Զբոսաշրջության պետական կոմիտեն ստեղծել է զբոսաշրջային ներդրումային ծրագրերի աշխատանքային խումբ
Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեն ստեղծել է զբոսաշրջային ներդրումային ծրագրերի աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ներկայացուցիչներ տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման, մշակույթի նախարարություններից, ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեից, կենտրոնական բանկից, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամից և Հայաստանի զարգացման հիմնադրամից:
Առաջին հանդիպման ընթացքում զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրել է զբոսաշրջային ծրագրերի փաթեթը: Քննարկվել են ծրագրերի ներդրումային գրավչության ու տնտեսական հավանական արդյունքին առնչվող հարցեր:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում որոշվել է ընտրել շուրջ հինգ առավել գրավիչ և իրատեսական ծրագիր, ներկայացնել դրանք համապատասխան գերատեսչությունների ուսումնասիրությանը, որից հետո կազմել ներդրումային ծրագիր:
Զբոսաշրջային ներդրումային ծրագրերի աշխատանքային խումբ ստեղծելու նպատակներից է քննարկել և առավելագույն ջանքեր գործադրել իրատեսական առաջարկները պոտենցիալ ներդրողներին հասանելի դարձնելու ուղղությամբ: Զարմինե Զեյթունցյանի առաջարկությամբ հանդիպումներն ունենալու են շարունակական բնույթ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել