HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Հայաստանում անտառների կառավարման հիմնախնդիրներ և դրանցից բխող անօրինականություններ

ՀՀ-ում վերջին տարիների ընթացքում գնալով մեծ թափ են ստանում ապօրին անտառհատումները: Իրականում հայտնի չեն այդ անօրինական գործողությունների իրական ծավալները և դրանց ինտեսիվությունը:

Հիմնախնդիրը բավականին սուր է այն համատեքստում, որ էներգակիրները գնալով թանկանում են, մասնավորապես գազը, և փոխարենը իշխանությունների կողմից ոչ մի այլընտրանք չի առաջարկվում:

Մի քանի բնապահպանական կազմակերպությունների տվյալների համաձայն, ապօրինի հատումների ծավալները մի քանի անգամ գերազանցում են օրինական հատումների ծավալներին:

Փայտանյութի ապօրինի մթերումը և վերամշակումը բավականին բարդ խնդիր է` հեռու գնացող էկոլոգիական և տնտեսական հետևանքներով: Անտառկառավարման համակարգի անկատարությունը և օրենսդրության կիրարկման հետ կապված խնդիրները նպաստում են անտառների հատումներին և դեգրադացիային` կրճատելով կենսաբազմազանությունը, բերելով հողի դեգրադացմանը  և խաթարելով էկոհամակարգերի կայունությունը:

Վերջինս իր բասացական ազդեցությունն է ունենում գյուղական համայքների բնակչության վրա, մանավանդ` չքավոր խմբերի վրա, որոնք գոյատևման խնդիր ունեն և ուղղակի կախված են անտառից:

Ապօրինի հատումները անտառային ոլորտի հիմնախնդրի միայն երևացող կողմն է: Խորը գնացող արմատներով` հասարակության համար անտեսանելի գործընթացները, որոնք բերում են անտառային ոլորտի քայքայմանը և անտառների ոչնչացմանը, ավելի մտահոգիչ են:

Չնայած նրան, որ մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների «աջակցությամբ» ՀՀ-ում իրականացվել են անտառային ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրեր, այնուամենայնիվ, մինչ օրս ՀՀ-ում չի իրականացվել որևէ ընդունելի միջազգային փորձի կիրառմամբ համակարգային գնահատում, որի հիման վրա հնարավոր կլիներ դասեր քաղել  և համարժեք միջոցառումներ իրականացնել ոլորտում անօրինական գործունեությունը և կոռուպցիան նվազեցնելու ուղղությամբ:

Անօրինական գործունեության ձևերը և դրանց պատճառները 

Թեմատիկ ուսումնասիրությունների արդյունքները վկայում են այն մասին, որ գոյություն ունեն 4 ընդհանուր գործոններ, որոնք նպաստում են անօրինական գործունեության ծավալամանը այս ոլորտում.

  1. Իրավական և ոլորտի քաղաքականության հիմքերի անկատարություն:
  2. Օրենսդրության կիրարկման նվազագույն ներուժ/կարողություններ:
  3. Անտառային պաշարների և ապօրինի գործողությունների վերաբերյալ անբավարար տվյալներ և տեղեկատվություն:
  4. Թափանցիկության բացակայություն և կոռուպցիա պետական կառույցներում ու մասնավոր ոլորտում: 

    1.    
    Իրավական և ոլորտի քաղաքականության հիմքերի անկատարություն
  • Համարժեք և համակողմանի քաղաքականության  բացակայություն (որը ներառում է բոլոր համապատասխան կողմերը):
  • Անարդար օրենսդրություն  (օրինակ այն, որ հաշվի չի առնվում տեղական համայնքների և ընդհանրապես` հասարակության կարծիքը, և անտեսում են նրանց իրավունքները):
  • Անտառային օրենսդրություն, որն իրատեսական չէ և անկատար:
  • Հակասություններ և անհամաձայնություններ ռազմավարության և օրենսդրության միջև, որոնցում անտառային օրենսգիրքը  և մյուս իրավական ակտերը հակասության մեջ են այլ ոլորտների օրենսդրության հետ (օրինակ` գյուղատնեսության, հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման և այլն):
  • Շփոթմունք առաջացնող ՀՀ անտառային օրենսգրքի հոդվածներ և գլուխներ, ինչպես նաև ենթաօրենսդրական ակտեր, որոցում ոչ հստակ կանոները բերում են դրանց երկիմաստության` համապատասխան հետևանքներով:
  • Անտառային ոլորտի իրավական դաշտը «կարգավորող» բազմաթիվ օրեսդրական ակտեր, որոնցից որոշները ուղղակի կրկնում են մեկը մյուսին:
  • Օրենսդրության մեջ  անօրինական գործողությունների դեմ ուղղված նախաձեռնությունները բացակայում են կամ շատ թույլ են:
  • Հստակ ձևակերպված չեն սեփականության (մասնավորապես` պետական) իրավունքների և պարտականությունների մասերը: 

Անտառային ոլորտում մի շարք ապօրինի գործողություններ պայմանավորված են անհամարժեք ռազմավարությամբ և օրենսդրությամբ: Անտառային օրենսդրությունը տեխնիկապես ոչ կիրարկելի է, քանի որ այն ներկայացնում է գործունեության ձևեր, ընթացակարգեր  և ինստիտուցիոնալ համաձայանգրեր, որոնց վրա պետությունը և քաղաքացիական հասարակությունը չեն առանձնացնում համարժեք ֆինանսական և մարդկային ռեսուրսներ:

Բացի այդ, ՀՀ անտառային ոլորտի օրենսդրական ակտերը անարդարացի և անկատար են սոցիալական հարաբերություններում, օրինակի համար, երբ նրանք արհամարում են տեղական բնակչության շահերը, մասնավորապես հակասելով ԱՀԽ-ի (Անտառներ-Հոգեբարձուներ-Խորհուրդ) անտառների վկայագրման չափորոշիչներին:

Շատ դեպքերում օրենքները չեն  համաձայնեցվում այլ իրավական ակտերի հետ և չեն քննարկվում հասարակական կառույցների հետ, կամ էլ այդ քննարկումները կրում են զուտ ձևական բնույթ:

Հասարակության մասնակցության մեկուսացումը անտառային ոլորտի իրավական դաշտի կարգավորումից և որոշում կայացնելուց բերելու է սոցիալական, տնտեսական և էկոլոգիական երկարաժամկետ բացասական ազդեցությունների` ներառյալ անօրինական գործողությունների ծավալների ավելացումը:

Անտառային հողահանդակների տիրապետման համակարգը թափանցիկ չէ և նրանում ակնհայտ խտրականություն կա: Այդ իսկ պատճառով, այդպիսի թերությունների շտկումը ապահովելու և օրենքի կիրարկմանը նպաստելու համար հույժ անհրաժեշտ է իրականացնել անտառային քաղաքականության հիմքի և օրենսդրության բարեփոխումներ: 
2.     Պետական անտառային վարչական ապարատի և իրավակիրարկման մարմինների իմպլեմետացիոն կարողությունների  բացակայություն

  • Անտառային օրենսդրության կիրարկման կարողությունների  բացակայություն, ինչպես լիազորված պետական մարմնում, այպես էլ իրավակիրարկման մարմիններում:
  • Պետական կառավարման մարմիններում և նրանց միջև առկա ոչ համարժեք համակարգում:
  • Առկա կարողությունների օգտագործման ուղղությամբ երկարաժամկետ ռազմավարության և առաջնահերթությունների բացակայություն:
  • Չափազանց մեծ հայեցողական լիազորություններ և կոռուպցիա:
  • Վեճերի կարգավորման  մեխանիզմների բացակայություն կամ անարդյունավետություն: 

ՀՀ անտառային օրենսգիրքն իր օրենսդրական ակտերով ուղղակի չի կիրարկվում կամ որոշ դեպքերում անարդյունավետ է կիրարկվում` կապված քաղաքական կամքի բացակայության, թույլ ինստիտուցիոնալ պոտենցիալի և կոռուպցիայի հետ:

Չնայած օրենսդրության կիրարկման գործընթացի բարելավման ընթացքում պետք է ուշադրություն դարձնել տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ գործոնների վրա, սակայն օրենսգիրքը մշակելիս մեծ ազդեցություն է ունեցել այն հանգամանքը, թե ինչ սուբյեկտիվ նկատառումներ են եղել` հաշվի չառնելով անտառային ոլորտում տիրող վիճակը:

Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի կողմից կարգավորող օրենսդրական  ակտերը համարժեք չեն ոլորտի և անտառի առկա վիճակին: Մյուս կողմից, վերլուծության ընթացքում պարզից պարզ երևում է, որ լիազորված պետական մարմինները և իրենց համապատասխան ստորաբաժանումները չունեն անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառուցվածք,  մասնագիտական  կարողություններ, ոլորտի կառավարման համապատասխան որակավորում ստացած ղեկավարներ և չեն տիրապետում բավարար ֆինանսական ռեսուրսների անտառային օրենսդությունը կիրարկելու համար: 

Փորձը ցույց է տալիս, որ երբ պետական կառույցը չի տիրապետում վերը նշված կարողություններին և ռեսուրսներին, այսինքն` թույլ է, այդ դեպքում ապօրինի գործունեություններ ծավալվելու գայթակղության վտանգն էականորեն մեծանում է, քանի որ դրանց հայտնաբերման և պատժելու հավանականությունը նվազում է: 

Ավելին, այս հարցում քաղաքական կամքի բացակայության մասին է խոսում այն փաստը, որ ՀՀ-ի անկախացումից ի վեր մինչ օրս բազմաթիվ անգամ պետական այրերի և մասնագիտական կառույցների կողմից հնչեցվել է այն մտահոգությունը, որ ոլորտը մասնագետների խնդիր ունի, բայց առայսօր բարձրագույն ուսումնական հաստատությունների և անտառային ոլորտում պետական լիազորված մարմնի միջև չկա որևէ համաձայնություն անտառագետի որակավորում ստացած երիտասարդ մասնագետներին աշխատանքով ապահովելու վերաբերյալ: 

3.     Անտառային պաշարների և ապօրինի գործողությունների վերաբերյալ անբավարար տվյալներ և տեղեկատվություն

  • Անտառային պաշարների վիճակի և փոփոխությունների դինամիկայի  վերաբերյալ տեղեկատվության սահմանափակում  (անտառային մոնիտորինգի իրականացման  հետ կապված խնդիրներ):
  • Փոփոխությունների և նրանց հետևանքների վերաբերյալ իմացության սահմանափակում:
  • Առակ տեղեկատվության և իմացության  տարածման և օգտագործման  ընթացիկ թերի/ոչ լիարժեք  գործընթաց: 

Անտառային օրենսդրության կիրարկման և ոլորտի կառավարման հաջող ռազմավարության հիմքում ընկած է անտառային պաշարների և դրանց օգտագորման մասին համապարփակ տեղեկատվության ապահովումը: Վերջին տարիների ընթացքում ՀՀ-ում մշակված և հաստատված  անտառկառավարման պլանները (անտառշինական նախագծեր) և ԲՀՊՏ-ների կառավարման պլանները իրենց անտառգույքագրման տվյալների բազայով և քարտեզներով, մեղմ ասած, չեն արտացոլում մեր անտառների որակական և քանակական ցուցանիշների պատկերը և շատ դեպքերում նրանցում առաջարկվող պլանավորված միջոցառումները, մասնավորապես` հատումները, հակասում են գործող օրենսդրությանը:

Այս լուրջ խնդիրն արդեն իսկ բարձացվել էր «Պետական անտառային մոիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կենտրոնի 2010թ, տարեկան հաշվետվությունում:

Սա նշանակում է, որ մի կողմից անտառկառավարման միավորներում/անտառտնտեսություն-մասնաճյուղերի մակարդակով ուղղակի անիմաստ է խոսել անտառկառավարման/անտառտնտեսվարման մասին, մյուս կողմից էլ անհնարին է դառնում անտառի մոնիտորինգի իրականցումը և, ի վերջո, օրենսդրության կիրարկումը:

Ցավալին այն է, որ բարձրացված ահազանգը ուղղակի անտեսվեց և ավելին`  ոլորտում իմիտացիոն գործընթացները դեռ շարունակվում են: Պետք է նշել նաև, որ օգտվելով իրավիճակից իրավական կարգավիճակ չունեցող անտառտնտեսություն-մասնաճյուղերի միջոցով համապատասխան «խմբերը» իրականացնում է անտառգույքագրման նկարագրերից և քարտեզներից  «թաքցված»  հասուն բարձրարժեք անտառների հատումները, որոնց մասին որոշ դեպքերում գիտեն միայն իրենք` տեղաբնակները: 

Այս համապատկերին գնալով էլ ավելի մեծ ծավալներ են ընդգրկում չհամակարգված ապօրինի հատումները, որոնց վերահսկումը ուղղակի անհար է: Լիազորված պետական մարմինը` ի դեմս ՀՀ կառավարության, հաճախ կայացնում/ընդունում  է չհիմնավորված որոշումներ (օրինակի համար, հատումների տարեկան պլան), չտիրապետելով անտառային պաշարների որակական և քանակական ցուցանիշների վերաբերյալ  համարժեք տեղեկատվությանը: Հետևանքների մասին դատեք ինքներդ… 

Այսպիսով ճշգրիտ տեղեկատվության բացակայությունը դժվարացնում և նույնիսկ անհարին է դարձնում մոնիտորինգի իրականացումը և ապօրինի հատումների մասշտաբների և էվոլուցիայի բացահայտումը:

Այստեղ կարևորվում է առաջավոր փորձի կիրառմամբ նոր մեթոդների ներդրումը, մասնավորապես` հեռահար զոնդավորմամբ մոնիտորինգի իրականացում: 
4.     Թափանցիկության բացակայություն և կոռուպցիա

  • Ինքնակամ որոշումներ կայացնելու և կոռուպցիայի համար պոտենցիալ հնարավորություններ, երբ պետական մարմիններից և մասնավոր ընկերություններից չի պահանջվում իրենց որոշումների հրապարակումը:

Անտառային ոլորտում բազմաթիվ ապօրինի գործողություններ նույնականացվում են կոռուպցիայի հետ: Կոռուպցիան դա բարդ սոցիալական, քաղաքական և տնտեսական երևույթ է: Այն կապված է անձնական ապօրինի օգուտներ ստանալու նպատակով ծառայողական դիրքի չարաշհման հետ:

Չնայած կոռուպցիան ընկալվում է տարբեր ձևերով կախված երկրից, որպես կանոն, այն ներառում է հետևյալ տիպի վարքագծերը. շահերի/հետաքրքրություններ բախում, ուրիշի ունեցվածքի կամ միջոցների ապօրինի ձեռքբերում, խաբեություն, կաշառակերություն, քաղաքական նպատակներով կոռուպցիա, նեպոտիզմ և շորթում: 

Այս հոդվածում կոռուպցիան մեկնաբանվում է որպես գործողություն, որում ներգրավված են պետական պաշտոնատար անձինք և անհատ ձեռներեցներ, որոնք ազդեցություն ունեն պետական և մասնավոր սեփականության վրա և պետական լիազորություններ, որոնք օգտագործվում են անձնական օգուտներ ստանալու նպատակով և որոնք կանխամտածված են և կրում են թաքնված բնույթ: 

ՀՀ-ում անտառային ոլորտի կոռուպցիան ներառում է.

  • Պետական պաշտոնյայի կամ քաղաքական գործչի կաշառում արտոնյալ ռեժիմ ստանալու համար (օրինակ, ծառայությունների ձեռքբերման պայմանագրի կնքում, արտոնյալ պայմաններով վարձակալության պայմանագրի կնքում անտառօգտագործման, մասնավորապես բնափայտի մթերման համար և այլն): 
  • Անտառմթերող կազմակերպությունների պաշտոնատար անձանց հետ  ֆինանսական միջոցների շորթում այն պայմանով, որ արհեստականորեն օրինականացնել ապօրինի գործողությունները (անտառանյութի փոխադրման թույլատվություն, անտառի մթերման լիցենզավորում, անտառային հանդակների օգտագործման համակարգային փոփոխություն, ընդհուպ հողային կատեգորիայի փոփոխություն և այլն): 
  • Պաշտոնական այնպիսի որոշումների ընդունում, որոնք արտահայտում են առանձին խմբերի շահերը (օրինակ, աշխատանքից ազատել այն մասնագետներին, պաշտոնյաններին, որոնք խանգարում են խմբի ապօրինի գործունեությանը, լիազորված մարմնի կամ կառավարության հաստատմանը ներկայացնել այդ խմբերի «լավագույն ցանկությունները¦  օրինականացնող իրավական փաստաթղթեր և այլ):
  •  
  • Անտառկառավարման մարմինների և ստորաբաժանումների, ինչպես նաև անտառտնտեսվարող սուբյեկտների անտառկառավարման և օգտագործման գործողությունները հակասում են  և շեղված են ազգային գործող նորմատիվային ակտերից, բայց անպատժելի են իրենց «հզոր հովանավորի» շնորհիվ:

Պատճառները, որոնք օրեցօր բերում են կոռուպցիայի մասշտաբների ավելացմանը տարբեր են:  Կոռուպցիայի աճին նպաստող գործոնների շարքին կարելի է դասել ա) կառավարության ոչ ճիշտ քաղաքականությունը, բ) ծրագրերը, որոնք վատ են մշակված և վատ են հսկվում,       գ) անարդյունավետ աշխատող հաստատություններ, դ) «զսպումների և հակակշիռների» ոչ համարժեք համակարգ, ե) ուժեղ և կազմակերպված քաղաքացիական հասարակության խմբերի բացակայություն, զ) թույլ և/կամ կոռումպացված քրեական արդարադատության համակարգը, է) պետական ծառայողների աշխատավարձի ոչ համարժեք չափերը, ը) հաշվետու լիելու և թափանցիկության բացակայությունը:

Անտառը իրենցից ներկայացնում են արժեքավոր կենսառեսուրս, որը պետական սեփականություն է հանդիսանում  և գտվում է պետական հսկողության տակ: 

Անտառը հանդիսանում է քաղաքական իշխանության պոտենցիալ կարևորագույն աղբյուր և այն, համապատասխանաբար, կապված է այդ իշխանության չարաշահման բարձր ռիսկի հետ: Անտառային ոլորտի պետական հաստատությունները նորմատիվա-իրավական դաշտում կարող են ենթարկվել գերակշռող ազդեցության` վերափոխվելով որպես իշխող էլիտայի արդյունաբերական ընկերությունների շահերի/հետաքրքրությունների պաշտպանի (հստակ օրինակ կարելի է բերել հանքարդյուաբերման ոլորտից` ՀՀ ԲՆ որպես հանքարդյունաբերողների «պաշտպանի»):

Ստեղծվում և պահպանվում են փոխշահավետ հարաբերություններ կոռումպացված պետական պաշտոնական անձանց և առանձին մասնավոր ընկերությունների միջև`  ամբողջ հասարակության  հաշվին: 

Անտառային պետական կառավարման մարմինների և մյուս հաստատությունների (ինչպիսիք որ ոստիկանությունն և զինված ուժերն են) գործունեության թափանցիկության բացակայությունը, հաշվետու լինելու կառուցվածքի անհստակությունը, բարդ վարչարարական ընթացակարգերը և հասարակության համար հիմնական փաստաթղթերի հասանելիության բացակայությունը հանդիսանում են այն տարրերը, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել ռազմավարությունը մշակելու ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter