր աղբուրները»:
Որպես սպառնալիք դիտարկվել են սողանքները, սեյսմիկ վտանգավոր գոտիկանության մեջ գտնվելը, ներհամայնքային ու միջհամայնքային ճանապարհների ցածր մակարդակը, մրցունակ կրթությամբ երիտասարդների արտագաղթը, որոշ համայնքներում կարողությունների թերի զարգացումն ու ֆինանսական լուրջ խնդիրները:
Ծրագրի նպատակների թվում նախատեսվում է ՀՆԱ-ի ցուցանիշի բարձրացում՝ 63-ից 72 տոկոսի, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների թվի ավելացում՝ 10 տոկոսի չափով, ակտիվ ձեռնարկությունների թվի ավելացում՝ ոչ պակաս, քան 12 տոկոսով, նոր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների թվի ավելացում՝ ոչ պակաս, քան 20 տոկոսով:

Նախատեսվում է նաև թույլ և սահմանամերձ համայնքների զարգացում, գործազրկության մակարդակի իջեցում մինչև 8.8, և աղքատության մակարդակի իջեցում 36.2-ից մինչև 26 տոկոսի չափով:
Նախագծով ութ տարի անց նախատեսում է մարզում ունենալ բազմաճյուղ, զարգացած արդյունաբերություն, արդիականացված գյուղատնտեսություն, զարգացած ՏՏ ոլորտ և զբոսաշրջություն, որոնք և համարվել են մարզի զարգացման գերակա ուղղությունները:
«Առավոտ» հ/կ-ի նախագահ Մարգարիտա Շահվերդյանը, անդրադառնալով մարզի 2014-2017թթ. զարգացման ծրագրին, հետաքրքրվեց ունեցած ձեռքբերումներով ու բացթողումներով:
Որպես բացթողում` Մկրտչյանը նշեց ոչ իրատեսական պլանի մշակումը: «Հիմնականում բացթողումը, խնդիրը է եղել պլանավորման մեջ: Երբ ժամանակն անցնում է, հասկանում ենք, որ իրատեսական պլան չենք մշակել»:
Հարցին՝ ռազմավարական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն ի՞նչ աղբյուրներից եք նախատեսում, բանախոսը պատասխանեց՝ հիմնականում պետբյուջեից:
Զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանն առաջարկեց ռազմավարական ծրագրի կրթական ոլորտի բաղադրիչում ուշադրություն դարձնել կրթության համապատասխանությանը աշխատաշուկայի պահանջներին, ուսումնասիրել, թե մարզի բուհերի առաջարկած մասնագիտություններն այսօր որքանով են հեռանկարային աշխատաշուկայի համար:
Առաջարկ հնչեց ծրագրի մոնիտորինգի աշխատանքներում ներգրավել ՀԿ սեկտորին ու մասնավոր հատվածին ևս:
«Հանքարդյունաբերությունն ու տուրիզմը ինչպե՞ս եք համատեղելու»,- հետաքրքրվեց Կարմիր խաչի Լոռու մարզային ճյուղի գործադիր տնօրեն Վլադիմիր Ղարաջյանը:
«Հանքարդյունաբերությունն ու տուրզմը, այո՛, համատեղում ենք, որովհետև նախատեսում ենք բնապահպանական խնդիրների լուծման ուղիներ ու ճանապարհներ, որ այն չխանգարի մեր տուրիզմի զարգացմանը: Մեր հիմնական խնդիրը դա պետք է լինի: Այո՛, հանքարդյունաբություն, բայց հետևանքների վերացումով, հակառակ դեպքում դա մեր համար խնդիր է»,- պատասխանեց մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ:
Մարզի «վերականգնվող էներգետիկաի ներուժի օգտագործում» տողով զարգացման ծրագրի նախագիծը նախատեսում է «մասնավորապես Դեբեդ գետի և նրա վտակների ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և փոքր հէկերի կառուցում»:
Վլադիմիր Ղարաջյանն առաջարկեց վերանայել այս տողը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոքր հէկերը վնասում են էկոհամակարգերի պահպանմանը:
Անտառագետ Գագիկ Ամիրյանն էլ առաջակեց, հաշվի առնելով հնարավոր կլիմայական փոփոխությունները, ծրագրում ներառել անհրաժեշտ հարմարվողականության միջացառումներ:
«Կլիմայի փոփոխությունը որպես հիմնախնդիր ես չտեսա: Չէ՞ որ դա հաշվի առնելով` մենք պետք է մտածենք նաև հարմարվողականության միջոցառումների իրականացման մասին»:
Առաջիկա օրերի ընթացքում վարչությունում դեռևս կընդունվեն ռազմավարական ծրագրի հետ կապված առաջարկություններ: Փետրվարի վերջին նախատեսվում է ավարտուն տեսքի բերել Լոռու 2017-2025թթ. զարգացման ռազմավարական ծրագիրն ու այն ներկայացնել կառավարության հաստատմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել