
«Վայոցձորառսպաս» ՓԲԸ-ն կլուծարվի
Կառավարությունը պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի ներկայացրած նախագծի հիման վրա որոշեց լուծարել Եղեգնաձորում գործող «Վայոցձորառսպաս» ՓԲԸ-ն։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին։ Պետական գույքի կառավարման վարչությունում հրապարկված տեղեկատվությամբ՝ «Վայոցձորառսպաս» ՓԲԸ-ն զբաղվում է բնակչության կենցաղային սպասարկմամբ, պարենային և ոչ պարենային ապրանքների մեծածախ, մանրածախ և կոմիսիոն առևտրով, հանրային սննդի կազմակերպմամբ, գովազդով, անշարժ գույքի առքուվաճառքով։ Ընկերությունն ունի 3 մասնաճյուղերեր, երկուսը` Ջերմուկում, մեկը՝ Վայքում։
Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցման է ներկայացվել մեկ անգամ աճուրդով` կառավարության 2013 թվականի որոշմամբ, սակայն մասնավորեցումը չի կայացել՝ գնորդ չլինելու պատճառով:
2014թ.-ին ընկերության տարածքները ներկայացվել են աճուրդով վաճառքի, որոնք նույնպես չեն կայացել, իսկ 2015թ.-ին դրա շենքի հարկերից մեկի տարածքն օտարվել է:
«Վայոցձորառսպաս» ՓԲԸ-ն 2005թ-ից գործունեություն չի ծավալում, ունի մեկ աշխատող` տնօրենը:
«Ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման կամ գույքի տնօրինման (օգտագործման) վերաբերյալ առաջարկներ ստանալու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից բազմիցս էլեկտրոնային կայքում տեղադրվել է հայտարարություն, սակայն հնարավոր ներդրողների կողմից առաջարկ չի ներկայացվել»,- ասվում է նախագծում։
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` կառավարությունը որոշեց «Վայոցձորառսպաս»-ը լուծարել։
Մեկնաբանել