Պաշտպանության նախարարը Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևային:
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է նաև հայ-բուլղարական ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը:
Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը: Նշելով, որ Բուլղարիան պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցող առաջին եվրոպական երկրներից է, Վիգեն Սարգսյանն ընդգծել է համագործակցության զարգացման հնարավորությունները մի շարք ոլորտներում և կարևորել մասնավորապես ռազմական ոստիկանության, ռազմական կրթության, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում փորձի փոխանակումը:
Դեսպանն իր հերթին հայտնել է համագործակցության զարգացման բուլղարական կողմի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ համագործակցության արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել